HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կալանավորման անհիմն կիրառման պրակտիկան պետք է բացառվի». բաց նամակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն Դավթյան,

Հետամուտ լինելով ս.թ. հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցված խնդիրների լուծման համար ձեռքբերված պայմանավորվածությանը, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն անդրադառնալ իմ կողմից բարձրաձայնված հարցին՝ կալանավորումը որպես խափանման միջոց անհիմն կիրառելու պրակտիկայի բացառման անհրաժեշտությանը:

Միջազգային չափանիշների համաձայն, կալանավորումը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ ավելի մեղմ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացումը:

Մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նախաքննության փուլում անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս գործնականում բավարար հիմնավորումներ չեն ներկայացվում: Կալանավորման միջնորդությունները նույնաբովանդակ են և սովորաբար սահմանափակվում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը մեջբերելով, որ «կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից» և այլն: Սակայն, միջնորդության մեջ չեն նշվում կոնկրետ գործին/անձին վերաբերող հանգամանքներ, որոնք նման ենթադրություն անելու հիմք են հանդիսացել, ինչո՞ւ է անհրաժեշտ անձին կալանավորել և արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոց կիրառելով հնարավոր չէ նույն նպատակին հասնել:

Պատշաճ հիմնավորումներ չեն ներկայացվում նաև կալանավորումը երկարաձգելիս, քանի որ դատարանները խիստ մոտեցում չեն ցուցաբերում և հիմնականում բավարարում են ներկայացված միջնորդությունները: Արդյունքում քննիչները լրացուցիչ ջանքեր չեն գործադրում, որպեսզի գործեն ավելի արդյունավետ՝ քննչական գործողությունները կատարելով ավելի սեղմ ժամկետներում և նվազագույնի հասցնեն կալանավորման ժամկետը:

Գործի նախաքննությունը և դատաքննությունը հաճախ ձգձգվում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Այդ ողջ ժամանակահատվածում անձը, առանց լուրջ հիմնավորումների, պահվում է քրեակատարողական հիմնարկում, որը ոչ միայն ազատության  և այլ իրավունքի խախտում է, այլև հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների:

Հարկ է նշել, որ կալանավորված անձանց պահման վայրերը, հատկապես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, գերբնակեցված է. 32 քմ մակերեսով խցում պահվում է 12-14 անձ, որոշները ստիպված են քնել հատակին կամ նստարանին: Պահման վատ պայմանները և երկարատև կալանավորումը բացասաբար են անդրադառնում անձի առողջական և հոգեբանական վիճակի վրա, նրան զրկում են աշխատանքից, բացասաբար անդրադառնում ընտանեկան կապերի և ընտանիքի սոցիալական վիճակի վրա, քանի որ ընտանիքի անդամները կանոնավոր կերպով հանձնուքներ են ուղարկում քրեակատարողական հիմնարկ: Բացի այդ, անձն, ընդհանուր առմամբ, ընկնում է քրեական ենթամշակույթի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Այս ամենը դժվարացնում է անձի վերաինտեգրումը հասարակության մեջ, և կրկնահանցագործության ռիսկը մեծանում է:

Կալանավորված անձը նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում պետության վրա. ըստ պաշտոնական աղբյուրների՝ յուրաքանչյուր անձի վրա պետբյուջեից օրական ծախսվում է, ընդհանուր առմամբ, մոտ 5000 դրամ:

Փորձը ցույց է տալիս, որ երկարատև կալանավորումն անդրադառնում է նաև դատավճռի արդարացիության վրա. դատարանը հակված է լինում կայացնելու մեղադրական վճիռ՝ կալանավորման որոշումը հիմնավորելու նկատառումներից ելնելով:

Վերը նշվածը ցույց է տալիս, որ կալանավորման մասին ստանդարտ ձևակերպումներով և պատշաճ չհիմնավորված որոշումների ընդունումը հանգեցնում են միջազգային իրավական նորմերով ամրագրված մարդու իրավունքների լուրջ խախտումների: Այս ապօրինի պրակտիկայի դեմ պայքարելու նպատակով Ձեզ, որպես ՀՀ գլխավոր դատախազ, կոչ ենք անում.

  • Հանձնարարել և խստորեն հետևել, որպեսզի այսուհետև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բոլոր միջնորդությունները լինեն պատշաճ հիմնավորված և պատճառաբանված անհատական գործի փաստական հանգամանքներով և հիմնավորվի, թե ինչու չեն կարող կիրառվել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցներ:
  • Հանձնարարել վերանայելու այս պահին նախնական կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցի մասին միջնորդությունների հիմնավորվածությունը և օրինականությունը: Ցանկացած դեպքում, երբ կալանավորումը հիմնավորված չէ, այն փոխարինել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
  • Հանձնարարել և խստորեն վերահսկել, որպեսզի կալանավորման ժամկետի երկարաձգման միջնորդությունները լինեն լրջորեն հիմնավորված և պատճառաբանված: Հակառակ դեպքում նման միջնորդություն չպետք է ներկայացվի դատարան:

Վստահ եմ, որ կալանավորումը որպես խափանման միջոց անհիմն կիրառելու արատավոր պրակտիկայի վերացումը կարող է որոշ չափով փարատել իրավապահ մարմինների, մասնավորապես՝ դատախազության գործունեության հանդեպ հասարակության անվստահությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter