Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փնտրվում է «տղամարդ»՝ հավաքականին ցեխից հանելու համար



Երբ Լեհաստան-Հայաստան (2-1) խաղից հետո կարծիք հնչեց, թե Վարշավայում մեր ֆուտբոլի հավաքականը կերպարանափոխվել էր Ռումինիայի հետ տնային խայտառակությունից հետո (0-5), կամ որ թիմն այլ խաղ ցուցադրեց, առնվազն տարօրինակ էր: Ոմանց, փաստորեն, ոգեւորել էր թիմի խաղը լեհերի դեմ: Բայց արդյոք դրա համար հիմք կար:

Վարուժան Սուքիասյանի սաները հրահանգ էին ստացել ծայրաստիճան զգույշ գործել պաշտպանությունում եւ այդպես էլ անում էին: Թերեւս, նրանք այս անգամ ավելի ուշադիր էին թիկունքում, քան եղավ Կոպենհագենում ու Երեւանում: 5 պաշտպանին եթե գումարենք 4 կիսապաշտպաններին, որոնցից երկուսը (Մուրադյանն ու Գրիգորյանը) հենակետային էին, իսկ Կամո Հովհաննիսյանն էլ պաշտպանությունում խաղալու մեծ փորձ ունի, հասկանալի է դառնում, թե որն էր թիմի գլխավոր խնդիրը՝ գոլ չընդունելն ու գոնե մեկ միավոր վաստակելը: Փաստորեն, բացի թիմի ավագ Մարկոսից (սա էլ հարաբերական է, քանի որ Անդոնյանի հեռացումից հետո նա հետ քաշվեց) մյուս 10 հոգին պաշտպանվում էին: Հասկանալի է, որ նման պարագայում, երբ հավաքականն ունի մարզավիճակի ու կադրային բազմաթիվ խնդիրներ, այլ տարբերակ մտածելն իրատեսական չէր: Սակայն դա ոչ թե ուրախանալու, այլ միայն մտահոգության տեղիք է տալիս:

Թիմը խաղաց այնքան, որքան կարող էր, ֆուտբոլիստները ներդրեցին բոլոր ջանքերը, սակայն դա չի կարող բավարարել երկրպագուին, որովհետեւ նա այլ բան է ակնկալում թիմից: Հիշվում ու հաշվվում է արդյունքը, որը մեր պարագայում զրոյական է: Հայաստանի հավաքականը, թերեւս, արժանի չէր պարտության, քանի որ, 31-րդ րոպեից խաղալով 10 հոգով, կարողացավ դիմադրել 95 րոպե, զիջելով հաշվի մեջ, կարողացավ վերականգնել այն, սակայն նույնկերպ լեհերն էին արժանի հաղթանակի, քանզի ջանում էին ամեն կերպ՝ ներդնելով բոլոր ուժերը: Ու գուցե մարզական բախտը մեր կողմը չէր, բայց, ինչպես ասում են, այն ուժեղին է ժպտում:

Հավաքականի պատմության մեջ ունեցել ենք բառիս բուն իմաստով կերպարանափոխության դեպքեր: Հիշենք 2013-ի հունիսին Հայաստան-Մալթա հանդիպումը, երբ Երեւանում դժգույն խաղով պարտվեցինք 0-1, ինչը ծանր հարված էր մեծ նպատակներ հետապնդող հայ ֆուտբոլիստների համար, բայց 4 օր անց նրանք պատվի խաղ խաղացին դանիացիների հետ նրանց հարկի տակ ու հաղթեցին 4-0 հաշվով: Այ դա էր այլ խաղն ու կերպարանափոխությունը: Նույնը եղավ 2013-ի սեպտեմբերին, երբ թիմը 2-1 հաշվով Պրահայում հաղթեց չեխերին, այնինչ դրանից առաջ՝ օգոստոսին, անատամ խաղով զիջել էր Ալբանիայի հետ ընկերական հանդիպմանը՝ 0-2: Ֆուտբոլասերները կհիշեն Գեւորգ Ղազարյանի հաղթական գոլը Պետր Չեխի դարպասը 92-րդ րոպեին: Մենք իսկապես լավ էինք խաղում, եւ բախտը ժպտաց մեզ:

Չնայած էլի ենք ասել, որ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անմիջական կապ չունի ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի բացակայության հետ, դա նրանց ու ակումբների գործն է, Սուքիասյանը վերջին խաղերում մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց, որոնց անդրադարձել ենք նախորդ հոդվածում: Եվ Վարշավայի հանդիպումն ի ցույց դրեց հերթականը: Երկրորդ խաղում անընդմեջ թիմը մնաց 10 հոգով: Եթե երեւանյան խաղում 3-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Գոռ Մալաքյանը, ապա այս անգամ 31-րդ րոպեին երկրորդ դեղինից հետո հեռացվեց Անդոնյանը: Սա նշանակում է, որ կոլեկտիվում խաղային կարգապահությունն այն չէ, ինչը լուրջ խնդիր է: Գուցե ոմանք ասեն, որ սլովակ մրցավարը կարող էր այդ դրվագում ներել Գաելին, բայց ո՞վ էր խնդրում նրան ոչ սպառնալից իրավիճակում գլուխը ցավի տակ դնել, երբ արդեն մեկ դեղին ուներ: Տպավորություն էր, որ ռումինների հետ հանդիպմանը 3 գոլի «համահեղինակ» դարձած Անդոնյանի հետ հոգեբանական աշխատանք չի կատարվել, եւ խաղացողի ավելորդ լարվածությունը կրկին չար կատակ խաղաց: Այս իրողությանը ուշադրություն դարձնելու փոխարեն Սուքիասյանը հետխաղյա ասուլիսում նշել է. «Որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետեւ դեղին քարտ ցույց տալիս»:

Հայտնի չէ՝ Սուքիասյանը հրաժարական տվեց իր կամքով, թե ՀՖՖ-ի: Հիշենք, որ 0-5-ից հետո նա ասել էր. «Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում եւ այս վիճակից թիմին հանեմ»: Պաշտոնական խաղերում Սուքիասյանի ղեկավարած Հայաստանի հավաքականը հաղթանակներ չի տարել: ԱԱ-2002-ի ընտրական փուլում թիմը 10 խաղից 5-ում ոչ-ոքի է խաղացել, 5-ում պարտվել եւ 6 թիմերի մեջ եզրափակել մրցաշարային աղյուսակը: ԱԱ-2018-ում 3 խաղից հետո նրա թիմը ոչ մի միավոր չվաստակեց:

Բայց Սուքիասյանի հեռանալով ոչինչ չի փոխվում: Խնդիրը եղել եւ մնում է համակարգային ամբողջ երկրի ֆուտբոլի մասշտաբով: Ինչպես հայտնի է, ստեղծումից շատ չանցած գործունեությունը դադարեցրեց Աբովյանի «Կոտայքը», որը ՀՖՖ-ին հայտնել էր, թե ֆինանսական խնդիրներ ունի, իսկ հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը: Սա անլրջության եւ կարճատեսության գագաթնակետն է: Նորաստեղծ «Էրեբունին» էլ իր իսկ կամքով դուրս է բերվել գավաթի խաղարկությունից (թիմը պիտի խաղար «Գանձասար-Կապանի» հետ), քանի որ, ինչպես ակումբն է նշել, «թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղեւորություններից հետո»:

Հայկական ֆուտբոլը խորը ճգնաժամի մեջ է: Ներկա իրավիճակի մասին, հայտնի է, արտահայտվել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը. «Մենք մտահոգված ենք, քննարկումներ ենք սկսելու: Դեռ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ ենք աշխատանքները տանելու: Կհրավիրենք ֆուտբոլի իրական մասնագետներ եւ քննարկումները կսկսենք»: Այս հայտարարությունը շատերին հետաքրքրեց «ֆուտբոլի իրական մասնագետներ» արտահայտության պատճառով: Ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք սա ակնարկ է ՀՖՖ-ին: Հայտնի է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում մերձավորն է Ռոստոմյանը, վաղուց հակասություններ ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ այս առճակատումը պարբերաբար սրացումներ է ունենում հեռակա «կցոծների» տեսքով: Իսկ այդ ամենից առաջինն ու ամենաշատը տուժում է սպորտը, որը Հայաստանում դարձել է ներքաղաքական դիվիդենտներ շահելու հարթակ (ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ քարկոծումները վկա): Դժվար է պատկերացնել նաեւ, որ 2002-ից ՀՖՖ նախագահի պաշտոնում կարծրացած Ռուբեն Հայրապետյանն «իր տարածքում» կհանդուրժի այլոց (այն էլ ու՜մ) միջամտությունը:

Սուքիասյանի հրաժարականից հետո հիմնականում երկու թեկնածուի անուն սկսեց շրջանառվել՝ նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, ում ղեկավարությամբ ազգային ընտրանին հասել է իր լավագույն ցուցանիշներին, եւ երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի: Հետաքրքիր է նաեւ, որ ՀՖՖ նախագահը ներկա է գտնվել «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպմանը, որում 4-0 հաշվով հաղթել են Աշոտ Բարսեղյանի սաները՝ դաշտի տերերը: Ամեն դեպքում նոր գլխավոր մարզչի կամ պաշտոնակատարի անունը կիմանանք մինչեւ նոյեմբերի 11-ը, երբ Հայաստանի ընտրանին Երեւանում կընդունի Մոնտենեգրոյին:   

Մարզչի փոփոխությունը, բնականաբար, համակարգի փոփոխություն չի նշանակում, սակայն այսօր հավաքականի նախկին դիմագծի վերադարձը, կրակոտ խաղն ու գոլերը, թերեւս, ավելի կարեւոր են երկրպագուի համար, որն այնքան զայրացած էր «Հանրապետականում» կայացած վերջին հանդիպման ժամանակ: ՀՖՖ-ն, իսկ ավելի ճիշտ դրա ղեկավարը լուրջ խնդրի առաջ են. ո՞վ է այն մարզիչը, ով, Սուքիասյանի բառերով ասենք, թիմում աշխատելու եւ այս վիճակից նրան հանելու «տղամարդկություն» կունենա: Ամեն ոք չէ, ով կուզենա մտնել այդ բեռի տակ, եւ հրաժարվողներին կարելի է հասկանալ: Իսկ երկրպագուներն առաջին հերթին արդյունք են ուզում, եւ նոյեմբերի 11-ին նրանք ակնդետ հետեւելու են ոչ միայն խոտածածկի վրա տեղի ունեցող, այլեւ մեր պահեստայինների նստարանի մոտ կանգնած մարդու գործողություններին:   

Լուսանկարում՝ հայ ֆուտբոլիստները՝ ռումիններին 0-5 հաշվով պարտվելուց հետո (Գ. Աղբալյան)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ