HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ագրարային ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն:

«Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, սակայն մեր երկու երկրների միջև առկա են փոխշահավետ համագործակցության այլ հնարավորություններ ևս, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Ընդգծելով, որ այսօր մեր գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկը նորագույն գյուղտեխնիկայով վերազինումն է' Իգնատի Առաքելյանը որպես համագործակցության հնարավոր ուղի իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը: Բացի այդ, նկատի ունենալով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը' կողմերը նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Դեսպանը հավելել է, որ Բելառուսում արտադրվում են նաև կերահավաք և հացահատիկահավաք կոմբայններ և առաջարկել է ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները ևս:

Դեսպան Իգոր Նազարուկը, համառոտ ներկայացնելով Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներն ու վերջին շրջանում գրանցված հաջողությունները, առանձնացրել է այն ոլորտները, որոնցում Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն' մասնավորապես ընդգծելով բուսաբուծության, անասնապահության (այդ թվում' տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների և օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter