HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Lonely Day». Պարզ, մարդկային պատմությունից մինչև պատերազմագիտություն

Տարոն Մալաքյանը  աշխարհում այսօր ամենահայտնի հայերից մեկն է, ում ճանաչում են հիմնականում ռոքի բարձրագոչ անուններից մեկով` « System Of A Down»-ով (SOAD): Այսպես շարքային ունկնդրի բնութագրմամբ կարող է եզրափակվել, սակայն երաժշտության և, հատկապես, ռոքի երկրպագուները նրա անունը կհնչեցնեն մի քանի այլ ազդեցիկ խորագրերում ևս: Տարոնին ճանաչում են որպես լավագույն կիթառահարի և իր կատարման առանձնահատկությամբ, որի շնորհիվ նա ժամաակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկզբունքներով դասակարգվող երաժշտական շարքերի գլխավոր հորիզոնականներում: Այսպես ուրեմն, « Music Radar»-ի գնահատմամբ` մեթալ ոճի 20 լավագույն կիթառահարներ կան աշխարհում, որոնցից մեկն էլ Տարոն Մալաքյանն է` 11-րդ տեղում: Իսկ ահա « Guitar World»-ը,  բոլոր ժամանակների լավագույններից պեղել, հավաքել ու կազմել է heavy metal  ոճումկիթառահարների 100 անուն ընդգրկող մի ցանկ, որտեղ մեր հայրենակիցը 30-րդն է, և այդ տիտղոսը նա կրում է  այնպիսի լեգենդների կողքին, որոնց անունները կարդալիս անգամ փշաքաղվում ես` Ջիմի Հենդրիքս, Ջեֆ Բեք, Թոնի Այոմի, Ռիչի Բլեքմոր, Զաք Ուայլդ, Բրայըն Մեյ և ուրիշներ

Տարոն Մալաքյանը, սակայն, ոչ միայն լավագույն կիթառահ է, « SOAD»-ի հիմնադիր և երգիչ-երաժիշտ. նա բազմաթիվ երգերի հեղինակ է, և «SOAD»-ի լավագույն գործերի մեջ մենք մշտապես նրա ներկայությունը տեսել և ճանաչել ենք: Նրա հեղինակած բազմաթիվ երգերից էլ ոչ բոլորն են կատարվել «System Of A Down»-ում: Այս երաժշտին ճանաչողները գիտեն, որ նա համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ, ունեցել անհատական մեծ ու հաջողակ նախագծեր: Նոր ստեղծագործություն գրելիս, նա հավանաբար նախապես չի որոշում, թե ում համար է, սակայն ավարտելուն պես արդեն գիտի, թե նոր երգը որտեղ կարող է ապրել ու ում հետ: Դրանցից շատերը «SOAD»-ի երգացանկում չեն ընդգրկվել մի պարզ պատճառով` Տարոնը համոզված էր, որ իր նոր գործը խմբին այնքան էլ հարմար չէ, և այս մոտեցումը, ինչ խոսք, բնական է ու պատճառաբանված:

Սակայն կա մեկը, որի հանդեպ նա, թերևս, սխալվել էր: Այլ ճակատագիր էր սպասվում Տարոնի կողմից գրված ամենահայտի ու սիրված երգերից մեկին` « Lonely Day» –ին, եթե այն նախապես չլսեին խմբի մյուս անդամներն ու չպնդեին հակառակը:

Նա, առհասարակ, գտնում է, որ ցանկացած նոր ծնված երգ պարտադիր չէ որևէ մեկին ցույց տաս հատկապես այն ժամանակ, երբ առաջարկում ես կատարել. անկախ նրանից, թե նա ուր կմնա,  մեկ անգամ լսելը , կարծում է, որ չի խանգարի: Հենց այս նպատակով էլ նա տղաներին ներկայացրեց իր   « Lonely Day» –ն ու, այսպես ասած, կրակն ընկավ: Խմբի անդամները պնդեցին, որ այն հարմար է « SOAD»-ին, գեղեցիկ է ու նաև տարբեր մինչ այդ եղած գործերից: Խմբի բաս- կիթառահար Շավո Օդաջյանը պատմել է, որ իրենք ստիպված էին գրեթե խլել երգը Մալաքյանից:  « Իրականում ես այն չեմ ուզում կատարել, բայց դե... ուրիշները  կարող է ուզենան  լսել այն»,- ասում էր Տարոնը, ով հետագայում էլ խոստովանում էր, որ շատ փոշմանել է երգը այդ կերպ ներկայացնելու համար:

Երգը ձայնագրվեց և թողարկվեց 2005թ. նոյեմբերին,  խմբի հինգերորդ ստուդիական ալբոմի` «Hypnotize»-ի կազմում: Մի քանի ամիս անց` արդեն 2006թ. գարնանը այն թողարկվեց նաև առանձին` որպես ալբոմի 2-րդ սինգլ: Այն կատարում էր Տարոն Մալաքյանը (գլխավոր վոկալ):

Խմբի անդամները չէին սխալվել, « Lonely Day»-ն իսկապես արժանի էր այս մասշտաբով հնչելու և այդ մասին վկայեցին նրանց միլիոնավոր երկրպագուների արձագանքները: Երգը հիմա էլ խմբի ամենահայտնի ու ամենաշատ հնչած կատարումներից է, թեև նրանց երգացանկում կան գործեր, որոնք վստահ, առավել արժանի են հիշատակման թե' ասելիքի, թե’ կատարման առանձնահատկությամբ: Սակայն  « Lonely Day»-ը, իմ կարծիքով, նույնիսկ սիսթեմյան աղմկոտ ռոքից հեռու մարդկանց հասավ. թեկուզ միայն այն պատճառով, որ այն համեմատաբար պարզ ու մեղեդային էր, սովորական մարդկային պատմություն` պարզ բառերով, այնպիսի մի հոգեվիճակի մասին, որը այցելում է բոլորին և որից չեն կարողանում ազատվել շատերը: Մենության զգացում, որն իր հետ բերում է ծանր մտքեր, դեպրեսիվ ընթացք, ոմանց մոտ` խճճված ու անելանելի վիճակներր… Տարոնի հերոսը, սակայն, հաղթած հերոս է:

«Such a lonely day

And it’s mine

The most loneliest day of my life

Such a lonely day

Should be banned

It’s a day that I can’t stand.

The most loneliest day of my life,

The most loneliest day of my life … »

«Such a lonely day

And it’s mine

It’s a day that I’m glad I survived»

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, հստակ ու հասկանալի, սակայն սովորական մարդկային տրամադրության ենթատեքսում  և' երաժշտասերները, և' մեկնաբանները, բոլորովին այլ իմաստ տեսան: Սա «System»-ի ամենաքննարկված և վիճահարույց երգերից մեկը դարձավ: Ենթադրություններն ու կարծիքները սկսեցին ինչ-որ տեղ հիմնավորվել, երբ հրապարակվեց երգի տեսահոլովակը: Այս քննարկումներում «Lonely Day»-ը մերթ Ցեղասպանության մասին սքողված խոսք է, մերթ իրաքյան պատերազմի մասին, էլի թաքնված ակնարկ, մերթ էլ` ամերիկյան «Սեպտեմբերի 11»-ը  խորհրդանշող երգ-հուշ կամ արձագանք: Շատերը խորացան երաժշտի անձնական դաշտում և փորձեցին այնտեղից ողբերգական իրադարձություններ հայտնաբերել («Such a lonely day, And it’s mine It’s a day that I’m glad I survived» ):

Այս բոլոր  «երևի»-ները, համոզված եմ, բխում են խմբի գործունեության ոչ սովորական առաքելությունից: Նրանց անունը և ստեղծագործությունը մշտապես հնչել են ըմբոստ կոչերի, անարդարության, ճնշման, մարդկանց և բնության իրավունքների համար պայքարի կողքին, ուրեմն պարզ ու սովորական հոգեվիճակի նկարագիրն էլ պետք է խոսքի խորքը տանող բանալիների փնտրտուք բերեր: Թեպետ, չի բացառվում, որ վաղը, Տարոնն իսկապես այս բոլոր վարկածներից տարբեր մի նոր պատմություն էլ բացահայտի:

Տեսահոլովակում խմբի անդամներն են, համերգային շրջագայություններից մեկի ճանապարհին են նրանք: Կադրում մերթ ընթերցող Սերժ Թանկյանն է, մերթ ականջակալներով ունկնդիր Ջոնը, շախմատասեր ու մի քիչ էլ նկարիչ Շավոն, օրվա պատկերն ու նրա մեղեդին որսացող Տարոնը: Այս կադրերում աշխարհը իրենց ձայներով պայթեցրած այս հսկաները մեզ նման մարդիկ են, սովորական մարդիկ, որոնցից ամեն մեկն էլ, բեմի ու աշխարհի հետ պատասխանատու շփման պահերից հետո ուղղակի կարող է ապրել պարզ, մարդկային հոգեվիճակներ, որոնցից մեկն էլ մենությունն է, որը ծնում է բազմաթիվ մտահոգություններ ու հույզեր:

«Lonely Day»-ը 2006թ, Գրեմիի 49-րդ մրցանակաբաշխության թեկնածուներից մեկն էր` « Լավագույն ծանր ռոք կատարում» անվանակարգում: Չմոռանանք նշել, որ երգի սկիզում հնչող կիթառի ակորդները շատերը նմանեցնում են լեգենդար «The House of the Rising Sun» երգին: 

Ի դեպ, երգի երկիմաստության քննարկումներն ալեկոծում են հատկապես տեսահոլովակի որոշ տեսարաններ. զուգահեռաբար հրդեհվող և ապակու անդրադարձնող պատկերներից մեկում դժվարությամբ նկատվող, բայց շատ անակնկալ մի պահ կա, որը ուղիղ տանում է փինքֆլոյդյան ամենահայտնի պատկերներից մեկի մոտ: Փնտրեք այն 47-52-րդ վայրկյանների սահմանում, փորձեք կռահել և, ինչու ոչ, մեկնաբանել...

Մեկնաբանություններ (3)

Արթուր
Շնորհակալ եմ մշակութային նման հետաքրքիր հոդվածների համար։ Ես վստահ եմ, որ սա շատ կարևոր ու արժեքաքավոր է հայալեզու ունկընդրի համար։ Lonely Day տեսահոլովակի 47-52 վայրկյաններում, եթե չեմ սխալվում, երևում է Pink Floyd-ի Wish You Were Here ալբոմի artwork-ը։ Ես սքրինշոտ եմ արել։ Ահա հղումը. http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8245_zpsfy8xpniw.jpg
Նաիրա Հայրապետյան
Լուսինեին. Երևի բոլոր լավ երգերն էլ «դեղահաբեր» են և, ընդհանրապես, լավ երաժշտությունը: Ի դեպ, տեսահոլովակում Շավո Օդաջյանը նկարում է: Ավարտված պատկերը նա հետագայում տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:Շատ հետաքրիր նկար է ստացվել ))) ... Սա ի միջիայլոց՝ ավելացնելով նոր «բացահայտումների» շարքը, եթե դեռ չեք հասցրել, իհարկե :
Lusine Manukyan
Ես տեսահոլովակը երևի մի 10 անգամ նայեցի, իսկապես շատ հետաքրքիր էր ու երգն էլ մի տեսակ նորովի ես սկսում ընկալել. Ամեն անգամ մի նոր բան ես բռնացնում-օրինակ էդքան նայելուց հետո հանկարծ նկատեցի ամենաառաջին կադրում վառվող լուսարձակը, որ մինչև էդ չէի նկատել: Ու կարծում եմ, որ էս երգը հակադեպրեսիվ դեղահաբի է նման, ոչ մի քաղաքական ենթատեքստ էլ չունի, շատ անձնական է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter