HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանում հիմնադրվել է մեքենայական ուսուցման հետազոտական լաբորատորիա

Երևանում հիմնադրվել է մեքենայական ուսուցման հետազոտական լաբորատորիա: Նման լաբարատորիա ստեղծելու գաղափարը Հրանտ Խաչատրյանինը, Վազգեն Հակոբջանյանինը, Գոռ Վարդանյանինը և Ռուբեն Մեսչյանինն է։ Լաբատորիայի հիմնադիրը Հրանտ Խաչատրյանն է։

Հիմնադրի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում այս ուղղությունը զարգանում է մեծ տեմպերով, բոլոր խոշոր համալսարաններն ու տեխնոլոգիական ընկերությունները ունեն այս թեմայով զբաղվող հետազոտական խմբեր։ Որպես օրինակ նշում է, որ մեքենայական ուսուցման շնորհիվ Google DeepMind-ում մշակված AlphaGo ծրագիրը չինական Go խաղում կարողանում է հաղթել մարդկանց, Facebook սոցիալական ցանցը կույր օգտատերերի համար կարողանում է բառերով նկարագրել լուսանկարները, Google-ը բարձրացնում է մեքենայական թարգմանության որակը, Microsoft-ը կարողանում է վերծանել ձայնագրություններում հնչող խոսքը և այլն:

«Մեքենայական ուսուցումը մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների խաչմերուկում գտնվող ուղղություն է, այն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են համակարգչային ծրագրերը սովորել կատարել ինչ որ գործողություններ՝ մեծ թվով օրինակներ նայելով: Հայաստանում այս ուղղությամբ հետազոտական աշխատանք չափազանց քիչ է կատարվում, և մենք փորձում ենք հետաքրքրված ուսանողների համար հնարավորություն ստեղծել ներգրավվել այս ոլորտում»,- նշում է նա։

Հրանտի մոտ առաջին անգամ մեքենայական ուսուցման հետազոտական լաբորատորիա ստեղծելու միտքը ծագել է երկու տարի առաջ, երբ իրենց լաբորատորիայի աշխատակիցներից Կարեն Համբարձումյանը (որն այն ժամանակ դեռ երկրորդ կուրսի ուսանող էր) մտահոգվել է, որ հոգնել է վեբ ծրագրավորումից, ուզում է գիտությամբ զբաղվել և հետաքրքրված է արհեստական բանականությամբ: Հրանտը հասկացել է, որ համապատասխան գիտական ղեկավար գտնելու հարցում դժվարանում է օգնել։

2015թ. փետրվար ամսից ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության շրջանակներում կազմակերպվել են մեքենայական ուսուցման ճյուղերից նեյրոնային ցանցերի վերաբերյալ վիդեո դասընթացի դիտումներ։ Դասընթացի ավարտին մի խումբ ուսանողներ ցանկություն են հայտնել շարունակել ուսումնասիրել այս ոլորտը: Հաջորդ ամիսներին Վազգեն Հակոբջանյանը, Գոռ Վարդանյանը և Ռուբեն Մեսչյանը իրարից անկախ սկսել են խոսել այս ուսանողներին համախմբելու և մեքենայական ուսուցման ոլորտը Հայաստանում արագ զարգացնելու մասին: Արդյունքում՝ այս տարի ստեղծվել է հետազոտական լաբորատորիան, իսկ վերջերս էլ պաշտոնապես գրանցվել է «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամը, որը կֆինանսավորի լաբորատորիայի աշխատանքները:

Աշխատանային խումբը այս պահին առաջանային է համարում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան գիտական արտադրանք ներկայացնելը։ Թեև գիտակցում են, որ դա բավականին դժվար է, սակայն քաջատեղյակ են, որ նոր են մուտք գործում այս ոլորտ և չունեն իրենց  հետ անընդհատ աշխատող գիտական ղեկավարներ: Այս բացը մասամբ կարողանում են լրացնել արտերկրում աշխատող հայազգի գիտնականների հետ կապ պահպանելով, ովքեր մեծ պատրաստակամությամբ օգնում են նրանց։

«Մենք ձգտում ենք ստանալ այնպիսի գիտական արդյունքներ, որոնք կտպագրվեն աշխարհի լավագույն գիտական ամսագրերում և կզեկուցվեն լավագույն գիտաժողովներում: Առայժմ հեռու ենք այս նշաձողերից, սակայն, կարծում եմ, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- նշում է Հրանտ Խաչատրյանը։

Թիմի անդամները հույս ունեն, որ հետազոտությունների որակը բարձրացնելով՝ 2017 թվականին կունենան առաջին գիտական հոդվածները: Զուգահեռաբար նախատեսում են հայաստանյան բուհերի համար մշակել մեքենայական ուսուցման վերաբերյալ դասընթացներ: Այս պահին ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ անցկացնում են  Python ծրագրավորման լեզվի դասընթաց, որի հաջորդ փուլը կլինի նեյրոնային ցանցերի ծրագրավորման դասընթացը: Նպատակ ունեն այս դասընթացները հղկել այնքան, որ հնարավոր լինի ներգրավել բուհական ծրագրերում:

Հրանտի դիտարկմամբ՝ ծրագրավորողների պահանջարկը համաշխարհային շուկայում անընդհատ աճում է, ինչի արդյունքում համալսարաններն ու գիտական հիմնարկները դժվարանում են համակարգչային գիտությունների մասնագետներին պահել գիտության մեջ: Նա կարծում է, որ այս խնդիրը չափազանց «սուր» է Հայաստանում, որտեղ գիտաշխատողների աշխատավարձը ավելի քան տասն անգամ ավելի ցածր է, քան բարձրակարգ ծրագրավորողներինը: Մինչդեռ լավատեղյակ է, որ միշտ կան ուսանողներ, թեկուզ փոքրաթիվ, ովքեր ցանկություն ունեն զբաղվել գիտությամբ: Այդպիսի ուսանողները, ըստ նրա, կամ արտագաղթում են, կամ ստիպված անցնում են աշխատանքի որևէ ընկերությունում և շարունակ դժգոհում աշխատանքից:

Այդ պատճառով իրենց նախաձեռնության նպատակն է այդպիսի ուսանողների համար ստեղծել հնարավորություն՝ զբաղվել հետազոտական աշխատանքով` առանց մտահոգվելու կենցաղային խնդիրների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter