HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանում մեկնարկում է Եվրաակումբ ծրագիրը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանում մեկնարկում է Եվրաակումբ ծրագիրը։  Ծրագիրը նպատակ ունի հայ երիտասարդներին իրազեկել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Հայաստանում ԵՄ-ի կողմից երիտասարդներին տրամադրվող հնարավորություների մասին։

Պյոտր Սվիտալսկու փոխանցմամբ, Եվրաակումբի ծննդավայր Պորտուգալիան է, որտեղ ավելի քան 25 տարի առաջ հիմնադրվել է առաջին Եվրաակումբը։

Դեսպանը Հայաստանում հիմնվող Եվրաակումբների գոյությունը համարում է հատկանշական։ Կարծում է՝ հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է եվրոպացի երիտասարդության հետ կապ հաստատելու, համագործակցելու և շփվելու հարցում։ Պատվիրակության ղեկավարը Եվրաակումբների գաղափարը որակում է համաեվրոպական, որի միջոցով  հայկակական ակումբները կարող են կապ հաստատել այլ երկրներում գործող ակումբների հետ։

«Եվրաակումբների գաղափարն է երիտասարդներին հնարավորություն  տալ հասանելիություն ունենալ Եվրոպայի մասին տեղեկատվությանը, զրույցներ վարել Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին»,-նշել է Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրաակումբները լրացուցիչ հնարավորություններ կընձեռեն հայ երիտասարդությանը, մասնավորապես՝ մարզերում բնակվող երիտասարդներին ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցում։

Հայաստանում առաջին Եվրաակումբը արդեն բացվել է Գորիսում։ Դեսպանը, դրա բացմանը ներկա գտնվելով, մեծ ուրախությամբ է նկատել երիտասադրության հետաքրքվածությունը այդ կառույցի նկատմամբ։ Շուտով Երևանում ևս կբացվի Եվրաակումբ։

«Հայաստանը ԵՄ-ի անքակտելի մասն  է։ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնիա պետությունը, եվրոպական քաղաքակրթության օրրանը, դարեր շարունակ Եվրոպայի հետ ունեցել է սերտ կապեր։ Եվ հայերը Եվրոպայում պետք է իրենց տան պես զգան»,-ասում է Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանը ծրագրի իրականացմանը հատկացվող մի քանի հազար եվրո գումարը, համեմատելով տարեկան Հայաստանում ծախսվող 50 միլիոն դոլար գումարի հետ, համարում է խորհրդանշական։

Այս շաբաթ ԵՄ-ի Հարավկովկասյան հատուկ ներկայացուցիչն է ժամանելու Հայաստան և նրա այցի բաղադրիչների մեկը Հայաստանի և Ադրբեջանի վստահության մթնոլորտի ձևավորումն է, երկու երկրների քաղաքացիների միջև շփման խթանումը։ Պիոտր Սվիտալսկին վստահ է, որ դեսպանը փնտրելու է այդ նպատակները իրականացնելու միջոցները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter