HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան․ «Մեր ներուժը, կապիտալը և ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում»

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը: 
Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ նրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը: Մասնավորապես, խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, Կարեն Կարապետյանը նշել է. «Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել՝ դուք այն խովոկավն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պատշաճ և ժամանակին հայությանն են ներկայացնում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում այն ազդակները, որոնք ցանկանում են միմյանց հաղորդել Հայրենիքն ու Սփյուռքը: 
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և հիմնախնդիրների: 
«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին այս տարի մասնակցում է 65 խմբագրության ղեկավար: Համաժողովի նպատակն է համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը, լրատվական ներուժի արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական խնդիրների լուծման գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter