HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ կառավարության և «Ռոսգեոլոգիա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների իրականացման, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման և մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել ծրագրերին և այն քայլերին, որոնք գործնական հիմքի վրա կդնեն դրանց իրականացումը: 
Վարչապետը ողջունել է «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության հետ համագործակցության ծավալումը՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրում կարևորվում է ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության, ընդերքօգտագործման թափանցիկության ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ: 
Ռոման Պանովը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, վարչապետին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումները: Նա նշել է, որ «Ռոսգեոլոգիա»-ն պատրաստ է ինտենսիվ գործունեություն ծավալել մեր երկրում՝ ընդգծելով, որ Հայաստանը հարուստ է հանքանյութային ապարներով, և այդ բազան զարգացման ու ամրապնդման նշանակալի հեռանկարներ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter