HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը սխալվել է, բայց դատի է տվել 83-ամյա հաշմանդամ, թոշակառու քաղաքացուն

Երևանի բնակիչ 83-ամյա Միքայել Պողոսյանը, ինչպես սովետական գրեթե բոլոր երեխաները, մանկուց երազել է օդաչու դառնալ: Եվ դարձել է: 17 տարեկանում ընդունվել է Ռազմական ավիացիոն ուսումնարան:

Պատրաստել է բազմաթիվ օդաչուներ: 1962-ից աշխատել է քաղաքացիական ավիացիայում: Մասնակցել է նաև Արցախյան պատերազմին:  

Նախկին օդաչու Միքայել Պողոսյանին հանդիպեցի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «83 տարեկանիս առաջին անգամ եմ դատարանում, հուզվում եմ»,-Կենտրոն դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին ասաց թոշակառու Միքայել Պողոսյանը:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմել է դատարան՝ խնդրանքով՝ Միքայել Պողոսյանից հօգուտ պետական բյուջեի ետ բռնագանձել 1 մլն 444 հազար դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը:

Դատարանում Միքայել Պողոսյանի դեմքը լուսավորվում էր, երբ խոսում էր օդաչուական իր տարիներից. «100 անգամ ստուգում էինք, նոր թռիչք էինք անում, սխալվել չի կարելի ո՛չ ինձ, ոչ դատարանին, ո՛չ բժշկին: Հիմա 83 տարեկանում ինձ բերել եք դատարան: Էս հասակիս, ինձ համարում եք ժուլի՞կ: Ինչի՞ համար: Ես մեղավոր չեմ: Ես ճիշտ տեղեկություններ եմ տվել իմ ստաժի մասին»,-ասաց նախկին օդաչուն:

Միքայել Պողոսյանն՝ իր ներկայացուցչի հետ

Միքայել Պողոսյանն ու նրա ներկայացուցիչը դատարանին ներկայացրեցին ապացույցներ, ըստ որոնց Միքայել Պողոսյանը պետական մարմնին ներկայացրել է հավաստի տեղեկություններ իր ստաժի մասին, ինչն ընդունում է նաև պետական մարմինը: Օդաչուական աշխատանքի ստաժի սխալ հաշվարկը կատարվել է ծառայության կողմից, ինչն էլ հանգեցրել է կենսաթոշակի ավել վճարման: Սոցիալական ապահովության «Կենտրոն-2» տարածքային բաժնի սխալը բացահայտվել է ստուգումների արդյունքում: Հիմա էլ պետությունը՝ ի դեմս կառավարության լիազոր մարմնի, իր սխալի պատճառով քաղաքացուց է հետ պահանջում ավել վճարված թոշակը:

«2011-ին դեռ զանգ էին տալիս, ասում՝ գնամ ստորագրեմ, որ ինձնից հետ գանձեն 5000 դրամ, 3000 դրամ, հետո էլ ասեցին՝ լա՛վ, 2000 դրամ: Ամեն զանգելուց վատանում էի, ես էլ ինֆարկտ տարած մարդ եմ, 2-րդ կարգի հաշմանդամ: Մի օր էլ ասեցին, որ ինձ դատի կտան, 6 տարի անց հիշեցին ու դատի տվեցին»,-ընդգծեց Միքայել Պողոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 4-ին:

Նիստից հետո ցանկացա զրուցել կողմերի հետ: Պետական մարմնի ներկայացուցիչը հրաժարվեց հարցազրույցից: Իսկ Միքայել Պողոսյանի հետ խոսեցինք կենսաթոշակի սխալ վճարման պատճառով իրեն դատարան բերելու, ինչպես նաև հայկական ավիացիայի ներկա վիճակի մասին: Այն, որ մեր պետությունն այսօր ազգային ավիափոխադրող չունի, Միքայել Պողոսյանը գնահատում է երկու բառով՝ խայտառակություն և անգրագիտություն: Ասում է, որ իր պատրաստած հարյուրավոր օդաչուներն այսօր աշխարհի տարբեր ծայրերում են աշխատում: Նախկին օդաչուն կոչ է անում՝ վերականգնել ավիացիան, քանի ուշ չի. «Չնայած արդեն ուշ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter