Շաբաթ, 22 սեպտեմբերի

Բիզնես ոլորտից մինչև կառավարություն, կամ՝ փոխնախարարի «Երազը»



Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2014թ-ին: Նա կառավարություն է եկել բիզնես ոլորտից: Մինչ փոխնախարար նշանակվելը եղել է «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը:

Հայկ Հարությունյանն ընդամենը 30 տարեկան է, սակայն հասցրել է զգալի կարողության տեր դառնալ: Մասնավորապես՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 2014թ.  օգոստոսի 5-ին նա արդեն ուներ հողամաս և առանձնատուն, «MERCEDES-BENZ E 350 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա: Նա ուներ նաև երեք տարբեր ընկերություններում բաժնետոմսեր: Նույնիսկ կարողանում էր փոխառություն տալ: Այդ օրվա դրությամբ տրա տված փոխառությունների չափը կազմում էր մոտ 105 միլիոն դրամ:

120 միլիոն դրամ էլ կազմել է եկամուտը, որը հիմնականում գոյացել է ձեռնարկատիրական գործունեությունից: Իսկ նորանշանակ փոխնախարարի հաշվին եղել է 19 մլն դրամ, 45 հազար դոլար և 20 հազար եվրո:

2014թ. տարեկան հայտարարագրում փոխնախարարի ունեցվածքն ավելի համեստ թվերով է հերկայացված: Նրա եկամուտը կազմել է 42 միլիոն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները՝ 47 միլիոն դրամ և 50 հազար դոլար:

Նա նույնիսկ մոտ 17 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «MERCEDES-BENZ E 350 4 MATIC» մակնիշի ավտոմեքենան և 473 հազար դրամով ձեռք է բերել հողամաս:

Արդեն 2015թ. նրա եկամուտները կրճատվել են, մնացել է միայն աշխատավարձը՝  մոտ 4 միլիոն 7 հարյուր հազար դրամ:

Փոխարենը 20 միլիոն դրամով գնել է «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա: Իսկ 50 հազար դրամով օտարել է ընկերություններից մեկում ունեցած բաժնետոմսը:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Հայկ Հարությունյանն ունեցել է 25 միլիոն դրամ և 25 հազար դոլար:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ ԱԱԾ տնօրեն Արզուման Հարությունյանի որդին է, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան:

Փոխնախարարի կինը՝ Մանե Հարությունյանը, 2014թ. հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 10 հազար դոլարի չափով: Իսկ 2015-ին ստացել է 20 միլիոն դրամի նվիրատվություն: Ավելին՝ 19 միլիոն 175 հազար դրամով ընկերություններից մեկում ձեռք է բերել բաժնետոմս և նույն տարում, նույն գնով էլ օտարել: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 հազար դոլարով` կազմելով 15 հազար դոլար:

4 բնակարան և ERAZ 3218 ավտոմեքենա

Վարդան Գևորգյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է այս տարվա ապրիլի 4-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության պետի պաշտոնը:

Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 4 հատ բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև շարժական գույք՝ «ERAZ 3218» մակնիշի ավտոմեքենա:

34-ամյա Գևորգյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 1 միլիոն 624 հազար դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 3 մլն 100 հազար դրամ, 7 հազար դոլար և 2500 եվրո:

Լուսանկարում ձախից՝ Հայկ Հարությունյան, Վարդան Գեւորգյան


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Պաշտոնյաների ունեցվածքը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ