HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի հարազատները պահանջում են պատժել մեղավորներին

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան մասին լուրը հաջորդ օրն արդեն արագորեն սկսեց շրջանառվել քաղաքում:

Լոռու մարզի Գուգարք համայնքի 32-ամյա բնակչուհին բաժանմունք էր դիմել դեռ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին: Սկեսուրի՝ Քնարիկ Մնացականյանի խոսքով, դիմելու պատճառը եղել է համաբուժարանի մանկաբարձ-գինեկոլոգի ցուցումը: «Գինեկոլոգն ասեց, որ կոնքերի պրոբլեմ կա: Դե ես բժիշկ չեմ, չհասկացա, վեր կալա տարա: Ասեցի, բա հիմի պառկացնելու ե՞ք, նայեցին ընդեղ, ասեցին՝ հա»,- պատմում է սկեսուրը:

Նրա խոսքով՝ ստացիոնարում անցկացրած օրերի ընթացքում դիմել են բժիշկներին՝ հղիին դուրս գրելու խնդրանքով: Բժիշկները, սակայն, հրաժարվել են դա անել: Իսկ 20 օր անց բժիշկներն առաջարկություն են արել. «Բժիշկն ասեց եկեք դեղ դնենք, ստորագրեք, ժամանակն ա երեխեն ազատվի»,- հիշում է  սկեսուրը: «Ասել էին երկուշաբթի օրը պետք է արվի դեղի պահը: Ստորագրեցի, դաբրոն տվեցին, որ լավ կըլնի»,- ասում է ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը:

Ծննդաբերությունից հետո իմանալով, որ տղա են ունեցել, ընտանիքի անդամները որոշել են մաղարիչ անել: Հարազատներով հավաքված երեխայի ծնունդը նշելու ընթացքում, սակայն, հարսը զանգահարել է սկեսուրին ու ասել՝ այ մամ, մեռնում եմ, հասեք:

Քնարիկ Մնացականյանի խոսքով՝ երբ շտապել են բժշկական կենտրոն հերթապահ բժիշկը՝ Արսեն Բալայանը, մոտեցել ու առաջարկել է արգանդը հեռացնել՝ կնոջ կյանքը փրկելու համար:

«Ասեց՝ մի փոքր թել ա մնում քու հարսիցը, արգանդը հեռացնե՞մ: Հրեցի, ասեցի՝ վայ, ասեցի, շուտ արա, էլ մի կանգնի, գնա հեռացրա»,-պատմում է սկեսուրը:

Հեռանալուց րոպեներ անց Արսեն Բալայանը վերադարձել ու հայտնել է՝ մահացավ: Հարազատները հարձակվել են բժիշկների վրա, հարվածել նրանց, ապա շտապել վիրահատարան:

Թե ինչի՞ց է մահացել հարսը, հարազատները չգիտեն:

«Բժիշկը ես ե՞մ,- հարցնում է  սկեսուրն ու պատասխանում իր իսկ հարցին,-բժիշկն իրանք են, 20 օր նայել են, պիտի իմանային, թե ինչ անեն: Մթոմ պաշտպանում էր, ինձանից է՞ր պաշտպանում: Ես տե՞մ իմանալ ներսի կոնքերն ինչ ա նշանակում»:

Նրա խոսքով ինքը հարցրել է բժշկին՝ ինչի՞ց է մահացել հարսը: Պատասխան, սակայն, չի ստացել: Ամուսինը նշում է, որ Հռիփսիմեն որևէ առողջական խնդիր չի ունեցել: «Հղի վիճակում տունը հետներս ռեմոնտ ա արել, ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասում է նա:

«Ես դրան հանիլ տեմ տա, դատի տեմ տալ:Հարցնում եմ, չի խոսում, գոնե խոսա, իմանանք ինչի՞ց մահացավ»,- վրդովվում է Քնարիկ Մնացականյանը: Հարազատների խոսքով ծնունդն ընդունել է Դավիթ Շահվերդյանը: Վերջինս, սակայնասել է, որ ծնունդ ընդունողը գինեկոլոգ Արսեն Բալայանն է եղել:

«Հերթապահ բժիշկ ա եղել: Դավիթն իրա գործը արել ա, գնացել, էդ օրվա հերթապահ բժիշկը պետք ա իրա գործն աներ: Չի արել: Կամ որտե՞ղ ա եղել, ինչո՞վ ա զբաղված եղել, չեմ կարա ասեմ: Ինքը պետք ա տեր էղներ կամ պիտի շատ շուտ կանչեր մյուսներին օգնության»,- նշում է  ամուսինը, նկատի ունենալով գինեկոլոգ Արսեն Բալայանին:

Հարցին՝ թե ինչի՞ հետ է կապված եղել ամուսնու ստորագրությունը և համաձայնությունը  վերցնելը, Դավիթ Շահվերդյանը պատասխանում է այսպես.

«Ելնելով նրանից, որ հղիության ժամկետը 41 շաբաթ 5 օր էր, նախապատրաստել են ծննդաբերության: Այսինքն, 41-42 շաբաթական հղիությունը որպես ձգձգված հղիություն նախապատրաստել են ծննդաբերության…Երբ կա ժամկետանց հղիություն, գերահասուն հղիություն, այդ ժամանակ արհեստական ձևով առաջացնում են կծկանքներ»: Հարցին՝ հնարավոր է բժշկական սխալ եղած լինի, բժիշկը խուսափում է պատասխանել: «Մենք դեռ եզրակացությունը չունենք, դրա համար ես չեմ կարող որևէ բան պատասխանել: Բոլոր բժիշկները հիվանդներին օգնություն են ցույց տալիս: Ո՞նց կարող եմ ես ասել բժշկական սխալ: Ի՞նչ սխալ է տեղի ունեցել, չեմ կարող ասել»,- նշել է նա:

Դավիթ Շահվերդյանը չի բացառում վարկածը, որ հիվանդի վիճակի կտրուկ վատացման պատճառներից մեկը կարող էր լինել թրոմբոէմբոլիկ բարդությունը:  Հարազատների վարկածը, թե արյունահոսությունը եղել է արգանդի պատռվածքի հետևանքով, բժիշկը բացառում է։ «Արգանդի պատռվածքը մեր սոնոգրաֆիկ տվյալներով և վերջում էլ կտեսնենք, որ բացառվում է»,- ասում է է նա:

Բժիշկ Արսեն Բալայանին մեզ տեսնել չհաջողվեց: «Սթերսային վիճակում է գտնվում, աշխատանքի չի ներկայացել»,- փոխանցեց Դավիթ Շահվերդյանը:

Թե երբ կներկայանա աշխատանքի,  բաժանմունքի վարիչի պաշտոնակատարը չկարողացավ ասել: Նորածնի վիճակը գնահատվում է բավարար, վերջինս դեռևս գտնվում է մանկաբույժների հսկողության տակ:

Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում տարվում է քննություն՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter