HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կոսմետիկ փոփոխությունների կառավարությունը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստով սկսեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Քվեարկությամբ այն ընդունելու կամ մերժելու համար խորհրդարանը 5 օր ժամանակ ունի: Կասկած չկա, որ ծրագիրը կընդունվի: Որքան էլ առաջին հերթին գործադիրից հեռացվածների և նրանց համախոհների կողմից վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա կաբինետի նկատմամբ քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ում ներքին լուրջ դիմադրություն կա, սակայն հազիվ թե այն բացահայտ դրսևորվի ծրագրի քվեարկության ժամանակ, որն անցկացվելու է բաց: Դա ուղղակի կնշանակեր հակադրվել անձամբ Սերժ Սարգսյանին՝ դրանից բխող՝ իրենց համար մեղմ ասած խիստ անկանխատեսելի հետևանքներով:

Այս Ազգային ժողովը վերջին  4 տարվա ընթացքում կառավարության երրորդ ծրագիրն է ընդունում: Առաջինը 2013թ. նախագահական ընտրություններից հետո էր, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի կաբինետի ձևավորումից հետո: Առաջիկա երկու տարում խորհրդարանը դեռ երկու անգամ էլ կառավարության ծրագիր կհաստատի: Մեկը՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, մյուսը՝ 2018թ., երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կսպառվի և ԱԺ-ի կողմից նոր նախագահ ընտրելուց հետո սահմանադրության ուժով գործող կառավարությունը հրաժարական կտա և կձևավորվի նորը: 6 տարվա մեջ 5 ծրագիր ընդունելը, ինչ տեսանկյունից էլ մոտենանք,  հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական անկայունության հայելային արտացոլաննք է, որն ինքնին ցուցադրում է երկրի պերմանենտ ցնցումների, փոփոխականության մեջ լինելու հանգամանքը: Նման իրավիճակում առնվազն ծիծաղելի է խոսել երկրի զարգացման երկարաժամկետ պլանավորման մասին: Եվ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ:   

33 էջ կազմող այս փաստաթուղթը փաստացի կազմվել է առավելագույնը 2 տարվա տեսլականով: Միջոցառումների մեծ մասը նախատեսված է հիմնականում 2017թ. համար: Ծրագիրը ոչ թե նորարական, այլ մասամբ նորացված տնտեսական քաղաքականության համար ենթակառուցվածքների, նախադրյալների ստեղծման տրամաբանություն ունի, որով հստակեցվում են միայն կառավարության գործունեության ուղենիշերը: Ծրագիրը կառուցվել է ոչ թե չափելի ու շոշափելի արդյունքների կանխատեսման, այլ միայն չափելի, կոնկրետ ժամկետային ցուցանիշների արտացոլման մեթոդաբանությամբ: Այսինքն կարելի է տեսնել, թե որ միջոցառումը ինչ ժամկետներում է արվելու: Սակայն դժվար է ըմբռնել, թե ինչ է կառավարությունը վերջնարդյուքնում կոնկրետ ստանալու: Պատահական չէ, որ ծրագրում ոչ մի խոսք չկա որևէ քիչ թե շատ հավակնոտ, խոշորամասշտաբ նախագծի մասին. ոչ նոր ԱԷԿ-ի կառուցման, ոչ «Նայիրիտ»-ի թնջուկի լուծման, ոչ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության:

Ծրագրի կազմման և դրանում խնդիրների ձևակերպման տրամաբանությունը լիովին համապատասխանում է վարչապետի պաշտոնում նշանակվելիս Կարեն Կարապետյանի արած երկու հիմնական զգուշացումներին: Նախ՝ որ առաջնորդվելու է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ներկայացման կոնցեպցիայով: Հիմա նրա ներկայացրած ծրագիրը կարճաժամկետն է:  Եթե ծրագրային գործողությունների ճնշող մեծամասնությունը նա թողել է 2017թ. համար, նշանակում է երկարաժամկետ ծրագրի ներկայացումը նա թողել է ոչ թե 2017թ. ընտրություններից հետո, այլ 2018թ. ձևավորվելիք նոր կառավարությանը: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Կարեն Կարապետյանն այս փուլում համաձայնել է վարչապետի պաշտոնն ստանձնել այն պայմանով, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթելու դեպքում շարունակելու է պաշտոնավարել, և իր կաբինետը բովանդակային առումով պահպանելու է նախագահի և քաղաքական մեծամասնության կողմից ստացած վստահության ներկայիս մանդատն առնվազն մինչև 2018թ.:

Ծրագրում շեշտադրումն արվել է երեք հենակետային առաջնահերթությունների վրա` Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդում, ներդրումային, գործարար միջավայրի բարելավմամբ տնտեսության զարգացման խթանում և պետական կառավարման օպտիմալացում՝ խնայողությունների և ավելորդ ծախսերի կրճատմամբ:

Որոշ ուղղություններով ինչպես օրինակ պետական գնումների, մաքսային և հարկային ծառայության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում սակագնային տարբերակված քաղաքականության իրականացման, ծրագիրն որոշակիորեն  բարեփոխական է: Դրանք հիմնականում արտացոլում են մինչ այժմ նախարարություններին, եեկամուտների ծառայությանը Կարապետյանի տված հանձնարարականների և նրա հրապարակային հայտարարությունների տրամաբանությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նոր կաբինետը գրեթե լիովին փոխառել է նախկին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության նախաձեռնությունները: Պետական ապարատի օպտիմալացման, ապօրինի հարստացումը քրեականացնելու օերնսդրական փաթեթ ընդունելու գործընթացներն սկսվել էին դեռ այն ժամանակ: Նախկին վարչապետը հրաժարական տալիս, որպես իրենց կարևոր ձեռբերում, հենց այս ուղղությամբ իրականացված աշխատանքները վկայակոչեց: Անկախ դրանից՝ եթե նոր կառավարությունը կարողանա սկսվածը հասցնել տրամաբանական ավարտին, կոռուպցիայի դեմ պայքարում գուցե հնարավոր լինի մեկ քայլ առաջ գնաալ:       

Բայց սրանց կողքին ծրագիրը ամենաառանցքային և երկրի հեռանկարայնության իմաստով ամենազգայուն մի քանի առանցքային ուղղություններով գրեթե տեղում դոփելու, առկա իրավիճակը պահելու մարտավարություն է ընդունում: 

Նախ՝ որոշ դեպքերում ակնհայտ է կոնկրետ թիրախներ ու նպատակներ նախանշելու, բայց դրանց հասնելու մեխանիզմների բացակայության հակասությունը: Օրինակ, ինչպես և պետք էր սպասել, ծրագրում ամրագրվել են Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ավելի վաղ առաջադրված «ազգ-բանակ» և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք»՝ հասարակության շրջանում լուրջ ոգևորություն և սպասումներ առաջացրած ռազմավարական սկզբունքները: Բայց պաշտպանության համակարգին առնչվող ծրագրային միջոցառումներն այնքան ստանդարտ են, որ գոնե կոնցեպտուալ առումով անհասկանալի է՝ ինչ լուծումներով է կառավարությունը դրանք կյանքի կոչելու:

Կամ՝ ծրագրում արտահայտվել է անխտիր բոլոր տնտեսվարողների կողմից իրականացվող բոլոր գործարք­ների ամբող­ջական փաստաթղթավորման գաղափարը: Եթե այն սկսի աշխատել, խոշոր և որպես կանոն օլիգոպոլ բիզնեսը կզրկվի ստվերային ապրանքաշրջանառություն արտոնություններից, և դրանով հարկային ծանրության բեռը մանր և միջին բիզնեսից կտեղափոխվի խոշորների դաշտ: Բայց խնդիրն այն է, որ գաղափարի մասին ակնարկելուց ավելին կառավարությունն իրեն թույլ չի տվել: Ծրագրում խոսքը գնում է ընդամենը դրա «մշակույթի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման» մասին: Ընդ որում՝ կառավարությունը ոչ թե ձևակերպում է խոշոր տնտեսավարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման հստակ պահանջը, այլ ընդամենը «կարևորում է» դրա անհրաժեշտությունը: Նման մոտեցումը նշանակում է, որ կառավարությունը կամ դեռ լավ չի պատկերացնում՝ ինչպես պետք է գտնի օլիգարխիային փաստացի պատերազմ հայտարարելու կշիռ ունեցող լուծումները, կամ պարզապես համարձակությունը չի ներում հայտարարել այդ պատերազմը:   

Ընդհանրապես, ծրագիրը չի անդրադառնում արհեստական մոնոպոլիաներից ձերբազատվելու խնդրին: Այնպիսի տպավորություն է, որ նման հիմնահարց ոչ կառավարությունը, ոչ էլ տնտեսությունը չունեն: Վարչապետ նշանակվելուց երկու օր անց Կարապետյանը հայտարարեց, թե խնդիրը մոնոպոլիաների առկայության մեջ չէ, այլ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին վերահսկելու: Սա օլիգոպոլիաների խթանման, կամ անուղղակի հովանավորման վստահեցում էր, որը, փաստորեն Կարապետյանի կառավարությունը դարձրել է ծրագրային մոտեցում: Մինչդեռ առանց ստվերի կրճատման և օլիգոպոլիաների վերացման համոզիչ գործիքակազմ ներկայացնելու, դժվար է պատկերացնել՝ ինչպես է կառավարությունը տնտեսությունը դուրս բերելու վարչապետի նշած ծանր վիճակից, ինչպես է ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու և ներդրումներ ներգրավվելու: Կապիտալ ոչ թե դեպի գեղեցիկ շարադրված ծրագրերն է «վազում», այլ կայուն, երաշխավորված և ազատ մրցակցության պայմաններում աճելու հնարավորություններ տվող իրական տնտեսական միջավայրեր: Կառավարոթյունն ասում է, որ մեծ հաշվով պատրաստ չէ ստեղծելու այդ միջավայրը, որովհետև օլիգոպոլիաները շարունակելու են լինել պաշտպանված և պատրաստ չէ իրական համակարգային փոփոխությունների:  Որովհետև, փաստորեն, նոր կառավարությունը պահպանողականություն է դրսևորում հենց այն կետերում, որտեղ վիրահատական միջամտություն անելու նրա համարձակությունը պետք է վերականգներ պետության հանդեպ հանրային կորսված վստահությունը: Առանց այս թիրախներին հարվածելու, մնացած բոլոր երկրորդային ուղղություններով փոփոխությունները լինելու են կոսմետիկ, իսկ կառավարությունները, անկախ դրանք քաղաքական կամ տեխնոկրատ կառուցվածքից, լինելու են կոնյուկտուրային և սպասարկելու են գործող համակարգը: Ընդ որում՝ դեռ նույնիսկ փաստ չէ, որ անգամ այդ նախանշված կոսմետիկ փոփոխությունները կիրականացվեն: Ի վերջո, լավ ծրագիրը կատարված կամ ծայրահեղ դեպքում` կատարվող ծրագիրն է: 

Լուսանկարը` parliamen.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter