HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1888 թվականի հոկտեմբերի 24-ին ծնվեց Լեռ Կամսարը

Լեռ Կամսար

Սովետական ուսանողների մեծ մասը գիտական կոչումներ ստանալու համար գրում է «դիսերտացիաներ»՝ նյութ ունենալով «Սովետական Միության պատմությունը»:

Բայց, ախր, այդպիսի պետություն իրականի մեջ գոյությո՜ւն չի ունեցել: Սովետական պետությունը մարդկանց ուղեղի մեջ ծնունդ առավ, ուղեղի մեջ էլ մնաց ցայսօր, և դեռ իր ոտքը գետին չի դրել:

Սովետական ժողովրդի պատմությունը հայ ժողովրդի պատմության նման փաստացի պատմություն չէ իր ռեալ բովանդակությամբ ու անհերքելի սկզբնավորությամբ: Այնտեղ չկա Հայկի և Բելի կռիվ, չկա Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին։ Այնտեղ Արալեզը չի լիզում Արային ու հարություն չի տալիս նրան: Այնտեղ նկարագրված է Միության ժողովրդի «երջանիկ կյանքը», որը գոյություն չունի իրականում:

Սովետական Միության մասին մի առասպել միայն գոյություն ունի, որը հետևյալն է:

Ասում են, շատ հին ժամանակներում մի մարդ է ծնվել Ռուսաստանում՝ անունը Լենին: Այս Լենինը դժգոհ էր տիրող կարգերից և կամենում էր սոցիալիզմ կառուցել երկրում: Ու կարծելով, որ դրա համար հարկավոր է գիտություն՝ պայուսակն առած դպրոց է գնում իր քաղաքական իդեալն իրականացնելու համար:

Դպրոցի ճանապարհն անցնում էր մի պառավի կորեկի արտի միջով: Եվ երբ Լենինը արտն է մտնում, պառավը դուրս է գալիս անիծում, թե ինչո՞ւ է տրորում իր կորեկը: Այստեղ Լենինը դառնում պառավին ասում է.

- Մամի՛կ, ինչո՞ւ ես անիծում, դպրոց եմ գնում, գիտություն ձեռք բերեմ, սոցիալիզմ շինեմ:

Պառավն ասում է.

- Հողե՛մ գլուխդ, դո՞ւ պետք է մեր ցարի ժառանգը լինես: Սոցիալիզմը գիտությամբ չեն շինում, սոցիալիզմը մորուքով են շինում: Գերմանիա գնա՝ և Կարլ Մարքս հարցրու, նա համաշխարհային սոցիալիզմի հայրն է, և դրա համար ունի կզակի վրա տնտեսած մի համապատասխան մորուք: Ասա՝ դյադյա, քո տգիտությունն ու մորուքը տուր, տանեմ Ռուսաստանում սոցիալիզմ կառուցեմ բերեմ:

Գնաց Լենինը, ասաց, բայց Մարքսը ո՛չ իր տգիտությունը տվեց, ո՛չ էլ մի թել իր մորուքից: Ասաց.

- Դա համաշխարհային սոցիալիզմի համար եմ պահել, մի երկրի չեմ կարող տալ:

Երբ Լենինը շատ խնդրեց, շատ աղաչեց՝ Մարքսը մի փոքր հիմարություն լցրեց նրա գլուխը, մի փունջ մորուք կպցրեց կզակին և ուզում էր ճամփել, բայց Լենինն անշարժ էր: Նա ասաց.

- Ռուսաստանը աշխարհի մեկ վեցերորդն մասն է. այսքան քիչ հիմարությամբ ու ընդամենը մի այծամորուքով այդ մեծ երկրում սոցիալիզմ կկառուցվի՞:

Մարքսն ասաց.

- Այսքան այծամորուք խիստ բավական է մի երկրում սոցիալիզմ մկկալու համար: Գալով հիմարությանը՝ դո՛ւ էլ պակաս հիմարը չես, մի բան էլ քեզանից դիր ու կառուցիր:

Եկավ Լենինը Ռուսաստան, բաց արեց իր գլուխը և տեսավ, որ իր գլխում իրոք որ ահագին հիմարություն կար մոռացված: Հավաքեց, մի հայտարարի բերեց աշխարհի բոլոր հիմարությունները և սկսեց կառուցել սոցիալիզմ: Իսկ դա նշանակում էր մարդկանց վրայից կտրել հանել հին գլուխները, վրան նորերը պատվաստելու համար: Որոշ մարդիկ մոտեցան նրան և ասացին.

- Նախ մեկի վրա փորձիր, եթե նոր գլխով մարդիկ կարողացան մտածել՝ նոր այն ժամանակ բոլորը կտրիր:

- Չէ՛, - ասաց Լենինը, - բոլորինը մեկ անգամից պիտի կտրեմ:

Կտրեց, բայց ոչ մեկը չկարողացավ նոր գլխով մտածել: Գլուխը մի բան էր ասում՝ մարմինը մի այլ բան էր կատարում: Գլուխն ասում էր մարմնին՝ կե՛ր, խմի՛ր, երջանի՛կ եղիր, մարմինը սոված փորով քնում և դժբախտ էր զգում իրեն:

Տեսավ, որ բան չի դուրս գալիս՝ հայտարարեց.

- Ով դժբախտ զգա ինքզինքը՝ Սիբիր կաքսորեմ:

Սիբիրի վախից բոլորը կծկվեցին, սառսռացին, ատամ ատամին սեղմած՝ տարան Գրիգոր Լուսավորչի բոլոր տանջանքները և վախից ․․․ երջանիկ եղան:

-----------------------------------

Ես սիրում եմ թութ ուտել ծառի վրա, բայց ամաչում եմ ծառը բարձրանալ: Չգիտեմ, մեծ մարդիկ ծառ բարձրանո՞ւմ են առհասարակ: Օրինակ, Գյոթեն երբևիցե ծառ բարձրացե՞լ է:

Պատմությունը այդ մասին ոչինչ չի ասում:

Այսպիսի հարցեր ինքնաբերաբար են ծնունդ առնում մարդու մեջ:

Հիշո՞ւմ եք, Դոն Քիշոտն իր ասպետական միսիան սկսելուց առաջ, երբ ձի չէր ճարում և ուզում էր էշ նստել՝ նախ բաց արեց պատմությունը, իմանալու համար մյուս, իրենից առաջ ասպետներին հաջողվե՞լ է իշու վրա նստած վերացնել մարդկային թշվառությունը:

Այլապես եթե ծառ բարձրանամ ու հետո իմանամ, որ ինձնից առաջ ոչ մի գրող ծառ չի բարձրացել՝ ձեզ եմ թողնում երևակայել, ի՞նչ կլինի իմ վիճակը…

 

1961թ․ անտիպ

Մեկնաբանություններ (1)

Վանուհի
Հիմա կոմունիստները ո՜նց են ափսոսում, որ Լեռ Կամսարին կենդանի են թողել․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter