HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գագիկ Բարսեղյան (Ջագ). «Գյումրին միշտ էլ ռոքի քաղաք է եղել»

Երանուհի Սողոյան

Լեգենդար «Բամբիռ» ռոք խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը (Ջագ) սովորաբար հարցազրույցներից խուսափում է, ասում է՝ «հոգնում եմ անիմաստ հարցերից»: Մի օր զանգահարել եւ հարցրել են. «Կասե՞ք՝ ինչ է ռոքը», Ջագը թեւաթափ է եղել: «Ես ռոքը թարգել, արդեն ջազ կլսեմ»,-պատասխանից հետո հեռախոսն անջատել է: «Էդ հարցն օր կուդան, ուրեմն էլ իմաստ չունի խոսակցությունը շարունակելը: Հմի ես իրան ի՞նչխ բացատրեմ, թե ինչ է ռոքը: Չեմ սիրե ոչ կոմպետենտ մարդկանց: Եթե դու չիդես թե ի՞նչ է ռոքը, ո՞նց ես պատրաստվում էդ մասին գրել»,-Ջագը ուսերն է թոթվում:

Գագիկ Բարսեղյան-Անահիտ Միրիջանյան ամուսնական զույգին ճանաչում եմ երկար տարիներ: Մեր հանդիպումները հազարից մեկ են աշխատանքային բնույթ կրում: Գուցե դա է պատճառը, որ Ջագի հետ իմ հարցազրույցները հիմնականում մտերմիկ զրույցից ծնված պատմություններ են, եւ կարեւոր չէ, թե ինչից կխոսենք՝ Գյումրու ապագայից,  ներկայացումների երաժշտական ձեւավորումից, ռոք երաժշտությունից, թե «Բամբիռ»-ի ծրագրերից: Թեմա միշտ էլ կգտնվի ու այս անգամ Գյումրուն «ռոքի քաղաք» կոչումը վերադարձնելու մասին է: Ես ձայնագրիչը միացնում, զգուշորեն տեղավորում եմ սուրճի բաժակի եւ մոխրամանի արանքում՝ Ջագի դիմաց:

«Էն օրը հեռուստաալիքներից մեկով Բեռլինից Բախին նվիրված բացօթյա համերգի տեսագրությունն էին տալիս: Էդ հեղեղ անձրեւի տակ, չեմ չափազանցնե, եթե ասեմ մի 5000 մարդ, զոնտիկներով կանգնած Բախ կլսեին: Ես չգիտեմ, մերոնք Կոմիտաս լսելու համար էդքան ժամ անձրեւի տակ կկանգնեի՞ն: Արմենչիկի համերգին՝ հա, բայց Կոմիտասին՝ չէ: «Սիրտս փլած է» կասեր Կոմիտասը,-Ջագը մտահոգ ծխում է,-հիմի վերցնենք ռոքը: Ամեն մարդ չէ, որ ռոք կլսե, բայց սա էլ երաժշտության էն ինտելեկտուալ ուղղությունն է, որ հասու դարձնելով կարող ենք սերունդ կրթել: Ժողովուրդն էրեխու պես բան է: Դու ամեն օր հրապարակը Բեթհովեն միացրու, Աէրոսմիթ միացրու, Բիթլզ միացրու՝ ինքը վախտմ հետո շվշվացնելով ման է գալու»:

Ես ու Անահիտը սուրճ ենք խմում, Ջագը ծխում է: «Գյումրին միշտ էլ  ռոքվի քաղաք է եղել, ամեն դեպքում 70-ականներին էստեղ բում էր,- Ջագի դեմքը հիշողություններից պայծառանում է,-դե Երեւանը միշտ էլ ջազի քաղաք է եղել, իսկ Գյումրին ու Վանաձորը սպես ըսած՝ ռոքվի: Երեւացի աղջիկները ռոք երաժիշտներին չէին սիրե, իսկ լեննագանցիք կսիրեին, ու եթե աղջիկները կսիրեն, ուրեմն տղեքը կձգվին էդտեղ»:

Ջագի հայրը ծնունդով երեւանցի է, մայրը՝ գյումրեցի: Ջագի խոսակցականում իրար են խառնվում արարատյան դաշտավայրի ու գյումրվա բարբառը՝ ստեղծելով յուրօրինակ միքս:

«Ես Լեննագան շուտ-շուտ էի գալիս, հատկապես բանակից հետո: 1978թ-ին «Բամբիռն»-ն ենք ստեղծել տղեքի հետ: Մի տարի հետո Սեւյանի ակումբում ֆեստիվալի էինք ու Անոն հենց էդ ժամանակ սիրահարվավ ինձ»,-Ջագը ծիծաղում է, ես հարցական նայում եմ ամուսնու ասածը գլխով հաստատող Անահիտին: Պատմությունը հետաքրքրում է: Առաջարկում եմ Անահիտին պատմել՝ մտածելով, որ կանայք նման բաներն ավելի լավ են հիշում:

«Երեւանից նոր էի վերադարձել Գյումրի, ընկերուհիս ասաց, թե արի գնանք Սեւյան ակումբում ռոք ֆեստիվալ է: Ես գժվեցի, վա՜յ, Լեննագան ֆեստիվա՞լ: Ինչ որ անհավատալի բան էր: Մի խոսքով գնացինք Սեւյանի ակումբ: Խմբերն սկսեցին հերթով ելույթ ունենալ, Լեհաստանից էլ խումբ կար, հետո բեմ ելավ «Բամբիռը»: Ես անկախ ինձնից միանգամից ոտքի կանգնեցի, որովհետեւ շատ ինքնատիպ երաժշտություն էր, ներկայացնելու ձեւն էր ինքնատիպ, մի խոսքով գժվեցի,-Անահիտը ծիծաղում է,-ընկերուհուս թեւը պոկեցի, թե Լուիզ, էս ի՞նչ խումբ է, ովքե՞ր են էս տղեքը: Վերջը հասկացանք, որ «Բամբիռն» է, որ Ջագ կա էդտեղ՝ ես գժվել էի: Իսկ ծանոթացել ենք մի տարի անց՝ ծննդյան տոներին: Հանգիստ խղճով կարող եմ ասել, որ մեր ընտանիքի կազմավորման «մեղավորը» ռոքն է եղել»:

«Մերոնք ռոքը քիչըմ սխալ կհասկընան՝ գիդեն, թե ըդիկ մենակ գլուխը թափ տալն է»

«Մերոնք ռոքը քիչմ սխալ կհասկընան,-զրույցը շարունակում է Ջագը,-վերցնենք դասական երաժշտության մեջ Մոցարտին ու Պենդերեսկուն: Հիմի մեկը կասի էն էլ է դասական, էն էլ, բայց իրանց դասականն իրարից շատ խիստ կտարբերվի՝ հիմի նույնն էլ ռոքն է: Ռոքի աշխարհը մեր հայերի համար էնքան նեղ է, որ իրանց թվում է, թե ռոքը մենակ կիթառի լարերին խփելն ու գլուխը թափ տալն է: Չէ, այ ցավդ տանեմ, ըդպես չէ, ուղղակի մենք էն կուլտուրան ու հնարավորությունը չունենք, որ մեկը գնա Փինք Ֆլոյդի համերգին, մյուսը գնա Աէրոսմիթի, էն մեկը …Աէրոսմիթի համերգին գնացողը Փինք Ֆլոյդի համերգին չի գնա, ռոքը տարբերակելու կուլտուրա չունենք՝ ունենք ընդհանուր ռոք հասկացություն ընկալող մասսա:

Մի հատ Պիտեր Գաբրիել լսի,՝ ռոք երաժշտություն է, լուրջ երաժիշտ է, Յան Անդերսոն լսի, որ Երեւանում ֆուրոր արեց, ու ամոթ մեզ, որ դահլիճի կեսից շատ վրացիներն ու իրանցիներն էին: Այսինքն մարդն եկել է Երեւանում համերգ տալու, վրացիք Վրաստանից եկել են՝ հայերը տեղում չեն գնացել: Էս ենք, ի՞նչ ասեմ, ռաբիզ լսելն երեւի ավելի հեշտ է՝ հեշտին կվազենք: Դաժե կոնկուրս կդնեն, թե ո՞նց է ճիշտ էդ ռաբիզի մեջ խաղեր տալը: Դրանք ազգի դավաճաններ են, բա կարելի՞ է ազգն էդպես փչացնել: Ես ռաբիզի անունը դրել եմ բոշ-արտ՝ բոշեքի երաժշտություն…էն մեր Վաղոն օրըմ մե լավ բանըմ ըսավ՝ ինչխօր կահույքագործության մեջ տաբուռետկա սարքող, բայց՝ առնամենտներով(նախշերով-հեղ.)»:

«Մեր մայլի գողականները ռոք կլսեին»

«Պապոնքս Բոշի մայլա կապրեին: Մեր մայլի գողական տղեքը Լեդ Զեպելին կլսեին, հարդ ռոք, հեւի մետալ, պատկերացրեցի՞ր…տղեքն իմանային մեկը ռաբիզ կլսե՝ ծեծ կուտեր էդ մեկը: Մի հատ «Ճիզվիտ» մականունով գողական ունեինք, էն վախտ «խուժան ալիք» կար, էդ ալիքով կհայտարարեր. «Հիմի «Աքիստի» պատվերով, Զեպելինի մե հադմ Բլյու բլյու՜զը,-ու էստեղ պայթում է Ջագի քահ-քահ ծիծաղը,-բա՜, էդպիսի տարիներ էին, քաղաքս ռոքով կապրեր, դաժե տաքսի կնստեիր՝ էլի ռոք էր միացրած: Ռոքն իրա մեջ ըմբոստություն ունի, ընդվզում կա, բողոք կա, երեւի դրա համար էլ ինքը հենց Գյումրու մեջ պիտի ծաղկեր»:

Հարցնում եմ սեպտեմբերի 25-ին մոտ 4 ժամ տեւած «Գյումրի ռոք-ֆեստի» մասին: «Գիտե՞ս, սկզբի համար վատ չէր: Էնպես չէ, որ առաջինն էր, էլի ֆեստիվալներ են եղել Լեննագան` ուղղակի ընդմիջումն էր մեծ: Վերջինը 90-ականերին էր՝ Գորկու սադի մեջ, երեւի մի 20 տարի առաջ: Հիմի էդ երկար ընդմիջումից հետո էն ինչ որ ունեցանք սեպտեմբերի 25-ին՝ վատ չէր, բայց ես անունը ֆեստիվալ չէի դնի, որովհետեւ դա ուրիշ հասկացություն է: Հետո Նարեկը մե ճիշտ բանըմ ըսավ՝ բդի անունը դնեինք «Զիլ», որ կնշանակե ուժեղ, հզոր ձայն: Համ էլ անգլերեն տարբերակում Z-ը կա՝ ժխտողական իմաստով, մյուս կողմից էլ Zela նշանակում է էնտուզիազմ, էներգիա, կիրք,-ինչ որ բան հիշելով Ջագը ցուցամատը բարձրացնում է ու քթի տակ ծիծաղելով՝ հավելում,- «ЗИЛ» ավտոյի հետ չխառնեք, էդ հապավում է՝ «Զավոդ իմենի Լիխաչովա»: Հա, շարունակեմ, կարող էր եւ ավելի լավը լինել, բայց պրոբլեմներ կար կապված գումարների, տեխնիկայի հետ: Մի խոսքով, Նարեկը դրա մասին ավելի լավ կպատմի՝ ինքն է «տառապել» մինչեւ սաղ իրա տեղն է ընկել»:

«Ռոք ֆեստիվալները 5 մլն դրամով չեն անում»

Գյումրու «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, ՀՀ անկախության 25-ամյակի եւ Գյումրու օր տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 25ին նախաձեռնել էր «Ռոք ֆեստ-2016» առաջին միջազգային ռոք փառատոնը: Հրավիրված խմբերն ու անհատ կատարողները ԱՄՆ-ից, Վրաստանից ու Հայաստանից էին՝  Sima Cunningham (ԱՄՆ), Young Georgian (Վրաստան), Black Marrows (Վրաստան), Palm of Granite (ԱՄՆ), Bambir եւ Rozen Tal խմբերը: Ընդհանուր ծրագրի պրոդյուսերը Տիգրանն էր Վիրաբյան երաժշտական մասի պրոդյուսերը՝ նոր սերնդի «Բամբիռ» ռոք խմբի վոկալիստ, կիթռահար Նարեկը Բարսեղյան՝ Ջագի որդին:

Նույն սեղանի ուրջ ենք նստած ու ես ձայնագրիչն ընդամենը մի փոքր տեղաշարժում եմ՝ հարմարեցնելով Նարեկին: Դրական  մի բան եմ արձանագրում՝ հարցազրույցի ընթացքում Նարեկն, ի տարբերություն Ջագի՝ չի ծխում, խոսում է երեւանի ու գյումրվա բարբառն իրար խառնած՝ անգլիախոսներին բնորոշ առոգանությամբ:

«Մենք էդ ժամանակ Ամերիկայում էինք,-պատմում է Նարեկը,- Վիրաբյան Տիգրանը զանգեց, թե ռոք ֆեստ անենք, կմասնակցե՞ք: Էդ ժամանակ ԱՄՆ Midwest  ֆեստիվալի էինք,մեկնել էինք շրջագայության, բայց ասի՝ OK: Շատ ոգեւորվեցինք, Սիման էլ էր մեր հետ, ինքը ֆեստիվալների կազմակերպման փորձ ուներ՝ Չիկագոյում էր աշխատել, մի խոսքով նստեցինք մտածեցինք, գծեցինք, հաշվարկեցինք, 2-րդ օրը զանգեցի ասի, որ խմբերի հետ կպայմանվորվենք, կամավորներ կգտնենք, ասեցին՝ 0K ու դրանից հետո 2 ամիս պաուզա գնաց: Մենք խմբեր էինք ճարել, որ համաձայնվել էին գալ Հայաստան: Դե որ ընդմիջում եղավ՝ ցրվեցին, ի վերջո սաղ զբաղված մարդիկ են, պիտի գային, ձրի համերգ տային, դա լինելու էր իրենց ներդրումը, բայց եթե դու հստակ չգիտես որ օրը պիտի ֆեստիվալ լինի, ընդհանրապես պիտի լինի, թե չէ եւ իրենք էլ ունեն այլ հրավերներ՝ չես կարող ամեն ինչը վերջին օրով հրամցնել, ոնց որ սովորաբար անում են Հայաստանում»:

«Եթե էս անորոշությունը չլիներ, ավելի շատ քանակով խմբեր կունենայինք,-շարունակում է Նարեկը,-մյուս կռիվն էն էր, որ ֆեստիվալը չներառվեր «Գյումրու օր» միջոցառման մեջ եւ անկախ փառատոն լիներ, որ մի ամբողջ օր տեւեր ու մարդիկ մենակ դրանով զբաղվեին: Ես պատկերացնում եմ, որ փառատոն ասվածը պիտի սկսվեր ժամը 12-ից՝ Սեւ ամրոցի տարածքում, էնտեղ եթե նկատեցիք էլի բեմահարթակ կար, լավ գինի, պանիր, մի քիչ պիկնիկային տարբերակով, հետո արդեն ժամը 7-ից մինչեւ կեսգիշեր պիտի լիներ հիմնական ծրագիրը: Ֆեստիվալ հասկացությունն իր ողջ հմայքով վայելեու համար պետք է կազմակերպեր այնպես, ինչպես ընդունված է Ամերիկայում կամ եվրոպական երկրներում, այդ դեպքում նոր կարող ենք ասել, որ այո՛, դա ֆեստիվալ է»:

Գյումրու ռոք ֆեստիվալին հայտեր ներկայացրած հայկական ոչ բոլոր խմբերն հնարավորություն ունեցան մասնակցելու ու պատճառներ դրա համար կային: Նախ ժամանակը (ռոք-ֆեստիվալն ըստ ծրագրի պիտի սկսվեր ժամը 17-ին եւ տեւեր 2 ժամ-հեղ.), փառատոնի կազմակերպման համար հատկացված շատ փոքր գումարը, մեկ բեմի առկայությունը:

«Հայաստանից շատ խմբեր կուզենային մասնակցել, սակայն չկարողացանք տեղավորվել նախ ժամանակի մեջ, որովհետեւ անգամ էդ առումով սահմանափակում կար, միայն Rozen Tal-ն հայտնվեց, որովհետեւ գյումրու խումբ էր: Բեմը մեկն էր եւ երբ խումբ էր փոխվում, ուրեմն էդտեղ սարքավորումների ուստանովկի խնդիր կար: Դրա համար էլ մենք որոշեցինք «Զուռնաչիների» պրոյեկտը ներառել, որ ընդմիջումներին նվագում էր: Մենք հայտ ունեինք Իռլանդիայից, բայց արտիստն այդպես էլ չկարողացավ գալ: Մենք հենց սկզբից մտածել էինք խմբեր բերել, բայց դա թանկ հաճույք է, այսինքն չորս հոգանոց խումբ Իռլանդիայից կամ Ամերիկայից բերելը նույն գինն է անում տոմսերի առումով: Ֆրանսիայից էինք շատ լավ խմբեր ընտրել, բայց քանի գնաց բյուջեն փոքրացավ, դարձան խաղալիք գումարներ:  Մշակույթի նախարարությունը խոստացել էր 7,5 մլն դրամ՝ տվեց 5 մլն, քաղաքապետարանն ու մարզպետարանն էլ իրանց խոստացածի կեսը տվեցին՝ էդ գումարներով ռոք փառատոն չես անի»:

Սակայն այս փորձը, որ ինչ որ տեղ փորձություն դարձավ կազմակերպիչների համար, ունեցավ նաեւ իր դրական կողմերը: Համացանցով արված հայտարարությունից հետո 2000 հրավիրատոմսի սպառման արագությունն ապացույցն էր այն բանի, որ նման փառատոնի սպասում էին ոչ միայն գյումրեցիները: Ռոք ֆեստի մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում մայրաքաղաքից ժամանածները, քիչ չէին նաեւ օտարերկրացիները:

«Ամեն անգամ ասում էինք մեծ բյուջե լինի՝ լավն անենք,-նկատում է Նարեկը,- բայց ասինք՝ լավ, թող էս անգամ քչով լինի, սխալների վրա սովորենք, որ հասկանանք հետո ոնց անենք ու ավելի լավն անենք: Էս քաղաքը դրա կարիքն ունի ու մտածում եմ, որ պետք է լուրջ մտածել, կազմակերպել ու դարձնել սա ամենամյա փառատոն: Համ էլ կվերականգնենք Գյումրու, որպես ռոքի քաղաքի փառքը»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի եւ Արսեն Միրզախանյանի, նաեւ The Bambir պաշտոնական էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter