Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Դատարանները մեղմ պատիժ են նշանակում ընտրախախտների նկատմամբ, իսկ դատախազությունը չի բողոքարկում



Ընտրակեղծիքների դեմ պայքարի երաշխիքներից մեկը, եթե ոչ ամենակարևորը՝ ընտրախախտում թույլ տված անձանց նկատմամբ պետության կողմից անհանդուրժողական վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ օրենքի ողջ խստությամբ պատժելը: Մինչդեռ ՀՀ դատարաններն ընտրախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակում են մեղմ պատժատեսակներ՝ հիմնականում տուգանքի տեսքով: Իսկ դատախազների կողմից վերաքննության կարգով մեղմ պատիժ նախատեսող դատական ակտերը չեն բողոքարկվում: Բացառություն չի եղել նաև 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների դեպքում:

Հանրաքվեի քարոզչության, բուն քվեարկության և դրան հաջորդող գործընթացների ընթացքում ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն: Դրանք եղել են ԶԼՄ-ների հրապարակումներ, ՀԿ-ների և քաղաքացիների գրավոր հաղորդումներ և ահազանգեր:

Ինչպես «Հետքին» տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, հոկտեմբերի 14-ի դրությամբ հանրաքվեի վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար նախապատրաստվել է 583 նյութ:

Դրանց հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 150-րդ (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը) և 153-րդ (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հոդվածներով հարուցվել է 79 քրեական գործ: 47 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 43 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

600,000 դրամանոց ընտրապայքար

Թոռնիկ Վարդանյանը Սահմանադրության հանրաքվեի օրը եղել է Երևան քաղաքի 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ: Այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ թիվ 1-ին և 2-րդ մատյաններում կեղծիք կատարելու եղանակով քվեարկել է Ա. Թարխանյանի, Ա. Սիմոնյանի և Վ. Դանիելյանի փոխարեն: Թոռնիկ Վարդանյանի նկատմամբ 2016թ. հունվարի 22-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի քննությունն ընթացել է արագացված կարգով: Հանձնաժողովի անդամն ընդունել է իրեն առաջադրված մեղքը, և դատարանը նրա նկատմամբ մեղմ պատժատեսակ է ընտրել՝ 600,000 դրամ տուգանք:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված արարքի համար որպես պատիժ սահմանված է 500-700 հազար դրամ տուգանք, կամ ազատազրկում` 2-3 տարի ժամկետով:

Նույն դատարանի կողմից 600,000 դրամ տուգանքի է դատապարտվել նաև Երևան քաղաքի թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դավիթ Ազատյանը: Նա էլ հանրաքվեի օրը մատյանում կեղծիք կատարելու եղանակով քվեարկել է այլ անձի` Գ. Գյուլնազարյանի փոխարեն:

Ավանդույթ դարձած 600,000 դրամ «տուգանային» պատիժ նշանակվել է նաև Երևան քաղաքի թիվ 3/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արման Ղազարյանի նկատմամբ: Նա էլ մատյանում կատարել է կեղծիքներ՝ փորձելով քվեարկել թվով 5 քաղաքացիների փոխարեն, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով ավարտին չի հասցրել։

Իսկ Երևանի թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանն իր լիազորությունների իրականացման ընթացքում, գրանցամատյանում թվով 6 ընտրողի անվան դիմաց լրացրել է գոյություն չունեցող անձնագրային տվյալներ, ապա դրանց դիմաց անձամբ ստորագրել է և քվեարկել ուրիշների փոխարեն:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործի քննությունը ևս ընթացել է նույն սցենարով՝ արագացված ընթացակարգով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գոռ Թումանյանին դատապարտել է տուգանքի՝ 600,000 դրամի չափով:

Մեկ այլ գործով Լյուդմիլա Սուքիասյանը որպես հանձնաժողովի անդամ ընդգրկվել է Լոռու մարզի Նորաշեն գյուղի մշակույթի տանը տեղակայված թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի կազմում: 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ մինչ ընտրատեղամասի բացվելը, հանձնաժողովի անդամների միջև անցկացված վիճակահանության համաձայն` Լյուդմիլա Սուքիասյանը ժամը 08:00-ից 10:00-ն իրականացրել է թիվ 1 ցուցակով ընտրողներին քվեաթերթիկների և ծրարների հատկացում: Այդ ընթացքում իր ցանկալի արդյունքին հասնելու համար և նպատակ ունենալով քվեարկել այլ անձանց փոխարեն` վերցրել և իր մոտ է պահել երկուական քվեաթերթիկներ ու ծրարներ:

Այնուհետև ժամը 12:00-ից 16:00-ը Լյուդմիլա Սուքիասյանն իրականացրել է թիվ 1 ցուցակով քվեարկողների գրանցում: Ցուցակում նկատելով բարեկամ, համագյուղացի Ց. Սարիբեկյանի անունը, տեղյակ լինելով, որ վերջինս բացակայում է Հայաստանից, նրա անվան դիմաց լրացրել է անձնագրի պատահական համար, ապա կեղծել նրա ստորագրությունն ու իր անհատական կնիքով դրոշմել:

Դրանից հետո նույն օրը` ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Լյուդմիլա Սուքիասյանը, նկատելով, որ թիվ 2 ցուցակով քվեարկողների գրանցում իրականացնող, նույն հանձնաժողովի անդամ Անուշ Բադալյանը բացակայում է ընտրատեղամասից, մոտեցել է վերջինիս կողմից լրացվող ցուցակին: Այնտեղ ընդգրկված համագյուղացի Վ. Բաղդասարյանի անվան դիմաց լրացրել է անձնագրի պատահական համար, ապա կեղծել վերջինիս ստորագրությունն ու դրոշմել Անուշ Բադալյանի անհատական կնիքով: Հանրաքվեի ընթացքում, ժամը 16:00-ից 18:00-ն իրականացնելով քվեարկության ծրարների կնքում և պատասխանատու լինելով քվեատուփի համար, Լյուդմիլա Սուքիասյանը կնքել է հիշյալ երկու քվեաթերթիկների ծրարներն ու դրանք գցել քվեատուփի մեջ:

Այս դեպքում նույնպես հանձնաժողովի անդամը դատապարտվել է տուգանքի: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, Լյուդմիլա Սուքիասյանի նկատմամբ նշանակել է 600,000 դրամ տուգանք:

Ազատազրկում, բայց ազատության մեջ

Հենրիկ Շահբազյանը հանրաքվեի օրը եղել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի մյուս անդամների մասնակցությամբ հաշվել, ամփոփել են արդյունքները և պարզել, որ քվեարկությանը մասնակցել է 611 անձ, որոնցից 301-ը քվեարկել են «ԱՅՈ»-ի, 304-ը՝ «ՈՉ»-ի օգտին, իսկ թվով 6 քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր:

Քվեարկության վերը նշված արդյունքներով 4 օրինակից կազմվել են արձանագրություններ, որոնք հաստատվել են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների ստորագրություններով: Արձանագրություններից մեկը դրվել է պարկի մեջ, մյուսը փակցվել է թիվ 28/35 հանրաքվեի տեղամասի պատին: Այնուհետև ընտրական փաստաթղթերի, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներ ներկայացվող արձանագրությունների և տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանի հետ միասին ժամը 24-ի սահմաններում ոստիկանների ուղեկցությամբ  ընտրական պարկը տեղափոխել է Աբովյանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից` Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքներն «ԱՅՈ»-ի օգտին կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում և թիվ 28/35 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով 300-ով ավելացրել է մասնակիցների թիվը՝ այն 611-ից դարձրել 911: Նույն չափով ավելացրել է «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ 301-ից դարձրել 601: Արձանագրության կեղծված երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հանձնաժողովի նախագահին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով: Ընդ որում` նշանակվել է ամենամեղմ պատիժը, քանի որ այդ հոդվածով պատժի չափը 3-5 տարի է: Սակայն, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Մեկ այլ դրվագով Անահիտ Սիմոնյանը, լինելով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահը, քվեարկության իրական արդյունքներն «ԱՅՈ»-ի օգտին կեղծելու դիտավորությամբ, ծրարներից քվեաթերթիկները դուրս բերելուց հետո, օգտվելով հանձնաժողովի անդամների վստահությունից, դրանք սահմանված կարգով չի ցուցադրել վերջիններիս: «ԱՅՈ»-ի կամ «ՈՉ»-ի օգտին քվեարկված, ինչպես նաև «Անվավեր» ճանաչված լինելու վերաբերյալ կամայական հայտարարություններ կատարելուց հետո քվեաթերթիկները հակառակ կողմով դարսել է ըստ համապատասխան տրցակների: Դրա արդյունքում «ՈՉ» քվեարկված 230 և «Անվավեր» ճանաչված 22 քվեաթերթիկներ գաղտնի դրել է «ԱՅՈ»-ի օգտին քվեարկված 518 քվեաթերթիկների վրա՝ դրանք ևս հայտարարելով իբրև «ԱՅՈ»-ի օգտին քվեարկված:

Այդ եղանակով Անահիտ Սիմոնյանը «ՈՉ»-ի օգտին քվեարկված և «Անվավեր» քվեաթերթիկների հաշվին 252-ով (230+22) ավելացրել է «ԱՅՈ»-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների քանակը` միաժամանակ 230-ով նվազեցնելով «ՈՉ»-ի քվեաթերթիկների թիվը:

Հանձնաժողովի նախագահը փորձել է ճարպկություն ցուցաբերել: Բացահայտվելու դեպքում օբյեկտիվ շփոթմունքի պատրանք ստեղծելու համար «Անվավեր» ճանաչված 4 քվեաթերթիկ էլ դրել է «ՈՉ»-ի տրցակի վրա: Այսպիսով, քվեարկության վերջնական արդյունքները դարձրել է համապատասխանաբար՝ «Այո»՝ իրական 518-ից 770 քվե, «ՈՉ»՝ իրական 357-ից 131 քվե: Միևնույն ժամանակ, 26-ով պակասեցնելով «Անվավեր» քվեաթերթիկների թիվը` դրանք 30-ից հասցրել է 4-ի:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Սամվել Ուզունյանի, հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով: Սակայն, այս դեպքում ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան:

Ներկայացվածն ընդամենը մի քանի օրինակ է: Գրեթե նմանատիպ խախտումներ են եղել նաև մյուս գործերով: Սակայն, բոլոր դեպքերում ակնհայտ է պետության ոչ խիստ մոտեցումը ընտրախախտի նկատմամբ: Գլխավոր դատախազի, պատկան մարմինների այն հայտարարությունները, թե օրենքի ողջ խստությամբ ընտրություններ կեղծողները պատժվելու են, միֆ են:  Միայն այն, որ գլխավոր դատախազությունը չի ցուցաբերել կամք, որպեսզի վերադասության կարգով բողոքարկի դատարանների նշանակած ակնհայտ մեղմ պատիժներն ու պատժաչափերը, վկայում է այդ մասին:

Քանի դեռ պատկան մարմինները «վատ սցենարով» խաղում են անզիջում պայքարողի դերը, չի բացառվում, որ ընտրություններ կեղծած այս անձինք և նրանց նման շատերը վաղը ևս ընդգրկվեն հանձնաժողովներում և շարունակեն նույն գործելաոճը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ