HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պավել Մանուկյանը դատարանում ասել է՝ Բաղրամյան 26-ից ինչ ասեն, այդպես էլ անելու եք

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի պաշտպանական կողմի՝ առաջին ատյանի դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին որոշման բողոքը։

«Հետք»-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտնեց, որ Մանուկյանը ներկա է գտնվել դատական նիստին և  դատարանում ելույթ ունեցել՝ հիմնավորելով, որ իրենց գործողություններն ինքնանպատակ չեն եղել: «Ասաց՝ երկիրը կատաստրոֆայիառաջ էր կանգնած և իրենք փորձել են դրանով ցույց տալ այն վտանգն ու խնդիրները, որոնք ծառացել են ժողովրդի առջև։ Բնականաբար, Մանուկյանը չի ընդունում, որ հանցագործություն են կատարել, հակառակը՝ հավաստում է, որ փորձել են ապրիլյան պատերազմից հետո ինչ-որ ձևով երկրում իրավական, օրինական կարգ ապահովել»,- նշեց փաստաբանը։

Հ. Բաղդասարյանը վերաքննիչ դատարանում պնդել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական չի եղել, քանի որ Մանուկյանի կալանաքը երկարացնելու հիմքում չկան փաստական ապացույցներ, թե նա ՊՊԾ գնդում կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, միայն նշվել է, որ  մուտք է գործել գունդ, պայմաններ ներկայացրել։

Բաղդասարյանը տարօրինակ է համարեց, որ առաջադրված պայմաններում վարույթ իրականացնող մարմինը նշել է «Սասնա ծռեր»-ի՝ ՔԿՀ-ից որոշակի մարդկանց ազատ արձակելու պահանջը, սակայն չի արձանագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ պահանջը։

Փաստաբանը նաև շեշտեց, որ պետությանը որոշակի գործողություններ պարտադրելը դարձել է քրեական իրավունքի հիմք և դրանով մեղադրանք է առաջադրվել, այնինչ այդ հանգամանքը չի կարող դիտվել որպես հանցագործություն։ Որպես ապացույց նա մեջբերեց Սահամանդրության 2-րդ հոդվածը` ասելով, որ  իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա էլ պետք է թելադրի իր կամքը իշխանությանը։

Հարություն Բաղդասարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը մեկ տարի առաջ կրկին քննել է  Պավլիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը՝ հաստատելով, որ Մանուկյանը  պետք է անազատության մեջ մնա, մինչդեռ հետագայում դատախազությունը վերացրել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը՝ Մանուկյանին ազատ արձակելով։

Փաստաբանը այս հանգամանքը դատավորին հիշեցրել է: «Նման պայմաններում գտնում ենք, որ դատախազությունը դատարանին օգտագործում է իր նպատակների համար, հետո գալիս է ինչ-որ ժամանակ, ստանում է վերաքննիչ դատարանի որոշումը, փորձում է ինքը իր ճանապարհով, օրենքի սահմաններում փոխել խափանման միջոցը։ Դատարանում ասացի՝ հարգելի դատարան, հաշվի առեք, որ նման բան էլ կարող են անել։ Սակայն դատարանը գտավ այլ բան։ Պավլիկ Մանուկյանը դատական նիստին ևս հայտարարեց՝ ինչ որոշում էլ կայացնեք, դա ձերը չէ.  Բաղրամյան 26-ից ինչ ասեն, այդպես էլ անելու եք»,-հավելեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter