HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատաշենի 23-ամյա գուղապետը

Արարատի մարզի Ազատաշեն համայնքը այսուհետ ղեկավարելու է 23-ամյա Սարգիս Ստեփանյանը ով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի թեկնածությունում առաջադրված միակ թեկնածուն էր։ Ստեփանյանը ստացել էր համայնքում ընտրելու իրավունք ունեցող 594 քաղաքացիներից 333-ի ձայները։

Սարգիս Ստեփանյանն ասում է, որ Ազատաշենի նախկին գյուղապետը՝ 23 տարի ղեկավարած Ստեփան Ստեփանյանն իր հորեղբայրն է։ Մեզ հետ զրույցում նորանշանակ գյուղապետը հայտնեց, որ մինչև համայնաքապետ ընտրվելը չի աշխատել, և եթե այժմ էլ համայնքապետ չնշանակվեր, շարունակելու էր զբաղվել առօրյա գործերով։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում ֆակուլտետը։

«Մտերիմների հետ խոսեցինք, որոշեցինք՝ համայնքի ղեկավարի թեկնածությունում ամենահարմար տարբերակը ես եմ։ Քանի որ ուրիշ թեկնածու չկար, ես դրեցի։ Ուղղակի, որ Ստեփան Ստեփանյանը չէր ցանկանում արդեն աշխատել, ասեցի՝ ես դնեմ թեկնածությունը, որ ինչ որ ամեն ինչ լավ եղել է, միշտ էլ լավ լինի»,- նշում է  նորանշանակ համայնքապետը։

Երիտասարդ գյուղապետն ասում է, որ տարիներ առաջ համայնքապետ լինելու մասին չի մտածել, բայց երբ արդեն նախկին գյուղապետը հայտնել է, որ այլևս չի ցանկանում պաշտոնավարել, Սարգիսը մտածել է. «Մեր գյուղն է, մենք ենք միշտ այստեղ, աշխատենք, որ ամեն ինչ լավ լինի»։

23-ամյա գյուղապետը հաստատում է այն դիտարկումը, որ թեկնածություն առաջադրելու հանգամանքին նաև նպաստել է այն իրողությունը, որ նախկին գյուղապետ հորեղբայրը սկզբնական փուլում իրեն կօգնի, խորհուրդներ կտա, այնուհետ արդեն նա «կանցնի» գործի։ Թեև Սարգիսը շեշտում է, որ  միշտ գյուղում է եղել,  որոշակիորեն ծանոթ է համայնքապետարանի գործերին, աշխատանքային մոտեցումներին։

Նորանշանակ գյուղապետը մի քանի օր է, ինչ պաշտոնավորում է,  դեռևս որևէ գործ չի ձեռնարկել, քանի որ  ծանոթանում է համայնքապետարանի աշխատանքներին։ Իսկ համայնքի զարգացման պլանը, ըստ նրա, դեռևս մշակման փուլում է։

23-ամյա գյուղապետը հավաստում է, որ աշխատանքում երիտասարդ տարիքը չի խանգարում, քանի որ գյուղացիները իրեն արդեն 23 տարի է, ճանաչում են, հարազատորեն ընդունում։

Գյուղապետը կարծում է՝ գյուղում  փոփոխելու որևէ բան չկա, հիմնական գործն արդեն արվել է, ամեն ինչ իր «հունով գնում» է։ Միայն առաջնային է համարում դպրոցի վերանորոգումն ու որոշ ճանապարհների բարեկարգումը։ Սակայն առավել նպատակադրված է գյուղում մանկապարտեզ կառուցելու գործում։

23 տարի ապրելով գյուղում՝ համայանքապետը Ազատաշենում որևէ բանի պակաս չի զգում, կարծում է՝ գյուղացու համար բոլոր հարմարավետությունները ստեղծվել են։

Հարցին, թե գյուղի երիտասարդական կյանքը ակտիվացնելու համար ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, գյուղապետը պատասխանում է: «Մեր գյուղում թե ես, թե նախկին գյուղապետը շատ միասնական ենք եղել՝ սաղ գյուղով, իմ երիտասարդ ընկերների հետ։ Ինչ անում եմ, փորձում եմ իմ երիտասարդ ընկերների հետ անել, մեկս մյուսով։ Նոր եկել եմ գործի, հիմա կփորձեմ երիտասարդների հետ համագործակցել, հաշվի առնել նրանց ցանկությունները։ Քննարկենք, մի բան անենք»,- ասում է նա։

Երիտասարդ գյուղապետը չի խուսափում աշխատանքային դժվարություններից, ասում է՝ չկան դժվարություններ, որ չկարողանա հաղթահարել։

Հիշեցնենք, որ մինչ տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները ընտրվելու իրավունք ունեին 25 տարին լրացած անձիք։ Սակայն այս ընտրություններին թեկնածուների ընտրվելու մասով կատարվել էր փոփոխություն, ընտրվելու իրավունքի շեմը սահմանվել էր 18 տարին լրացած անձանց համար։

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter