HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդու՝ Մարտին Վարդանյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Վարդանյանն ազատ կարձակվի մեկ միլիոն դրամ գրավի դիմաց։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝  դատարանը մասնակի է բավարարել իրենց ներկայացրած պահանջը՝ խափանման միջոցի վերացումը՝ բավարարելով գրավի կիրառմամբ։

Մարտին Վարդանյանը ձերբակալվել է այս տարվա հուլիսի 22-ին և նրան մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վարդանյանը կասկածվել է ՊՊԾ գունդ ներխուժած անձանց օժանդակելու մեջ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը գործում օժանդակություն է դիտել այն հանգամանքը, որ Վարդանյանը ՊՊԾ գունդը գրավելու օրերին պետք է աջակիցներ հավաքեր, ինչպես նաև լիցքավորեր ՊՊԾ գնդում գտնվողների հեռախոսահամարները։

Ոսկանյանը պնդում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքների մասով որևէ գործողություն չի կատարել, և այդ մասով որևէ փաստական ապացույցն չի ներկայացվել, բացի այն հանգամանքից, որ Մարտին Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ՊՊԾ գնդում գտնվող հոր՝ Հովհաննես Վարդանյանի հետ։

«Վերաքննիչ դատարանը երևի հասկացավ, որ եթե այս գործը մտնի դատարան, չի ունենալու  հաջող ավարտ։ Կարծում եմ՝ այս հանգամանքը հաշվի առնելով, գրավի կիրառումը թույլատրվեց։ Քանի որ այս գործերի  նախաքննությունը դեռևս երկար է շարունակվելու և այս մեղադրանքով անձանց կալանքի տակ պահելը հետագայում պետության, իշխանությունների համար շատ թանկ է նստելու, այդ պատճառով, երևի, որոշեցին կեսից կանգ առնել և փորձել շտկել թույլ տրված խախտումը»,-նշում է փաստաբանը։

Թեև Վարդանյանի կալանքը փոխարինվեց գրավով, բայց փաստաբանը և՛ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում գրավոր դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ որպես գրավ ողջամիտ գումար պետք է կիառվի։

Վերաքննիչ դատարանի՝ մեկ միլիոն դրամ գրավի կիրառումը փաստաբանը որակում է ողջամտության սահմաններից դուրս, քանի որ Վարդանյանը նյութապես անապահով է, իր խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ և ծանր հիվանդ երկու եղբայր․ «Քանի որ մինչ այս պահը պաշտպանյալս գտնվում է անազատության մեջ, վառ ապացույցն է այն հանգամանքի, որ ընտանիքի անդամները չեն կարողանում գումար հայթայթել, որ գրավը վճարեն, որ Վարդանյանը ազատ արձակվի»,-ասում է փաստաբանը։

Այդուհանդերձ, ամենայն հավանակությամբ, Մարտին Վարդանյանի ընտանիքի անդամները վաղը կվճարեն մեկ միլիոն դրամ գրավը, և նա ազատ կարձակվի ՔԿՀ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter