HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Քաղաքը վերածվում է ծաղրանկարի

Ճարտարապետ, ծաղրանկարիչ Արսեն Գեւորգյանի (Դիզոյի) մասին տարիներ առաջ պատահաբար կարդացի համացանցում, երբ նա արժանացել էր միջազգային մրցանակի:

Անցյալ տարի ծանոթացա նրա հետ, հարցրի մրցույթների մասին. իր թեթեւ, հանգիստ ժպիտով պատասխանեց, որ, հա, երեսունից ավելի միջազգային մրցանակ ունի:

Այսօր Արսեն Գեւորգյանն աշխատում է որպես դիզայներ եւ հենց ժամանակ է գտնում, գրպանից հանում է Ա4  ֆորմատի թուղթն ու սկսում գծել:

«2004 թ.-ից որոշեցի, որ այսուհետ գործերս միայն մրցույթների եմ ներկայացնելու: Մինչ այդ  «Հայ գործարար» թերթում էի աշխատում երեք տարի` որպես նկարիչ-ձեւավորող: Բայց, ցավոք, փակվեց այդ թերթը: Հետո մի քանի այլ թերթեր դիմեցի, ասացին, որ արդեն ունեն ծաղրանկարիչ: Էդ բոլորն իմ ընկերներն էին... Իսկ նրանք նկարելով են տուն պահում»:

Փաստորեն, նկարելով սոցիալական խնդիրները կարողանու՞մ են հոգալ:

Սուտ է. նկարելով տուն չես պահի, առավել եւս, եթե ծաղրանկարիչ ես: Այսօր հեշտ ձեւեր կան. կա ինտերնետ, որից կարելի է ուղղակի նկար ներբեռնել, տեղադրել առանց հեղինակային իրավունքի ու ավելի չվճարել ծաղրանկարչին, նկարչին...

Եվ դրա՞ համար նախապատվությունը տվեցիր  միջազգային  մրցույթներին...

Հա, հետո մի քանի մրցույթ ընտրեցի, սկսեցի նկարներս ուղարկել... Հասկանում ես` ես ուզում էի նկարել. ներսումս էր նստած: Ու հիմա, շնորհիվ միջազգային մրցույթների, ընդգրկված  եմ  Ծաղրանկարիչների համաշխարհային հանրագիտարանում (The Big Encyclopedia of caricature), Չինաստանում անիմացիայի, կարիկատուրայի  եւ մուլտիպլիկացիայի կազմակերպության անդամ եմ: Ունեմ երեսունից ավելի միջազգային մրցանակ, ու դա ինձ ուրախացնում է: Մրցանակների մի մասը եկավ Հայաստան, մի մասը դեռ չի հասել... Մի օր երեւի կգան:

Մշակույթի նախարարությանն այս հարցով  չե՞ս դիմել:

Չէ: Իրենք գուցե իմ մասին չգիտեն էլ: Իմը միայն նկարելն է, առանց այլեւայլությունների:

Ես չկամ քաղաքականության մեջ... Գուցե ծիծաղես, բայց իմ քաղաքականությունն  էնքանով է սահմանափակվում, որ  լեհական «Բարի հումորի» կուսակցության Հայաստանի դեսպանն եմ...

Բայց ծաղրանկարիչները Հայաստանում ունեն իրենց փոքրիկ հանրույթը` ասոցիացայի տեսքով:

Ահա, բայց չունեն տարածք, ցուցասրահ... Ու սահմանափակվում ենք ապրիլմեկյան ցուցահանդեսով, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի:

Այս նկարը այժմ գտնվում է Գերմանիայում եւ դարձել է հարավասիական  «HEMAL» ամսագրի տիտղոսաթերթը

Այս ծաղրանկարը  «China Guangxi City College International Cartoon Contest» մրցույթում 2010-ին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Ուսումնասիրում էի ծաղրանկարներդ. մի անկյուն ազատ չես թողնում...

Դա ուղղակի անհատական ոճով է պայմանավորված, մոտեցումով` թղթին: Երեւի լավագույն ընկերս հիմա Ա4 ֆորմատի թուղթն է, որը «մուննաթ» չի գալիս, նախապայմաններ չի դնում, ու ես հանգիստ նկարում եմ: Իսկ մրցույթներն արդեն ստիպում են մտածել  կոնկրետ  թեմայի շուրջ: Այդպիսի մի մրցույթում, որն  ացն  էր  կացվում Չինաստանում, երեք հազար ծաղրանկարների մեջ իմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, եւ ես հրավիրվեցի Չինաստան. այ էնտեղ  էր իսկական  հանրույթը...

Այնուամենայնիվ, հիմա ավելի մասսայական են հայտնի մարդկանց ծաղրանկարները, իսկ դու ոչ մի քաղաքական, մշակութային կամ այլ հայտնի գործչի  ծաղրանկար չունես:

Գուցե Հայսատանում...Բայց  աշխարհն արդեն այլ հարցեր է լուծում ծաղրանկարչության միջոցով...Ու էդ գրաֆիկական  հումորը կարող է վերաբերել այնպիսի գլոբալ խնդիրների, ինչպիսիք  են  հակաահաբեկչությունը, հակածխախոտային արշավները, երկրի էկոլոգիական վիճակը: Հենց դա էլ  իմ թեմատիկան է: Շատերն ասում են ծաղրանկար ու պատկերացնում առաջին հերթին ծաղրելը: Բայց դա նախեւառաջ մարդու շարժումն է, բնավորությունը:

Այս նկարը 2006 թ. Չինաստանի «Free Cartooons Web International 
Cartoonet Festival» միջազգային մրցույթում 3000 ծաղրանկարների մեջ
զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Փաստորեն, քեզ հայկական քաղաքական առօրյան, թեմատիկան չի հետաքրքրում...

Նախ` քաղաքականությունը չի հետաքրքրում, հետո դրա մեջ մնացածը, ինչ կատարվում է Հայաստանում:

Մի ժուռնալիստ ինձ հարցրեց. եթե քեզ բավականաչափ փող տային, կծաղրեի՞ր այս կամ այն քաղաքական  գործչին, ես ասացի` չեմ ծաղրի նրանց, ում հարգում եմ եւ միաժամանակ նրանց, ովքեր ինձ չեն հետաքրքրում: Տես, եթե ես ինչ-որ թերթի համար աշխատեի, նկարելու էի այն, ինչ իրենց «սցենարին» է համապատասխանում, դա ինձ արդեն կսահմանափակեր:

Այսօր ավելի կարեւոր բաներ կան, որ մեր շուրջն են, եւ մենք դրա մեջ ենք. քաղաքը, միջավայրը, զարգացումը, գլոբալացումը:

Քաղաքն  այսօր ի՞նչ տեսք ունի:

Գնալով ծաղրանկարի է վերածվում: Ես որպես ճարտարապետ ցավում եմ, որ քանդվեցին շենքեր, ու դրանք փոխարինվեցին ծաղրանկարային շինություններով: Հիմք դրվեց աշխարհում արդեն ամենուր տարածված բարձրահարկերին: Հիմա ես կորչում եմ քաղաքում. այն միապաղաղ է, խիտ եւ տգեղ: Իսկ կենտրոնը դարձել է ճնշող: Բալկոնն «առաջ տալու» կամ «փակելու» սինդրոմը դեռ կա մեր մեջ: Հիմա  շարժ տեսնում եմ ճարտարապետների, մտահոգված այլ մարդկանց կողմից, եւ դա լավ է:

Մարդիկ է՞լ են փոխվել:

Մարդիկ ամենից շատ են ինձ  անհանգստացնում. նրանք հոգնել են, չեն ժպտում:

Մի տեսակ էս «նորարարությունները» փակել են նրանց իրենց քառակուսիներում...Իսկ ոմանք արդեն  նույնիսկ այդպես են սկսել մտածել...Ցուցահանդեսի եկած մարդու ժպիտը ամենակարեւորն է դառնում ինձ համար: Ու ես էդ մի ժպիտից հասկանում եմ, որ էս նկարն էլ կայացավ:

Բայց քո ծաղրանկարներում  արծարծված թեմաները դժվար թե ժպիտ առաջացնեն...

Հա, խոսքը ապրիլմեկյան ցուցահանդեի մասին է... Իսկ  առհասարակ ես չեմ կարող նկարել ժպիտի համար: Մարդը պետք է տեսնի` որտեղ է ապրում, իմաստը հասկանա: Դու դա անում ես` իմաստավորելով թուղթը: Հիմա քո գրածը արաբը կամ ֆրանսիացին չի հասկանա, քանի որ լեզու չգիտի, իսկ իմ նկարածը կհասկանա: Դա է արժեքը: Ու զարմանում եմ, երբ հարցնում են նկարներիցս. էն, ինչ պետք է ասեմ, արդեն նկարված է:

Ասացիր` ոմանք սկսեցին քառակուսի մտածել...

Հա, բայց դրան հակակշիռ կա` ինտելիգենցիան: Ուղղակի նրանք  հաճախ ջրի տակ են մնում:

Իսկ ովքե՞ր են ջրի վրա:

Ով փող ունի: Արվեստագետը «հոգնում» է սոցիալականից, բայց մեկ է` թմրամոլի պես կարիք ունի ստեղծագործելու եւ հոգսերից, ծանր օրվանից հետո ժամանակ գտնում է, երբ այն նույնիսկ թվում է` չկա:

Այլ լուծումներ կա՞ն ըստ քեզ:

Լավատեսություն է պետք, կարծում եմ:

Միայն դա՞...

Չէ, եթե ուզում ես իմ  խորհուրդը լսել, ապա պետք է ստեղծագործել` որքան հնարավոր է: Եւ միաժամանակ ստեղծագործել այն պահին, երբ թվում է` անհնար է:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter