HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հատված ծառի հասցեն նշված չէ Երևանի քաղաքապետարանի կազմած ցանկում

Երևանի բնակչուհի Արմինե Պետրոսյանը ուրբաթ` հոկտեմբերի 21-ին, Մաշտոցի 51 շենքի բակ այցելելիս, նկատել է «կտրված հաստաբուն ծառ», լուսանկարել մնացորդները և այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարները:

Արմինեն, ըստ իր գրառման, ճանապարհը փակած բեռնատարին հանդիպել է, երբ ցանկացել է ավտոմեքենայով դուրս գալ Մաշտոցի պողոտա:

Քաղաքապետարանի աշխատակիցը, Արմինեի խոսքով, խուսափել է պատասխանել իր հարցերին, իսկ բնակիչներից մեկը հայտնել է, որ վճարել է աշխատանքի համար` ըստ ժամանակի: Արմինեն նկարագրում է, որ պողոտա տանող միակ նեղ ճանապարհը բացվել է միայն այն բանից հետո, երբ ինքը լուսանկարել է հատված ծառն ու բեռնատարը:

Արմինե Պետրոսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ակնկալելով ստանալ ծառի` հատման ենթակա լինելու, բնակչի կողմից վճարում կատարելու և այլ հարցերի պատասխանները: Նա «Հետք»-ի նամակին պատասխանեց, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հրապարակված նամակն ու լուսանկարներն այսօր ուղարկել է քաղաքապետին:

Մինչ քաղաքապետարանից պարզաբանում ստանալը` նշենք, որ Արմինեի նշած հարցերից մեկի պատասխանն առկա է դեռ մայիսին քաղաքապետարանի աշխատակազմի կայացրած մի որոշման մեջ: Այդ ժամանակ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը Երևանում հաշվառել էր անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ծառերը, որոնց թիվն անցնում էր 550-ը: Այնուհետև վարչական շրջանների աշխատակազմերի մասնագետները բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել վարչական շրջաններում` հաշվառված ծառերը ներկայացնելու համար:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը լրատվամիջոցներին էր ուղարկել հատման և էտի ենթակա ծառերի հասցեները: Կենտրոն վարչական շրջանում առկա չոր և վթարային ծառերի հասցեների ցանկում «Մաշտոցի 51»-ը չկա:

Հատված ծառը Մաշտոցի 51 հասցեում / Արմինե Պետրոսյան

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը ոչ բոլոր վարչական շրջաններում է շրջայց կազմակերպել: Այլ շրջանների թվում` բնապահպանները չեն տեսել նաև Կենտրոնում առկա հատման և էտի ենթակա ծառերը:

«Ես ասել էի, որ անպայման, հենց հերթականը Կենտրոնը լինի, բայց հետո շարունակությունը չի եղել»,- ասում է բնապահպանը` հիշելով, որ մեկ-երկու շրջայցերը կազմակերպվել են այն վարչական շրջաններում, որտեղ «էդքան քաղաքաշինության մոլուցք չկար». «Ես դրա համար ասացի, որ հաջորդը անպայման Կենտրոնը լինի: Խոստացան, բայց հետո միգուցե առանց ինձ գնացին, չգիտեմ»:

«Երևանի Օրհուս կենտրոնի» համակարգող Սիլվա Այվազյանը, ով թեև շրջայցին ներկա լինել չի կարողացել և մասնակցել է քաղաքապետարանի նախաձեռնության քննարկմանը, նույնպես հիշում է, որ նախորդ 5 ամիսներին շրջայցի միայն մեկ առաջարկ է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter