HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարության նոր ծրագիրը փոփոխություններ է նախատեսում ամիսներ անց

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության նոր ծրագիրը։ Իսկ մինչ այդ այն արդեն ներկայացվել է հանրությանն ու կարծես դրական արձագանքների արժանացել։

Աչքի անցկացնելով կառավարության նոր ծրագրի նախագիծը` առաջին մի քանի կարևոր առավելությունները, որոնք նկատվում են նախորդ ծրագրերի համեմատ, հստակ ժամկետների սահմանում է, ուղղակի և անուղղակի «խոստովանությունը», որ ՀՀ տնտեսությանն վիճակը ծանր է, ոչ ստանդարտ լուծումներից հրաժարվելու գաղափարը, կոնկրետությունը և այլն։ Սակայն գլխավոր մտահոգությունը մնում է այն, թե որքանով ծրագիրը կյանքի կկոչվի։ Նախորդ կառավարութունների ծրագրերում ևս կարելի էր ոգևորիչ տողեր ու գաղափարներ գնել, որոնք այդպես էլ մնացին ծրագրում գրված ու չիրականացան։

Իսկ թե որքան է իրատեսական կառավարության այս ծրագիրը և որքանով քայլերը կյանքի կկոչվեն, կարելի է հասկանալ ամիսներ անց, քանի որ այս ծրագրում կան հստակ ժամկետների սահմանում և գործողությունների քայլեր, որոնք նախատեսվում են իրականացնել մոտ ապագայում՝ 3 ամիս անց, 6 ամիս անց, 1 տարի անց և այլն։

Օրինակ՝ պետական գնումների մասով վեց ամսվա ընթացքում նախատեսվում է գնման գործընթացների պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում և մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում։ Կամ գործարարության ծարգացմանը և խրախուսմանն ուղղվող քայլերի շարքում վեց ամսվա ընթացքում նախատեսվում է տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերի վերհանում և դրանց վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում։ Հարկային և մաքսային համակարգերի մասով կրկին վեց ամսվա ընթացքում՝ հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկությունը, արդյունավետության չափելիությունն ու հաշվետվողականության բարձրացումը, զբոսաշրջության ոլորտում՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում և այլն։

Կառավարության այս ծրագրում հստակ ընդգծվում է, որ Հայաստանի տնտեսության խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր։ «Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ»,- գրված է ծրագրում։

Նաև շեշտվում է, որ տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է՝ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։

Ամիսներ անց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ծրագրի այս ու այլ նախատեվող փոփոխությունների համար կառավարությունն ինչ կամք է դրսևորել։

Այս ծրագրում տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հատվածների կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter