HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վանաձորը մաքուր քաղաք չէ

Վանաձոր քաղաքը բաժանված է աղբահանման 6 գոտիների: Դրանցից յուրաքանչյուրում աղբահանությունն իրականացնում են առանձին ընկերություններ: Համայնքի ավագանու սահմանած կարգի համաձայն՝ փողոցներում տեղադրված կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերից աղբահանումը պետք է կատարվի ամեն օր, բազմաբնակարան շենքերի աղբամուղներից` 3 օրը մեկ անգամ, մասնավոր սեկտորից՝ շաբաթը երկու անգամ:

«Չեմ ասի, թե աղբը երկար է մնում աղբամաններում, բայց, միեւնույնն է, քաղաքը մաքուր չէ: Աղբարկղերը բաց են, քամին ու շները աղբը ցրիվ են տալիս քաղաքով մեկ, տնտեսվարողները, այդ թվում նաեւ խանութների տերերը, աղբը թափում են մոտակայքում: Քաղաքում սեփականաշնորհված տարածքներ կան, որոնք ո՛չ տերերն են մաքրում, ո՛չ քաղաքապետարանը: Բնակիչներն աղբը լցնում են չնախատեսված տեղերում, գետերի մեջ»,- ասում է Վանաձորի բնակչուհի Նարինե Սարգսյանը:

Վանաձորում աղբահանության վճարի հաշվարկումն ու գանձումն իրականացնում է Վանաձորի համայնքապետարանը եւ փոխանցում իր հետ աղբահանման պայմանագրեր կնքած կազմակերպություններին: Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ համայնքապետարանն այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա համեմատությամբ, մոտ 33 մլն դրամով պակաս է կատարել աղբի վարձավճարների գանձումը: Որքանո՞վ է այն անդրադարձել աղբահանման աշխատանքների վրա՝ դժվար է ասել, որովհետեւ Վանաձորում աղբահանման հարցը շարունակական քննարկման թեմա է եղել եւ մնում է այդպիսին ոչ միայն տեղի բնակիչների, այլեւ լրատվամիջոցների ու տեղական կառույցների համար:

Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել, որոնցում աղբահանության որակը բարելավելու լուծումներ են առաջարկել, սակայն առայսօր քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման հարցը լուծված չէ:

Վերահսկիչ պալատը 2012թ. Լոռու մարզի քաղաքների աղբանահության վիճակի ուսումնասիրություն է իրականացրել ու արձանագրել, որ Վանաձորում շինարարական աղբի մեծ մասը հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասում գտնվող աղբաթափման վայր տեղափոխելու փոխարեն տեղադրվում է քաղաքից դուրս` գետերի հուների կամ ավտոճանապարհների երկայնքով:

Այս վիճակը շարունակվում է մինչ օրս, որովհետեւ քաղաքապետարանը չնախատեսված տեղերում աղբը թափելու համար տուգանքներ չի նախատեսել:

Ավագանին 2015թ. դեկտեմբերի 23-ին կայացրած թիվ 63-Ա որոշումով սահմանել է  քաղաքում 2016թ. աղբահանման կարգը, միաժամանակ աղբահանում իրականացնող կազմակերպություններին ցուցում է տվել՝ «Կենցաղային եւ խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման եւ վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր»:

Վանաձորում աղբի վերամշակում իրականացրել է «Քլին Լենդ» ընկերությունը: Ընկերությունը Հայաստանում առաջինը Լոռու մարզում է հիմնադրել աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան: Սակայն, երեք տարի աշխատելուց հետո, անցած տարվա գարնանից դադարեցրել է գործունեությունը Վանաձորում: Հետեւաբար, անհասկանալի է, թե աղբահանության 2016թ. կարգը սահմանելու որոշման մեջ համայնքապետարանն ինչո՞ւ է նշում վերամշակման արտադրամասի մասին:  

Քաղաքի տարբեր հատվածներում կենցաղային աղբի համար տեղադրված աղբամանների կողքին այսօր էլ հանդիպում են պլաստիկ շշերի համար նախատեսված տարաներ, որոնք բերնեբերան լցված էին: «Ի՞նչ է արվում առանձնացվող պլաստիկը» մեր հարցին համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները տարբեր բացատրություններ տվեցին: Մեկը հայտնեց, թե արդեն 3 տարի է, ինչ այն առանձնացվում է քաղաքի շինություններից մեկի բակում, բայց չի վերամշակվում: Մեկ ուրիշի ասելով` նախկինում աղբի վերմաշակում էր կատարվում եւ նախկին սովորույթով բնակիչները շարունակում են աղբը տարանջատել, բայց ողջ աղբը հավաքվում ու տեղափոխվում է Արջուտի աղբավայր:

«Քլին Լենդ» ընկերության հիմնադիր Արթուր Մակարյանը մեզ հայտնեց, որ Վանաձորում վնասով են աշխատել` աղբի քանակը քիչ է, բացի այդ՝ որակ չունի` «աղքատիկ է, վերամշակելու բան չկա»: Վերամշակելու համար տարանջատում էին թուղթն ու պլաստիկը, սակայն Վանաձորում այդպես էլ իրենց բիզնեսը չի արդարացրել, ուստի արտադրամասը վարձակալության են հանձնել մի անհատ ձեռներեցի: Նա հիմա աշխատում է այդ տարածքում՝ ուրիշներից գնում է պլաստիկն ու պոլիէթիլենը եւ վերավաճառում է իրենց:

«Քլին Լենդ» ընկերության մուտքը քաղաք շատերի մոտ հույսեր է արթնացրել, որ այդ կերպ կլուծվի Վանաձորի ամենակարեւոր հարցը՝ շրջապատը մաքուր կմնա, աղբը չի հայտնվի բնության մեջ, գետերում ու անտառում: Սակայն, ընկերության գործունեության շրջանում ոչ միայն այդ հույսերը չեն արդարացել, այլեւ նոր խնդիրներ են առաջացել:

Վերամշակման արատադրամասը գտնվում է քաղաքին հարակից Դարպաս գյուղի հարեւանությամբ: Ընկերությունը համայնքին վճարել է, որպեսզի քաղաքապետարանի կոմունալ բաժինը քաղաքի աղբն Արջուտի աղբավայրի փոխարեն տեղափոխի Դարպասում գտնվող աղբի տեսակավորման կայան: Այստեղ այն պետք է տեսակավորվեր, իսկ մնացած աղբը տեղափոխվեր Արջուտի աղբավայր:

2013թ. փետրվարին Դարպաս համայնքի բնակիչներն ահազանգել են, որ համայնքի տարածքը, նաեւ այդտեղով հոսող Փամբակ գետը վերածվել է ապօրինի աղբավայրի: Դարպաս համայնքի ղեկավարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին խնդրել է լուծում տալ հարցին: Մարզպետը խորհրդակցություն է հրավիրել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: «Խնդիրն այն է, որ այդ տարածքում գործում է աղբի վերամշակման կոմբինատ: Նշված հիմնարկության տնօրինությունը աղբը վերամշակելուց հետո մնացած աղբը տեղափոխում է ոչ թե Արջուտի աղբավայր, այլ, նեղություն չկրելով եւ չցանկանալով հավելյալ գումարներ վատնել, աղբաթափություն է իրականացնում վերոնշյալ տարածքում»,- ասվում է քննարկման վերաբերյալ Լոռու մարզպետարանի հաղորդագրության մեջ: 

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետը մեղադրել է վերամշակող կազմակերպությանը, որ տեսակավորելուց հետո աղբը աղբավայր տեղափոխելու փոխարեն թափում են հարակից տարածքում: Սակայն պարզվել է, որ Վանաձորի քաղաքապետարանի եւ տվյալ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով հստակեցված չէ, թե վերամշակումից հետո ում պարտավորությունն է աղբավայր տեղափոխելը: Միայն արձանագրվել է, որ աղբը վերամշակող ընկերությունը գումար է վճարում Վանաձորի քաղաքապետարանին, ուստի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը պարտավոր է հետեւել գործընթացին մինչեւ վերջ: 

Արջուտի գիշեր ու ցերեկ ծխացող աղբավայրը

Այսպիսով, շատերի փայփայած այն հույսը, որ վերամշակող գործարանի շնորհիվ կլուծվի նաեւ բնակչության անվտանգության եւ շրջակա միջավայրի մաքրության հարցը, չի արդարացել: Այսօր առավել հրատապ է Վանաձորի աղբավայրը փակելու հարցը. բոլոր ուսումնասիրողները փաստել են, որ Արջուտ գյուղին հարակից աղբավայրը չի համապատասխանում բնապահպանական, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման չափանիշներին:

Արջուտի աղբավայրը գիշեր ու ցերեկ ծխում է, ու այն շրջապատող սարերն անկարող են Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու անցորդներից թաքցնել բարձրացող ծուխը: Անցյալ դարի 70-ական թվականներից Վանաձոր քաղաքի, ինչպես նաեւ Արջուտի, Գուգարքի, Մարգահովտի եւ այլ համայնքներում առաջացած աղբը լցվում է Արջուտի աղբավայր: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցներն ասում են, որ աղբը չեն այրում, կուտակված գազերից այն ինքնայրվում է, իսկ երբ շատ է կուտակվում, տրակտորը հրում-լցնում է ձորը:

«Քամին աղբավայրի հոտն ու ծուխը ուղղում է դեպի գյուղ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ աղբը վառել չի կարելի, էդ վտանգավոր հոտը ոչ մեկին հաճելի չէ: Հատկապես ամռանը աղբավայրի գարշահոտությունից ու ծխից մարդիկ չեն կարողանում շնչել»,- «Հետք»-ի հրապարակումներից մեկում ասել էր Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը:

Աղբավայրը Արջուտ գյուղի վարչական տարածքի հողերից զբաղեցնում է 5.6 հա, եւս 20 հա վարելահող համայնքը կորցրել է աղբավայրի թափոններով եւ կեղտաջրերով մշտապես աղտոտվելու պատճառով: Համայնքապետը դժգոհել էր, որ անցած 20 տարիներին Վանաձորի քաղաքապետարանը որեւէ միջոցառում չի ձեռնարկել շրջակա միջավայրի վրա թափոնների բացասական ազդեցությունը մեղմելու համար: Վանաձորից աղբը աղբավայր է տեղափոխվում նաեւ բաց ավտոմեքենաներով` ամեն օր աղբավայրում բեռնաթափվում է 50-60 ավտոմեքենա աղբ: Մեքենաներից աղբը թափվում է ինչպես Վանաձոր-Արջուտ, այնպես էլ աղբավայր տանող Արջուտի գյուղամիջյան ճանապարհներին:

 «Արջուտի աղբավայրն այլեւս անկարող է ծառայել մարզկենտրոնի բնակչությանը»,- այս արտահայտությունը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հնչեցրել է դեռեւս երկու տարի առաջ Լոռու մարզպետարանում հարցը քննարկելիս:

Ավելի քան 4 տարի Կառավարությունում եւ միջազգային տարբեր կառույցներում քննարկվում է Արջուտի աղբավայրը փակելու եւ Լոռու մարզի տարածքում նոր աղբավայրի տարածք ընտրելու հարցը:

Ասիական զարգացման բանկը 2014թ. «Վանաձորի քաղաքային զարգացման ծրագիր» է մշակել, որում անդրադառնալով մեր հրապարակման թեմային՝ նշում է· «Կոշտ թափոնների կառավարման ծրագրի մշակումը առաջնահերթություն է Վանաձոր քաղաքի համար` ներառյալ հոսքերի մշակումը, հավաքման կետերը, աղբավայրի տեղակայման վայրերը, սարքավորումները»:

«Աղբավայրը, որը տեղակայված է Արջուտ գյուղի հարեւանությամբ, վատ վիճակում է գտնվում եւ այլեւս հարմար չէ քաղաքի համար: Անհրաժեշտ է փակել աղբավայրը` խուսափելու համար հիգիենիկ, առողջապահական խնդիրներից եւ աղտոտումից, մասնավորապես՝ պայմանավորված դրենաժային համակարգի աղտոտմամբ: Իրավական կարգավորումներն ամբողջությամբ չեն պահպանվում Վանաձորում, եւ չվերահսկվող աղբակույտերը լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացնում (վառում)՝ այսպիսով վտանգի ենթարկելով լանդշաֆտը եւ հանրային առողջությունը»,- ասվում է զարգացման ծրագրում:

Տարածքային կառավարման նախարարության,  Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների եւ ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ վերջին տարիներին քննարկվում  է KFW բանկի (Գերմանական Զարգացման բանկի) վարկային միջոցներով իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարում» ծրագիրը, որն առաջարկում է մարզի տարածքում կառուցել նոր աղբավայր, կազմակերպել եւ իրականացնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան  աղբահանություն:

Դիտարկվել են աղբավայրերի կառուցման երկու տարբերակներ՝ կենտրոնացված, այն է՝ նոր սանիտարական աղբավայր Քարաձոր եւ Ղուրսալի համայնքների տարածքում եւ փոխաբեռնման կայանների համակարգ Լոռու մարզի հեռավոր շրջանների եւ Դիլիջան քաղաքի համար: Կամ ապակենտրոնացված` նոր աղբավայր նշված տեղանքում եւ Լոռու մարզի հեռավոր շրջանների ու Դիլիջան քաղաքի համար փոխաբեռնման կայանների փոխարեն փոքր աղբավայրերի համակարգ:

Ե՞րբ կկառուցվի նոր աղբավայրը, ե՞րբ կփակվի Արջուտի աղբավայրը, դեռեւս անորոշ է:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբեր ամսին նախարարությունը վերսկսելու է բանակցությունները KFW բանկի հետ, բանակցությունների հաջող ընթացքից հետո հնարավոր կլինի խոսել աղբավայրի կառուցման ու ժամկետների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter