HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատախազն ասավ՝ բիձա ջան, կովերի գողությունը չի հայտնաբերվում»

«Թամաշը վառեց խոտս: Էդ իրիկունը մեր հարևան մի մեծ կնիկ էր մահացել, ասի գնամ էնտեղ, գիշերը մնամ: Մեկ էլ տեհա ձեն են տալիս: Գլուխս վեր քաշեցի, պահ, խոտը բոց է տալիս: Ժամը 12-ի շրջակայքում էր: Օձունի հրշեջ մեքենան էլ եկավ, հանգցրեց հրդեհը»,- պատմում է Գառնիկ Շախկուլյանը: Նրա խոտը վառել են գյուղապետի ընտրություններից առաջ։

Գառնիկ Շախկուլյանի տունը Օձունի ծայրամասում է: Վախեցա` բակում շուն լինի: Տան դարպասի մոտից կանչեցի՝ տանտեր, տանտեր: Տան հետնամասից ցածրահասակ, ճաղատ, 80-ին մոտ մի տղամարդ դուրս եկավ: Ասացի՝ Գառնիկ Շախկուլյանին եմ ուզում: «Ես եմ , ներս եկեք»,- ասաց տանտերը:

Տունը անխնամ էր։ Նկատեցի` վատ էր լսում, այդ մասին նաև ինքը զգուշացրեց: Ստիպված էի հետը բարձրաձայն խոսել: Կինը վաղուց է մահացել, միակ տղան տարիներ առաջ էլեկտրահարվել է: Երկու աղջիկները ամուսնացել են հարևան գյուղերում: Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը Գառնիկ Շախկուլյանի մասին մինչ այստեղ գալը ասել էր. «Տարիքով մեծ, իրեն համար գլուխը կախ աշխատող մարդ է»:

Օձունի հոկտեմբերի 2-ի գյուղապետի ընտրությունից 5 օր առաջ` սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը, Գառնիկ Շախկուլյանի այգում կուտակված խոտի դեզը այրել են: Դեզում 120-130 տուկ խոտ է եղել: Վնասը Գառնիկի համար փոքր չէ: Հոկտեմբերի 2-ի ընտրությունից հետո արդեն 16 օր է` Օձունում ընտրական կրքերը հանդարտվել են: Մարդիկ անցել են իրենց գործին: Բայց տարեց միայնակը հանգիստ չի ապրում, նա ցավագին է տանում կատարվածը: Գառնիկը ցույց տվեց հրդեհի հետքերը: Նա վստահ է, որ իր խոտը գյուղապետի թեկնածու Բարսեղ Այվազյանի հարազատներն են վառել՝ մասնավորապես Բարսեղի հորեղբայրը՝ 65-ամյա Սամվել Այվազյանը, ում Օձունում Թամաշ են ասում:

«Թամաշի ախպոր՝ Մաքսիմի տղեն, անունը Պապիկ է, խոտը վառելու օրը` ժամը 5:30-ին, հարձակվել է ինձ վրա: Ընդու հմա, որ Բարսեղ Այվազյանի մասին ասել եմ՝ Բարսեղն ինչու է առաջադրվել գյուղապետի թեկնածու»,- բացատրեց Գառնիկը: Իր ասելով` Գառնիկը գյուղացիներից լսել է, թե Բարսեղի հորեղբայր՝ գազի ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Սարգիս Այվազյանը (մականունը` Քոլի) Արարատ Դավթյանին գործից հանել է, թե գնա գյուղապետի թեկնածուի թղթերդ հանի։ «Խի հանի Արարատ Դավթյանը: Դավթյանները խելոք ազգ են»,- ասել է Գառնիկն ու բարձրաձայն հավաքված գյուղացիներին հարց է տվել, թե Բարսեղ Այվազյանի հայրը՝ «նախկին գյուղապետ հանգուցյալ Մելիք Այվազյանը գեղի հմա ինչ է թողել»: Նախկին գյուղապետի եղբոր՝ Մաքսիմի տղան՝ Պապիկը, լսել է Գառնիկի դժգոհությունը և, ասում է, ավտոն քշել է նրա վրա: Գառնիկն էլ էդ մասին հայտնել է ոստիկանություն: Նույն օրվա գիշերն էլ վառել են խոտը:

Գառնիկի ասելով` գիշերը անմիջապես Թամաշին տարել են ոստիկանություն: Թամաշն ասել է, որ խոտը ինքն է վառել: Ոստիկանությունում Գառնիկ Շախկուլյանն էլ հայտարարություն է տվել, որ խոտը գյուղապետի թեկնածու Բարսեղ Այվազյանի հարազատներն են վառել: Թամաշին մեկ օր ոստիկանությունում պահել, հաջորդ օրը բաց են թողել:

«Եկան ինձ էլ ձայնագրեցին, ես էլ տելեվիզրով ասի՝ էն երկու թեկնածուները լավն են, Բարսեղն իր թեկնածությունն իզուր է դրել: Նրա հերը գյուղի համար ինչ է արել, թե Բարսեղն ինչ անի: Հուշարձանիցը սկսած, հիվանդանոցի անավարտ շենքից սկսած` մեր գեղումը մի բան չկա, չիմ քանդել ա Մելիքը»,- դժգոհեց Գառնիկն ու հիշեց Հայրենական պատերազմի տարիներին Օձունի կոլխոզի նախագահ Վաղարշամ Հախինյանի պատմությունը: Վաղարշամին կռվի տարիներին գյուղսովետի շենք սարքելու համար դատել են: Հիմա այդ շենքը Օձունի գյուղապետարանի կողքի կիսաքանդ շենքն է:

«Երկու քարի համար էն մարդուն դատեցին,  բա հմի գեղը քանդելու հմա խի չեն դատում: Կամ էդքան կովերը Բարսեղին որտեղից է: Մելիքի հերը՝ Այվազանց Վաղինակը չոբան, խելոք մարդ էր, մի ձի ուներ, 2 կով»,- հիշեց Գառնիկը: Օձունի գյուղապետարանից տեղեկացանք, որ Բարսեղ Այվազյանը 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Գառնիկ Շախկուլյանը գյուղապետի ընտրության քարոզչության օրերին  հրապարակային գյուղացիների մոտ հարց է բարձրացրել, թե  կարող է գյուղապետի թեկնածու Բարսեղ Այվազյանը ընտրողներին բացատրել, թե էդքան խոշոր եղջերավորները ոնց է ձեռք բերել: Բարսեղը նաև նախկին գյուղապետ հորից ժառանգություն մնացած 70-80 հա հող է մշակում: Այս կարգի հայտարարությունների համար էլ, ինչպես ասում է Գառնիկը, Թամաշը խոտը վառել է:

«Թամաշի մոտ գյուղացիների խոտը վառելը հոբի է: Նա Հովասափյան Սկանդարի, իրեն խնամու ու բաջանաղի խոտն էլ է վառել: Թամաշը կարող ա մի գյուղացուց մի բաժակ օղի ուզի՝ չտան՝ հաջորդ օրն ևեթ էդ մարդու գոմը կամ խոտի դեզը  վառում է: Թամաշին բռնում են, դատում, նորից բաց են թողնում, նորից իրեն գործին է անցնում»,- պատմեց գյուղապետ Ա. Տիտանյանը:

«Էս թաղում 20-30 մարդու խոտ է վառել: Թամաշի ախպերը՝ Սարգիս Այվազյանը (Քոլին), իր գազի լցակայանից օրը 2 մլն. դրամ փող ունի: Տանում է դատավորի ու դատախազի առաջին վեր ածում: Դատախազը մեկ տարի է ասում, դատավորը 6 ամիս է դատում: Մենք ինչ գիտենք, Թամաշը բերդումն ա, թե հլե որտեղ ա: Հմի, որ Քոլնին գործիցը հանել են, կարող է գազի լցակայանն էլ ձեռիցը խլեն»,- ասում է Գառնիկը:

Անյալ տարվա  դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը գողացել են Գառնիկի 3 կովերը: «Առավոտը շուտ կովերին կերակրում եմ: Գնացի, որ  գոմի դուռը բացեմ, երկաթի վառոտի զամոկը ջարդել էին, գոմի դուռը բաց էր, տեսա 3 կովս չկան»,- պատմեց նա:

Գառնիկը ձայն է տալիս հարևան Արտեմ Մակիչյանին. «Ասի՝ արա Արտեմ, արի հլա, կովերը տարել են գոմիցը, մի ցլեկ ու երկու բուղուկ են թողել: Ես ընդհանուր 6 հատ անասուն ունեի: Ասի զամոկն են ջարդել: Արտեմը ման էկավ, կոտրած զամոկը գտավ, հմի զամոկը քննիչի մոտ ա»,- ասաց  Գառնիկը:

Գառնիկը առավոտը ծեգին գնում է գյուղապետ Արսեն Տիտանյանի տուն՝ պատահածի մասին տեղեկացնելու և խորհուրդ իմանալու: «Հետ գալու վախտը էս մեր հարևանի տան մոտ մի մաշինա եկավ` բագաժնիկը բաց: Տեսա` ոստիկան ա: Ասի՝ հլա մի րոպե: Էդ տղեն հմի մեր ուչաստկավոյին ա: Ասի վերևից եկար, կարող է էդ վերևներում կովեր կային: Ասավ՝ չէ»:

Գառնիկը ոստիկանին հայտնում է, որ գիշերը կովերը գողացել են: Ոստիկանը ղեկավարությանը տեղյակ է պահում: «Էտա հավաքվեցին ու հետքերով ման են գալիս: Ասի մի կովը մեր գեղացի Դավիթավյան Պիկիշ են ասում, նրանից եմ առել: Եթե կովը գնա էնտեղ, նա կբերի: Վերջը մի 10-15 հոգի էին, հարևաններով, բանով, գերեզմանների վերևից զանգեցին, թե կովերի հետքը գտել են: Էդ ընթացքումը գնացինք տեսանք, որ թափաններն են, մեկ էլ երկու կովերի գլուխները: Էն կովը, որ մի 15-20 օրից հետո ծնելու էր, նրա հորթը դեռ հլա տաք էր»,- պատմեց Գառնիկը:

Մորթածների մեջ Գառնիկի սև կովը չի եղել: Փնտրողները ասել են` կովը կենդանի է, Օձունի պանսիոնատի կարուսելի մոտ է: Գառնիկի ենթադրությամբ` գողերը գողացած 3 կովը մեքենայի բեռնախցիկում չէին կարող տեղավորել, քանի որ կովերից մեկը 300կգ-ից ավելի միս ուներ: Այդ պատճառով 3-րդ կովին ձեռք չեն տվել: Կովերի հետքը գտնելուց հետո ոստիկանները նկարահանումներ են արել: Գառնիկի ասելով` գողերը կովերի կաշին չեն հանել, շուտ-շուտ տապոռով կտրատել են, բարձել են բագաժնիկներն ու գնացել: Գյուղապետ Արսեն Տիտանյանի խորհրդով` Գառնիկը գնում է Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազ Մ. Մովսիսյանի  մոտ:

«Գնացի դատախազի մոտը, ասի՝ բարով Ձեզ, ասավ՝ բարով Ձեզ: Ասավ՝ ես տեղյակ եմ քո  կովերի գողությանը: Ասի՝ ես եկել եմ Ձեզ մոտ, որ դուք ճանաչեք, որ կովերն իմն ա: Ասի, բա դրա գործողությունը ոնց պետք է հայտնաբերվի: Դատախազն ասավ, թե կհայտնաբերվի, մի տեղից պտի դուրս գա, հմի հետաքրքրվում ենք»,- պատմեց  Գառնիկը: Մոտ օրերս Գառնիկը կովերի հարցով նորից է գնացել դատախազ Մովսիսյանի  մոտ: «Դատախազն ասավ՝ բիձա ջան, կովերի գողությունը չի հայտնաբերվում»,-ասաց Գառնիկը:

Առաջին լուսանկարում` Գառնիկ Շախկուլյանը

Մեկնաբանություններ (4)

Աստղիկ
Երբ պետքա վերանան վայրենությունները որ Օձունում են տեղի ունենում,խեղճ ու կրակ մարդուց ինչ են ուզում,ճիշտա արել ասելա գյուղամիջում,ինչ կա դա էլ ասելա,ու դրա համար մարդուն տենց վնաս են տալիս,սա պետություն չի,սա մարդկություն չի,ամոթա ամոթ,80 տարեկան մարդու հետ տենց վարվողներին հազար ամոթ
մանաս
Լոռի՜, Թումանյա՜ն --- բարի ու ավանդապահ գեղջուկն ինչպես դարձավ դաժան մարդակեր?
Վարազ Սյունի
«Բիծա ջան»: Ե՞րբ հայ տղամարդը պիտի սկսի հարգել հայ տղամարդուն: Երբ այս ազգը պիտի դադարի գռեհիկ ասիական ցեղ լինելուց: Այս ազգին թվում է,թե «քաղաքակրթությունը» խաչ ու եկեղեցի շարելն է:
Սամվել
Անասնագողությունը Թումանյանի ենթաշրջանում պատուհաս է դարձել խեղճ գյուղացու գլխին;Վիճակն աղետալի է հատկապես Ճոճկան գյուղում,որտեղ միայն վերջին 1 տարվա ընթացքում ավելի քան 30 կով են գողացել;Վերջին գողությունը կատարվել է ս.թ հոկտեմբերի 1-ն;Դեռեվս ոչ մի գողություն չի բացահայտվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter