HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարի անց՝ առաջին ազատությունը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ազատամարտիկ, հետախուզական ջոկատի հրամանատար Սողոմոն Քոչարյանն ազատություն ստացավ հոկտեմբերի 22-ին: Մեկ տարի առաջ այս հաղթանակը հնարավոր դարձավ ազնիվ, գթասիրտ, նաև իրենց մասնագիտական մոտեցմամբ հանուն արդարության համառ պայքարող Մարդկանց շնորհիվ: 

Սողոմոնն առաջին ցմահ բանտարկյալն էր, ով ազատվեց: Առաջինն էր, ում երազանքը կատարվեց, հեռացավ՝ շրջապատված հարազատ մարդկանցով:

Նա 2-3 օր անց նոր գիտակցել ու հավատացել էր, որ ազատ է: Մինչ այդ թե՛ իր մայրիկին, թե՛ ինձ, երբ զանգել էի, հարցնում էր. «Իսկականից ազատե՞լ են»:

Այս հաղթանակի իրական բերկրանքը զգաց միայն ինքը՝ Սողոմոնը, իսկ ես գիտեմ դրա մասին, քանի որ քանի-քանի բանտարկյալներ են մահացել խոնավ, մութ բանտախցում:

Սողոմոնը չգնահատված, լուռ իր խաչը տարավ դեպի Եռաբլուր և միայն վերջում արժանացավ Մարդկանց գնահատանքին: Երջանկության արցունքներն աչքերին՝ Մարդկանցից շնորհակալ հեռացավ:

Կան նաև այնպիսինները, որոնք գոռում են, թե դատարանները երբեք չեն սխալվում, գոռում են՝ դատե՛ք, քարկոծե՛ք: Չզարմանաք, բայց նրանք էլ իրենց հերթին են ուժ տալիս պայքարելու հանուն արդարության:     

Սողոմոնին նվիրված պատմվածքների ժողովածուի մեջ մի պատմվածք կա, որը վերնագրել եմ «Սա կինո չէ»: Այն սկզբում ռուսերեն էի գրել, հետո թարգմանեցի հայերեն: Սողոմոնի մասին է: Ու քանի որ այսօր Սողոմոնի օրն է, այդ պատմվածքից մի հատված եմ դնում այս նամակումս. 

«... Վարորդը շրջվեց դեպի նեղ ճանապարհը և մոտ 100 մետր գնալուց հետո խրվեց ձների մեջ:

-Թու՛, էս գիշերվա կեսին մենակ էս էր պակասում,- նորից փորձեց գազ տալ, որ դուրս գա, բայց չստացվեց,- էս ճամփով հաստատ մի քանի օր ավտո չի անցել:

-Դե՛, հա՛, խուլ գյուղ ա, մի քանի տուն ա:

Անհանգստանում եմ, զգում եմ՝ ինչ- որ բան այն չի…

-Անունդ Դավիթ ա, չէ՞, - հարցնում է Սողոմոնը:

-Հա՛, որտեղի՞ց գիտես, - վարորդն անհանգստացած շրջվում է:

-Պատերազմի ժամանակ Սաշայի ջոկատում էիր, չէ՞, հիշու՞մ ես իրան:

-Ոնց կարամ չհիշեմ, Սաշան ա ինձ կրակել սովորացրել, հետախուզություն սովորացրել, գիտե՞ս քանի անգամ ա մեր տղերքի կյանքը փրկել:                                        

- Բա հետո ի՞նչ էղավ Սաշայի հետ,-հարցրեց Սողոմոնը:

-Է՜, ախպեր ջան, խեղճ Սաշային մահապատիժ տվեցին: Մի խոսքով`բոլորս էլ գիտենք, որ էդ Իրանի քաղաքացու անձնագրով ադրբեջանցին հետախուզական գործողություն էր անում Հայաստանում, ու հետն էլ նարկոտիկներ բերում մեր երկիր: Սաշան էլ առաջադրանք ա կատարել:                                        

- Բա հիմա որտե՞ղ ա Սաշան,-հարցրեց Սողոմոնը:                                                               

- Ասում են՝ չեն գնդակահարել, ցմահ նստած ա,-պատասխանեց վարորդը:

- Բա, հիշու՞մ ես`Սաշայի իսկական անունը ինչ ա:

- Դե՛, իրան մոտիկ մարդիկ էին Սաշա ասում, իսկական անունը Սողոմոն ա:                     

- Փաստորեն մոտ ես եղել հետը:

-Հա՛, մեր հրամանատարն ինձ ոնց-որ մեծ ախպեր էր, ի՞նչ ա՝ ճանաչու՞մ  ես իրան,- հարցրեց վարորդն ու մթության մեջ ուշադիր նայեց Սողոմոնին:

-Հա՛, ինձ էլ էր ախպոր պես, - ժպտալով ասաց Սողոմոնն ու ավելացրեց, – Դավո՛, ոտիդ ասկոլկեն հանե՞լ են, թե՞ հլը մեջն ա:

Դավիթը ձեռքը ձգեց մեքենայի առաստաղի լույսին: Սրահի մեջ չորսիս դեմքերը պարզ երևացին: Բոլորս լարված էինք, մանավանդ շատ երիտասարդ դիսպեչերը, միայն Սողոմոնն էր հանգիստ, ինչպես միշտ:

-Չե՞ս հիշում, - ասաց հրամանատարը, ով այս տարիներին շատ էր փոխվել, հետն էլ փախուստից առաջ սափրել էր ֆիդայու բեղերը:

Դավիթը գույնը գցեց և հազիվ արտաբերելով ասաց.

-Էս դու՛ ես, Սաշա: Հրամանատա՛ր: Դու՞ ես: 

Սողոմոնը գլխով արեց:

-Բայց դու… Դե՛, ընտեղ…, - Դավիթը դեռ ուշքի չէր եկել վախից, կամ…, - ախր քեզ գնդակահարել էին, չէ՛, հետո փոխել էին ցմահ… Սա՛շ ջան, ախպե՛ր ջան, բա էս ո՞նց`նախագահը ներու՞մ ա շնորհել:                    

Սողոմոնն ու Դավիթը վերջապես գրկախառնվեցին, որքանով դա հնարավոր էր մեքենայի մեջ: Բոլորս հանգստացանք լարված մթնոլորտից:

-Մենք քիչ առաջ բանտից ենք փախել`ցմահ բանտարկյալների բաժնից,-ասացի ես:        

 Քար լռություն տիրեց, սպասում էի, թե ինչ արձագանք կլինի:

- Բայց ո՞նց,- հարցրեց Դավիթը,- հլը ոչ մեկը չի կարացել փախնել էդ բանտից, էն էլ ցմահի տակից…

- Ոնց տեսնում ես` հաջողվել ա, -ասացի ես և, կանխագուշակելով հաջորդ հարցը` ավելացրեցի,- մաքուր ենք դուրս եկել` ոչ ոք չի տուժել, ընդհանրապես չեն էլ նկատել, հակառակ դեպքում ոստիկանների ազդանշանների ոռնոցը կլսեինք ու բոլոր ճանապարհներն արդեն փակած կլինեին:

-Վա՛խ, մամա՛ ջան, էլ չեն ասի, որ Գորիսի բանտից անհնար ա փախնել: Եկատիրինա թագուգհու ժամանակ  կազարմա էր, հետո են սարքել բերդը …Ես ձեր ցավը տանեմ, հալալ ա ձեզ, - նորից է փաթաթվում ինձ ու Սողոմոնին:                                    

-Բա ու՞ր եք գնում, ի՞նչ կա էդ կորած-մոլորած գյուղում, - հարցրեց նա:

Ընկերական թփթփացրեցի Դավիթի ուսին ու ասացի.

-Կարճ ասեմ` կհասցնե՞ս մեզ մինչև Երևան:

-Ո՞նց, փախել եք Գորիսից, Երևան եք գնում,-մի փոքր մտքերի մեջ պատասխանեց Դավիթը:

Ժամեր անց Երևանի նախկին «Ուռենի» կինոթատրոնի մոտ թերթը վերցրեցի ու տաքսոֆոնի քարտ: Մեծ հոդված կար մեր մասին, որ երկու ցմահ բանտարկյալ, իբր, փախուստ են արել և արդեն վաղուց լքել են երկիրը...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter