HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դեֆոլտի «ահազանգն» ու պետական պարտքի ներկա վիճակը

Հայաստանում պետական պարտքի թեման գրեթե միշտ արդիական ու տնտեսության «ամենացավոտ» թեմաներից է։ Օրեր առաջ այս թեման թարմացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ilur.am-ում հրապարակվեց նրա հայտարարությունը, որը թեև մեկ նախադասություն է, սակայն բականին լուրջ ու բազմակարծիք քննարկումների տեղիք է տվել։ «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը։

Նախ՝ ի՞նչ է դեֆոլտը։ Դեֆոլտ հայտարարելով՝ պետությունը, ընկերությունը կամ անհատը հայտարարում են, որ սնանկ են և չեն կարող մարել պարտքի գծով իրենց պարտավորությունները։ Պետության դեպքում խոսքը պետական պարտքի մասին է։

Այսինքն, ըստ ՀՀ առաջին նախագահի, մոտ ժամանակներս Հայաստանին սպառնում է  սնանկություն և պետպարտքի գծով պարտավորությունները կատարելու անկարողություն։

Թե ինչի հիման վրա է Լ. Տեր-Պետրոսյանը նման հայտարարություն արել կամ ինչ ժամանակահատված նկատի ունի՝ ասելով «մոտ ժամանակներս», պարզ չէ, քանի որ ի զարմանս շատերի նրա հայտարարությունն ընդամենը այնքանն է, որքան ներկայացրինք վերևում։ Երբ այդ հայտարարությունն արվեց, թվում էր, թե դա որևէ ուսումնասիրության կամ վերլուծության, այպես կոչված, անոնսն է, որին հետևելու է հայտարարության հիմքերի հրապարակումը։ Նշված հայտարարությունից 4-5 օր է անցել, սակայն որևէ հիմնավորում այդպես էլ չի հնչել։ Որոշակի խոսակցություններ կային, որ  երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին,  հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ կարող են ներկայացվել։

ՀՀ առաջին նախագահի խոսքին միանգամից արձագանքեց ՀՀ  կենտրոնական բանկը։ «Արմենպրես» գործակալությանը ներկայացրած պարզաբանման մեջ ԿԲ-ից հայտնել են, որ «Հայաստանը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին»։

Քանի որ դեֆոլտի մասին հայտարարություն անող անձը պատահական անձ չէ և խոսքը ՀՀ առաջին նախագահի մասին է, այդ հայտարարությունը բավականին մեծ քննարկումների տեղիք տվեց։ Բայց, իհարկե, միանշանակ պարզ  չէ, թե  ինչ ենթատեքստ է պարունակում հայտարարությունը կամ ինչ տեղեկություններ ունի ՀՀ առաջին նախագահը։

Համենայնդեպս, պաշտոնական տվյալները, որոնք ներկայացվում են հանրությանը,   չնայած մտահոգությունների տեղիք տալիս են, բայց դեֆոլտի մասին չեն վկայում։ Այպիսով, ի՞նչ  են ցույց տալիս պետական պարտքի մասին վերջին տվյալները։

Պարտքը հատել է 5.5 մլրդ դոլարի շեմը

Դեֆոլտի մասին չվկայելը դեռևս չի նշանակում, որ պետական պարտքի մասով Հայասանն անհանգստանալու կարիք չունի։ Նույն տվյալները ցույց են տալիս, որ պարտքը համառորեն շարունակում է աճել։ Ըստ պաշտոնական ամենաթարմ տվյալների՝ սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 5.5949 մլրդ դոլար կամ 2 տրլն 655.2 մլրդ դրամ։  Պարտքի 4.5906 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, 1.004 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը։ Արտաքին պարտքից 4084.2  մլրդ դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանն, իսկ 506.4 մլրդ դոլարը՝ ՀՀ կնետրոնական բանկին։  Հիշեցնենք, որ օգոստոսի դրությամբ ՀՀ պետական պարտքը դեռևս չէր հատել 5.5 մլրդ դոլարի շեմը։

Տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքը աճել է ու աճել։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2000 թվականից սկսած ՀՀ պետական պարտքը (ներքին+արտաքին) մինչև ճգնաժամը և աճի, և նվազման միտումներ է ունեցել, իսկ ճգնաժամից հետո՝ կտրուկ բարձրացել։

Սովորաբար, պետական պարտքի շեմը մտահոգիչ չի համարվում, երբ արտաքին ռեսուրսներից ստացվող գումարները նպատակահարմար են օգտագործվում և երկրի տնտեսական աճի վրա տեսանելի ազդցեություն ունենում։ Սակայն Հայաստանի  դեպքում այն իսկապես մտահոգիչ է, քանի որ պարտքը շատ ավելի մեծ տեմպերով է աճել, քան ՀՆԱ-ի՝ տնտեսական աճի գրանցած տեմպերն են։ Գումարած դրան էլ՝ ՀԱՆ-ի աճը խիստ անհավասարաչափ է բաշխված ըստ ոլորտների։ Դրան էլ գումարում ենք այն մտահոգությունն ու տեսակետները, որ Հայաստանի դեպքում տնտեսական  աճը տնտեսության զարգացման չի հանգեցրել։ Գլխավոր մտահոգությունները պարտքի վերաբերյալ, կարծես, սրանք են։  Ու քանի որ պետական պարտքն ավելի արագ է աճել, քան ՀՆԱ-ն, հետևաբար վերջին 10  տարում պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը գնալով բարձրացել է։  Իսկ մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամն, այդ ցուցանիշը նվազման միտում է գրանցել։  Դա լավագույն ցուցիչներից մեկն է, որը ցույց է տալիս, թե պետպարտքը որքանով է նպաստել տնտեսական աճին։

Ըստ ՀՀ ՖԲ տվյալների

ՀՀ պետպարտք/ՀՆԱ թույլատրելի շեմը օրենքով սահմանված է մինչև 60%-ը։ Դրանից ավելի բարձր ցուցանիշի դեպքում Հայաստանը հատած կլինի «կարմիր գծի» շեմը։ Ներկայում (սեպտեմբերի տվյալով) պետպարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմում է 52.8%: Այսինքն՝ ներկա դրությամբ էլ թույլատրելի մակարդակում է։

Ու  չնայած բազմաթիվ մտահոգություններին, որ պետական պարտքը մոտենում է վտանգավոր շեմին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։

Պարտքը կարող է  մեծանալ, պետպարտք/ՀՆԱ ցուցանիշը՝ նվազել. նախորդ տարի կառավարությունը «լուծեց խնդիրը»

Թեև այսօր Հայաստանի պետական  պարտքը թույլատրելի մակարդակում է, սակայն հեռու էլ չէ «կարմիր գծի» շեմից։ Ու առաջիկայում էլ, դժվար թե, հատի այդ գիծը, որովհետև նախորդ տարի ՀՀ կառավարությունը դրա ելքն էլ գտավ։ Օրենքում փոփոխություն արվեց, ըստ որի 60%-ի շեմը կվերաբերի ՀՀ կառավարության պարտքին, իսկ ՀՀ ԿԲ-ի պարտքը այդ հաշվարկում չի ներառվի։ Այսինքն՝ ԿԲ-ն կարող է  մեծացնել պարտքը, բայց դա չի ազդի պետպարտք/ՀՆԱ ցուցանիշի վրա։ Սա, իրականում, կառավարությանը թույլ կտա մեծացնել պարտքի շեմը՝ թեև նախորդ տարի այդ փոփոխությունն առաջարկողները այդպես էլ չընդունեցին, որ փոփոխության բուն նպատակը հենց դա է։

Պետբյուջեից՝ պարտատերերին

Ինչպես հավաստիացնում են Հայաստանի ֆինանսական հատվածի պատասխանատուները, ներկա դրությամբ Հայաստանը ժամանակին կատարում է պետպատքի գծով իր պարտավորությունները։

Պետպարտքի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև սպասարկմանն ուղղվող գումարները, ինչն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում բյուջեի համար։ Կառավարությունը նախատեսում է գալիք տարվա բյուջեի ծախսերի կրճատում և դրան զուգահեռ՝ սպասարկմանն ուղղվող գումարների ավելացում։ Մինչդեռ, եթե պետպարտքը չավելանար, ապա՝ այն գումարների մի մասը, որը նախատեսվում է ուղղել պետպարտքի սպասարկմանը, հնարավոր կլիներ տրամադրել տնտեսության այլ հատվածների։

Ըստ «ՀՀ 2016 թվականի պետական բյուջի մասին» օրենքի  բյուջեի ծախսերից մոտ 99.4 մլրդ դրամը նախատեսված է պետական պարտքի գծով գործառնությունների համար։ Իսկ եկող տարվա բյուջեի նախածով պետպարտքի սպասարկամանը նախատեսվում է ուղղել 119.2 մլրդ դրամ՝ մոտ 20 մլրդ դրամով ավելի, քան  2016-ի բյուջեի օրենքով է նախատեսված։ Եթե 2016-ին պետպարտքի գծով գործառնություններին հատկացվող բյուջեն կազում է բյուջեի ընդհանուր ծախսերի 7.2%-ը, ապա 2017-ի բյուջեի նախագծով՝ մոտ 8.8%-ը։ Համեմատության համար՝ նախատեսվում է 2017-ի բյուջեից առողջապահության ոլորտին հատկացնել բյուջեի ընդհանուր ծախսերի 6.3%-ը, հասարակական կարգին, ավտանգությանն ու դատական գործունեությանը՝ 7.5%-ը և այլն։

Նախկինում գրել ենք, որ Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։

Ինչպես տեսնում ենք, չնայած մտահոգիչ ցուցանիշներին, գոնե ներկայում, Հայաստանին դեֆոլտ չի սպառնում։  Իսկ եթե իսկապես նման վտանգ կա և Լևոն Տեր-Պետրոսյանը տիրապետում է այլ տեղեկությունների, դա այլ հարց է ու  երկրի տնտեսական վիճակով հետաքրքրվողներին և անհանգստացողներին ավելի շատ կհետաքրքրեն այդ պարզաբանումները, քան այն մեկ նախադասությունը, որը հնչել է որպես «ահազանգ»։  Ի դեպ այս վերջինը մեր բառը չէ, այդպես էլ վերնագրված ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը՝ «Լևոն Տեր-Պետրոսյան. Ահազանգ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter