HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23 տարվա հաշմանդամ բանտարկյալի ուզածն իր դեղերն են ու հիվանդանոցը

Այսօր «Հետքը» դարձյալ ահազանգ է ստացել 23 տարի բանտում գտնվող ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանի եղբորից: Հուսիկ Մարուքյանը մեզ փոխանցեց, որ եղբայրը մենախցում է, վիճակը գնալով վատանում է. «Խնդրում եմ, որ զբաղվեն Վահագի հարցով, գոնե դեղերը հասցնեն ու հետ բերեն հիվանդանոց»,- ասաց Վահագն Մարուքյանի եղբայրը:

7 օր հացադուլի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանի պահանջը վերադարձն է «Դատապարտյալների հիվանդանոց» ու իր հասանելիք դեղորայքը:

Հիշեցնենք, որ 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» ԲԱՀ-ի որոշմամբ դուրս են գրել և հոկտեմբերի 13-ին տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ՝ նշելով, որ դեղորայքային բուժում կարող է ստանալ նաև «Արթիկ» ՔԿՀ-ում: Սակայն ինչպես մեզ փոխանցեց դատապարտյալի եղբայրը, «Արթիկում» եղբոր հիվանդության՝ հոդատապերի դեմ, դեղեր չեն եղել: Եվ նույն օրը ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել:

«Հետքը» զրուցեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանի հետ, ով տեղեկացրեց, որ օրեր առաջ, երբ Մարուքյանը դեռ գտնվելիս է եղել «Դատապարտյալների հիվանդանոցում», այցելել է նրան, տեղեկացել առողջական խնդիրների մասին: «Վահագն Մարուքյանի առողջական վիճակի հետ կապված մենք հրատապ հաշվետվություն ենք ներկայացրել արդարադատության նախարարություն, ժամկետն անցել է, սակայն դեռ պատասխան չունենք»,- նշեց Արայիկ Զալյանը:

Դիտորդական խումբից Արայիկ և Օֆելյա Զալյանները Վահագն Մարուքյանին այցելել են նաև «Արթիկ» ՔԿՀ-ում, երբ նա արդեն հացադուլի մեջէ եղել, գտնվել է առանձնացված խցում: Դիտորդները դարձյալ բարձրացնելու են Վահագն Մարուքյանի առողջական վատ վիճակի մասին:     

Բացի առողջական խնդիրներից, ՔԿՀ վարչակազմն արդեն 4-րդ անգամ Վահագն Մարուքյանին մերժել է պայմանական ազատման ներկայացնել: Այս անգամ դատապարտյալը որոշել է մերժման որոշումը բողոքարկել դատարանում: Նրա շահերը ներկայացնելու է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Փաստաբանը նաև հիմքեր է տեսնում Վահագն Մարուքյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցում:

Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: Մասնավորապես ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով: Վերջին 3-4 տարիներին Մարուքյանը ստացիոնար բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչպես ինքն է վկայում, հոդատապով հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter