HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին շարունակել է քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, պատգամավոր Հակոբ Հակոբյանն անդրադարձել է ծրագրի դրույթներին եւ դրական գնահատել դրանում ներկայացված մոտեցումները, կարեւորել ապրանքների արտադրմանն ու արտահանման խթանմանն ուղղված կառավարության մոտեցումները: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել արմատական բարեփոխումներ: Նա ծրագիրն առանձնահատուկ է համարել իր հստակությամբ, խոսել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է ծրագիրն իր հեռանկարայնությամբ, շարունակական ծրագրերով եւ հստակությամբ: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ ծրագիրը նշանակալի է ելքեր առաջարկելու տեսանկյունից, համաձայն որոնց՝ ներդրումների ներգրավման, տնտեսական զարգացման համար առաջարկվում են նոր մոտեցումներ: Ծրագիրը, նշել է ԱԺ փոխնախագահը, թեպետ կառավարության կես տարվա գործունեության համար է, այնուամենայնիվ նախանշում է առկա խնդիրների արագ ու ճշգրիտ լուծումներ: ԱԺ փոխնախագահը նաեւ խոսել է պետական կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված դրույթներից, համակարգում հնարավոր կրճատումներից, առաջարկել 10 տոկոսով բարձրացնել պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը: Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն ի զորու է լինելու իրականացնել իր ծրագիրը:

Արամ Մանուկյանը ներկայացրել է իր դիտողությունները, ըստ որոնց՝ կառավարության ծրագրում անդրադարձ չկա երկրից բիզնեսի, ինչպես նաեւ մարդկային արտահոսքի խնդիրներին, Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած սպառնալիքներին: Պատգամավորն անդրադարձել է նախորդ կառավարությունների ծրագրերի չկատարված դրույթներին, քննարկվող ծրագրում առկա հակասություններին: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում տեղի ունեցած իրադարձություններին, ծրագրի սկզբունքային դրույթներին: Նա ծրագիրը գնահատել է որպես անցումային եւ հստակ, որն իրագործվելու է քաղաքական նոր իրավիճակում: Պատգամավորը գոհունակություն է հայտնել բազմաթիվ ելույթներում նկատված միասնականության կապակցությամբ եւ հավաստիացրել, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի իրականացմանը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները նույնպես հայտնել են իրենց տեսակետները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարը, անդրադարձել տնտեսության խնդիրներին, հանրապետությունում ապրանքների եւ սննդամթերքի բարձր գներին եւ այլն: Խմբակցության ղեկավարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրում որեւէ կետ չկա այն մասին, թե ինչպես պետք է ետ բերվեն օֆշորային գոտիներ արտահանված ստվերային գումարները: Պատգամավորն անհրաժեշտ է համարել կատարել քայլեր, որոնք կկրճատեն աղքատությունը: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անիմաստ է համարել անդրադարձը նախկինում կատարված սխալներին, կարեւորել քննարկվող ծրագիրը, որը, նրա համոզմամբ՝ հստակ բարեփոխումներ է իրականացնելու: Նա կարեւորել է ծրագրի իրագործման համար նախադրյալների ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ կառավարության՝ ոչ ստանդարտ եւ համարձակ քայլերով այս ծրագրի իրագործումը մեզ մոտեցնելու է արժանապատիվ ապրելու նպատակին եւ երկրի երկարաժամկետ զարգացման կայուն հիմքեր է ստեղծելու: Նա նշել է , որ ՀՅԴ կուսակցությունն աջակից է լինելու ծրագրի իրականացմանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նորանշանակ կառավարության գործունեությանը: Նա կարծիք է հայտնել, որ դեռեւս չկան հիմքեր՝ հավատալու ծրագրում նշված բազմաթիվ դրական դրույթների իրականացմանը, տեսանելի չեն քայլեր, որոնք ուղղված կլինեին, բանախոսի գնահատմամբ՝ կոռումպացված համակարգն արմատախիլ անելուն եւ տնտեսության զարգացմանը: Խմբակցության ղեկավարի կարծիքով, ծրագրում չկան նաեւ դրույթներ, թե ինչ արդյունքներ են ակնկալվում ծրագրի կենսագործումից: Բացի այդ՝ ծրագրում չկան դրույթներ, որոնք պետք է արմատախիլ անեն կոռումպացված համակարգը եւ մենաշնորհները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է բիզնեսի զարգացման խոչընդոտներին, ներկայացրել իր տեսակետը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման հարցում: Նրա գնահատմամբ՝ այս հարցում ոչ թե հատվածական, այլ համալիր լուծումներ են անհրաժեշտ: Նշվել է, որ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառուցողական ծրագիր է ներկայացված: Խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստանդարտ մոտեցումներով նպատակին հասնել հնարավոր չի լինի: Նա զուգահեռներ է անցկացրել երկրի տնտեսական զարգացման եւ կրթական համակարգի միջեւ ու կարծիք հայտնել, որ պետք է կրթական համակարգում ուսումնասիրել մասնագիտությունների պահանջարկը եւ տեղայնացնել ըստ մարզերի: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, ծրագրի հանդեպ ժխտողական կեցվածքը համարել ոչ ճիշտ: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ համարելով, որ այն մեր երկրի զարգացման ծրագիրն է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ անկախ քվեարկությունից՝ կառավարությունը բաց է առարկայական եւ գործնական առաջարկների ու քննադատությունների հարցում: Պարոն Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանականների առաջարկներին ու մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը 85 կողմ, 6 ձեռնպահ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter