HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի վերաբերյալ դատավորների միության գրությանը

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է ՀՀ դատավորների միության  31.03.2011թ. N 3-15 ուղեկցական գրությամբ ստացված` ՀՀ դատավորների միության խորհրդի 29.03.2011թ. որոշմամբ ընդունված հայտարարությունը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի վերաբերյալ 20.03.2011թ. որոշման առնչությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից 22.03.2011թ. մամուլի ասուլիսում արված դատողությունների կապակցությամբ:   

Քննարկման ընթացքում վերարտադրվել է նույն գրությամբ ուղարկված` վերը նշված մամուլի ասուլիսի ձայնագրությունը, ուսումնասիրվել են այդ կապակցությամբ  ԶԼՄ-ներում եղած հրապարակումները, քրեական գործի համապատասխան նյութերը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համապատասխան որոշումները, ինչպես նաև նշված հարցի կապակցությամբ միջազգային իրավունքի փորձը՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի  (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային որոշումները, իրավական դիրքորոշումները և դրանց մեկնաբանությունները:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին 20.03.2011թ. որոշման առնչությամբ դատախազ Կարեն Շահբազյանի 22.03.2011թ. մամուլի ասուլիս հրավիրելը պայմանավորված է եղել հանցագործության հասարակական մեծ հնչեղությամբ և այն հանգամանքով, որ սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որն ինքնին իր եզակիության առումով արդեն իսկ արտառոց երևույթ է, ինչն, իր հերթին, տեղիք է տվել հասարակական դժգոհությունների և բազմաթիվ հարցադրումներ առաջացրել քաղաքացիների ու լրագրողների շրջանում:

Տվյալ դեպքում դատախազ Կարեն Շահբազյանը գործել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային համապատասխան որոշումների (տես, օրինակ, Բարբերան և մյուսներն ընդդեմ Իսպանիայի, Մինելին ընդդեմ Շվեյցարիայի, Բուտկևիչուսն ընդդեմ Լիտվայի, Դակտարասն ընդդեմ Լիտվայի գործերով որոշումները և այլն) հիման վրա, որոնցից հետևում է, որ  դատախազի կողմից դատավարական գործառույթների իրականացման շրջանակում ԶԼՄ-ներով հայտարարություն անելն իրավաչափ է: Բացի այդ, Դակտարասի՝ թիվ 42095/98 գանգատի ընդունման վերաբերյալ Եվրոպական դատարանի 11.01.2000թ.-ի որոշումից հետևում է, որ դատախազի տեղակալի կողմից ԶԼՄ-ով արված` անձի մեղավորության վերաբերյալ հայտարարությունները («Հ. Դակտարասը թիվ առաջին հանցագործն է, կազմակերպված հանցավորության ոլորտում ճանաչված պարագլուխ») Եվրոպական դատարանի կողմից չեն դիտվել որպես անմեղության կանխավարկածի խախտում: Նույնը վերաբերում է նաև ԶԼՄ-ով` անձի մեղավորության վերաբերյալ դատախազության հայտարարությունները դատարանի վրա ազդելու հարցին: Դակտարասի գործով Եվրոպական դատարանը նշել է. «Դատարանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ մամուլը գրեթե միաձայն դիմողին ներկայացրել  է որպես «մաֆիայի պարագլուխ»: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ դիմողի դեմ առաջադրված մեղադրանքները պետք է լուծվեն պրոֆեսիոնալ դատավորների կողմից, որոնք պետք է քիչ ազդվեին լրատվամիջոցների ծավալած արշավից:  (Դակտարասի` թիվ 42095/98 գանգատի ընդունման վերաբերյալ ԵԴ-ի 2000թ. հունվարի 11-ի որոշման 5-րդ կետի  10-րդ մաս)»:

Մեկ այլ՝ Բուտկևիչուսն ընդդեմ Լիտվայի գործով (26.03.2002թ.) Եվրոպական դատարանը նշել է. «Թեև դատախազի հայտարարությունները որոշակի անհանգստության տեղիք են տալիս, սակայն այն կարելի է մեկնաբանել որպես պարզ պնդում այն մասին, որ առկա են բավարար ապացույցներ, որով կարելի է հիմնավորել դիմումատուի մեղավորությունը և դրանով իսկ պատճառաբանել պառլամենտին ուղղված միջնորդությունը` դիմումատուի դեմ քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու համար»:

Նույն որոշումներից բխում է նաև, որ ՀՀ դատախազությունը մեղադրանքի պաշտպանության գործառույթ իրականացնող քրեական հետապնդման միակ մարմինն է, և ոչ մի դեպքում անմեղության կանխավարկածը չի արգելում, որ նա ներկայացնի անձի մեղավորության վերաբերյալ ապացույցների հիման վրա ձևավորված իր համոզմունքը: Անձի մեղավորության մասին դատախազության հայտարարությունները, ինքնին, քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում, կրում են նախնական բնույթ և դատարանի համար նախապես հաստատված պարտադիր ուժ չունեն: Մեղադրյալի անմեղության կանխավարկածը նրա օբյեկտիվ կարգավիճակն է, այլ ոչ թե որևէ անձի, այդ թվում` դատախազության, սուբյեկտիվ կարծիքը: Դատախազությունը, որը հաստատում է մեղադրական եզրակացությունը և գալիս է դատարան մեղադրանքը պաշտպանելու, բնականաբար, գտնում է, որ մեղադրյալը մեղավոր է: Նա համոզված է դրանում, հակառակ դեպքում նա այդպես չէր վարվի: Մեղադրյալին անմեղ է ճանաչում օրենքը:

Առավել ևս, որ, համաձայն մամուլի ասուլիսի ձայնագրային կրիչի վերծանման, դատախազ Կարեն Շահբազյանը մեղադրյալ Մաքսիմ Պետրոսյանին ոչ թե ինքն է անմիջականորեն «մարդասպան» անվանել, այլ արտահայտել է հասարակության կարծիքը՝ տվյալ դեպքի և անձի հետ կապված:

Բացի այդ, համաձայն նույն վերծանման, Կարեն Շահբազյանը մամուլի ասուլիսի ընթացքում «անհիմն» է անվանել ոչ թե դատարանի որոշումը, այլ դրանում ներկայացված հիմնավորումը` կապված Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու հետ` դրանով ընդամենը հայտնելով իր կարծիքը այդ հարցերի վերաբերյալ, իսկ կարծիք ունենալ դատախազը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է, քանի որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված իր լիազորությունն իրականացնելու համար պետք է գնահատի դատական ակտը՝ դրա օրինական լինելու տեսանկյունից և անօրինական և չհիմնավորված լինելու դեպքում բողոքարկի այն:

Հատկանշական է, որ նշված կարծիքը Կարեն Շահբազյանը նույն մամուլի ասուլիսի ընթացքում պատճառաբանել է գործի նյութերով, համաձայն որոնց մեղադրյալ Մաքսիմ Պետրոսյանը, սպանությունը կատարելուց հետո, թաքցնելով իր կողմից դրա կատարման փաստը, շուրջ երկու օր կեղծ ցուցմունքներ տալով և խեղաթյուրելով իրականությունը, խոչընդոտել է գործի քննությանը, ինչը բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող  էր թաքցնել կամ կեղծել նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը, թաքնվել քննությունից, ինչպես նաև քրեական դատավարության մասնակցող անձանց, մասնավորապես՝ իր 35-ամյա սիրուհու և դեպքի վայր ժամանած շտապ օգնության բուժքրոջ վրա անօրինական ազդեցություն գործադրել, քանի որ իրողությունը բացահայտվելու հարցում էական նշանակություն են ունեցել հենց վերջիններիս կողմից տրված ցուցմունքները, որի մասին տեղեկացված է եղել մեղադրյալ Մաքսիմ Պետրոսյանը: Նշվածը հետագայում հաշվի է առնվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս:

Դատախազության միջնորդության հիմնավորվածության, ինչպես նաև դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու բացառման ակնհայտ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է Լոռու մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:

Վերոգրյալը թույլ է տալիս կարծելու, որ վերը նշված մամուլի ասուլիսի ընթացքում դատախազ Կարեն Շահբազյանը ընդամենը ներկայացրել է մեղադրյալ Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հետ կապված դատավարական ընթացակարգերը, ինչպես նաև գործի հնչեղությամբ պայմանավորված հասարակական կարծիքը, ինչը, բնականաբար, չի կարող կասկածի տակ դնել դատական ակտի օրինականությունը, ինչպես նաև նրա կողմից դատարանին խորհուրդ չի տրվել առաջնորդվելու հասարակական կարծիքով:

Նույն կերպ, դատախազ Կարեն Շահբազյանի հայտարարությունները դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում չեն կարող ձևավորել, առավել ևս, որ դատավորների միության հայտարարությունում նշված «անկողմնակալ» դիտորդները կամ փաստաբանները հանդես են գալիս միայն մեղադրյալի շահերի պաշտպանության դիրքերից և անկողմնակալ չեն կարող լինել:   

Այսպիսով, ելնելով վերոգրյալից, դատախազ Կարեն Շահբազյանի կողմից իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կոպիտ խախտում տեղի չի ունեցել և, ըստ այդմ, նրա գործողություններում բացակայում են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter