HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները հանդիպել են

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են նաեւ իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։

Այս հանդիպումից հետո ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։ 

Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին` արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն պետք է ուղղված լինի ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված ԼՂՀ և Ադրբեջանի խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակմանը։ 

Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության մակարդակի բարձրացումը` որպես տարածաշրջանում կայունության գրավականներից մեկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter