HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել Մոսկվայում

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկվայում Հայաստանի 2 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ:

Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից: Նա իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:

Քննչական-օպերատիվ խումբը մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։

Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ:

Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով, ևս, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ:

Նշենք, որ մամուլում լուրեր են հրապարակվել, ըստ որոնց Արմեն Իսրայելյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը, ով գումարային խնդիրներ է ունեցել վերջինիս հետ: Պատգամավորի հետ ունեցած խնդիրների, իրեն առևանգելու, իր հետ հնարավոր հաշվեհարդարի մասին նա բարձրաձայնել էր նաև մամուլով այս տարվա հունիս ամսին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter