HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման երկու դիմում մերժվեց

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ցմահ ազատությունից զրկված դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կայացրած որոշման:

20 տարի բանտում գտնվելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը դիմել է պայմանական ազատման համար, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել  հարցի քննությունը մեկ տարով հետաձգել:

Դատարանի դահլիճում Արմեն Տեր-Սահակյանը, պատասխանելով նիստը նախագահող դատավորի այն հարրցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել անկախությունից ի վեր, պատասխանեց, որ կոմունիստների ժամանակ զսպվածություն կար, որը հիմա չի նկատվում. «Էն ժամանակ հարգանք կար, հիմա ով ինչ ուզում` անում ա էս պետության մեջ,  հիմա «բեսպրիդել» ա»:

Դատապարտյալը նշեց նաև, որ եթե 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի տարվել իր հետ, ինչպե՞ս պետք է կատարեն այդ աշխատանքը 1 տարվա մեջ. «Եթե ունեմ երկու խրախուսանք, տույժ չունեմ, 20 տարի ինձ հետ եթե աշխատանք չեն տարել, մի տարվա մեջ պիտի տանե՞ն, ես դրա իմաստը չեմ հասկանում: Էս մի տարին անցնի, մյուս տարի ասելու են` պիտի աշխատանք ճարես, թե չէ հետաձգում ենք, եթե 20 տարի աշխատանք չեն տվել, մի տարվա մեջ պիտի տա՞ն»:

Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Վ. Հարությունյանն իր կարծիքի մեջ ներկայացրել էր, որ ՔԿՀ-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

«Հայաստանում ցմահների հետ կապված շարժ, ի վերջո, լինելու է, թե չէ: ՀՀ-ում վաղաժամկետը չի աշխատում, դրա համար են բոլորը բողոքում: Ինչ դեր ունի խրախուսանքը, եթե չի ազդում»,-նիստի վերջում ասաց Արմեն Տեր-Սահակյանը:

Դատական նիստի ավարտին և դատավորի կայացրած որոշումը հրապարակելուց հետո, նույն նիստերի դահլիճում շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի բախտակից ընկեր Ալիկ Գրիգորյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմումի քննությունը:

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այս դիմումը ևս մերժեց:

Դատական նիստի ընթացքում դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը բողոքարկում էր այն հանգամանքը, որ ՔԿՀ-ի ներկայացուցիչները մեղադրանքի հոդվածները սխալ են նշել, որն էլ ազդել է բացասական բնութագիր կազմելու վրա: Այնուամենայնիվ, դատախազ Հարությունյանն ասաց, որ հոդվածները տեխնիկական սխալների հետևանքով են եղել, որոնք չեն ազդել բնութագրի վրա:

Նախորդ դատական նիստի ընթացքում Ալիկ Գիրգորյանը նշել էր, որ իր բնութագրի մեջ կարծես ամեն ինչ լավ է ներկայացվում, բայց վերջում նշվում է, որ բնութագիրը բացասական է՝ չնշելով որևէ հանգամանք, խախտում կամ տույժ: Իսկ մերժման պատճառներից մեկն էլ բարձր ռիսկայնություն ունենալն է, որն անդրադարձել է բնութագրի վրա, թեև ռիսկայնության գործակցի կիրառումը հանվել է 2012-ին:

Դատական նիստի ընթացքում դատախազ Հարությունյանը, պատասխանելով Ալիկ Գրիգորյանի այն հարցին ՝ արդյոք ճիշտ է համարվում նշված բնութագիրը, ասաց.

«Ես բնութագիրը կասկածի տակ դնելու որևէ հիմք չունեմ: ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից է կազմվել բնութագիրը դատապարտյալների հետ տարվող աշխատանքից հետո, այն վերջնական դրական չէ, ես չեմ ասում բացասական է, բայց դեռևս աշխատանք է պետք վերջնական դրական բնութագրի հասնելու համար»:

Դատախազն ավելացրեց նաև, որ եթե դրական բնութագրի առկայության դեպքում ՔԿ հիմնարկը մերժեր, ինքը միանշանակ դահլիճում կհայտարարեր, որ միանում է դատապարտյալի բողոքին:

Դատական նիստերի ավարտից հետո երկու դատապարտյալներն էլ նշեցին, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները բողոքարկելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter