Կիրակի, 23 սեպտեմբերի

Սաչկով. «Այն ամենից հետո, ինչ ես ապրել և ապրում եմ, ինձ ոչինչ չի մնում, քան բոլորին ապացուցել իմ անմեղությունը և դրանից հետո հեռանալ Հայաստանից»



«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հաղորդման հիման է հարուցվել ընկերությանը պատճառված խոշոր չափի վնասի վերաբերյալ քրեական գործը: Այդ գործի երկու առանձնացված մասերով այժմ դատարանում քննվում են «ԱրմենՏել»-ի անվտանգության և տեխնիկական գծով տնօրեններ Աշոտ Պողոսյանի և Վլադիմիր Սաչկովի դատական գործերը: Մնացած մասով քննությունը դեռ շարունակվում է ԱԱԾ-ում:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանիցի կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Այդ խմբի գործունեության արդյունքում էլ պետությանը վնաս է պատճառվել:

Դատարանը, նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, երեկ որոշակիորեն անդրադարձավ Վլադիմիր Սաչկովի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու և նրան ազատ արձակելու միջնորդությանը, սակայն որոշում չկայացրեց: Հիշեցնենք՝ Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին էր ներկայացրել Սաչկովին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը, որին կցվել էր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի երաշխավորագիրը՝  Սաչկովի հետագա պատշաճ վարքագծի համար պատասխանատվություն ստանձնելու և կալանքը գրավով փոխարինելու մասին: Դատավոր Բեկթաշյանը հայտարարեց, որ դրա թարգմանությունը դատարանը դեռևս չի ստացել: Հիշեցնենք` այս միջնորդությունը պաշտպանը դատարան է մուտքագրել օգոստոսի 29-ին: Միայն նախորդ` սեպտեմբերի 30-ի նիստին դատավոր Բեկթաշյանը որոշեց, որ այն պետք է պատշաճ թարգմանվի և նոր քննվի:

Վլադիմիր Սաչկովն այդ միջնորդության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ: Նա նշեց, որ անցած դատական նիստին մեղադրող Հայկ Հակոբյանը, առարկելով Սաչկովի փաստաբանի միջնորդությանն ու դեսպանի երաշխավորագրին, նշել էր, որ Սաչկովը թաքնվել է քննչական մարմիններից և պաշպանություն է խնդրել Բելառուսի իշխանություններից, հետևաբար նրա կալանքը գրավով փոխարինելը նպատակահարմար չէ:  

«Ես լրացուցիչ պաշտպանություն եմ խնդրել, քանի որ հանկարծակի եմ եկել, և այլ պետություն տեղափոխվելու վախը, որտեղ չեմ ճանաչել մարդկանց, նրանց լեզուն չեմ հասկանում, որտեղ չունեմ ոչ մի հարազատ, և իմ ընտանիքի մասին մտքերը խառնել էին իմ զգացմունքները: Գտնվելով կալանքի տակ՝ առաջին անգամ իմացա, թե ինչում են ինձ մեղադրում, մի բանում, որի հետ ես որևէ առնչություն չունեմ,  որ 2013թ.-ի դեկտեմբերից Հայաստանում իմ նկատմամբ քրեական գործ կա հարուցված: Ես պետք է կրկնեմ՝ ես երբևէ չեմ թաքնվել, ապրել և աշխատել եմ այն երկրում, որի հասցեն և հեռախոսահամարը հայտնի է եղել «ԱրմենՏել»-ի բազմաթիվ աշխատակիցների: Եվ չնայած դրան՝ ես ոչ մի անգամ չեմ ծանուցվել այն մասին, որ իմ նկատմամբ քրեական գործ կա հարուցված, և ես պետք է ներկայանամ քննությունը վարող մարմիններին: Ամեն ինչ ինձնից թաքուն է արվել, ես համոզված եմ՝ այն բանի համար, որ տպավորություն ստեղծվի, որ ես իբրև թաքնվում եմ Հայաստանի իրաապահ մարմիններից, և դա օգտագործվել է իմ դեմ»,- հայտարարեց Վլադիմիր Սաչկովը:

Նա պատմեց, որ այդ ամենին վերջն դնելու նպատակով 2014թ. հոկտեմբերի 23-ին դիմել է Բելառուսի ՆԳՆ-ին՝ խնդրելով դադարեցնել իր՝ Բելառուսի իշխանությունների կողմից լրացուցիչ պաշտպանության տրամադրելու վերաբերյալ դիմումի քննությունը, որից հետո նրան անմիջապես արտանձնել են ՀՀ:

«Երկրորդ տարին է՝ ես Հայաստանում եմ, և մեկ տարին է լրանում, ինչ դատաքննություն է ընթանում, և դուք հնարավորություն ունեիք ինձ ուսումնասիրել: Չկա թաքնվելու պատճառ այն դեպքում, երբ իմ պատշաճ վարքագծի համար երաշխավորություն է ստանձնում այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին է ՌԴ դեսպանությունը: Իմ անձնագիրը քրեական գործում է, և ես ինքս էլ կարող եմ երաշխավորել իմ պատշաճ վարքագիծը: Այն ամենից հետո, ինչ ես ապրել և ապրում եմ, ինձ ոչինչ չի մնում, քան բոլորին ապացուցել իմ անմեղությունը և դրանից հետո հեռանալ Հայաստանից»,- ավելացրեց Սաչկովը:

Սաչկովը դիմումին կից ներակայցրեց նաև Բելառուսի իշխանություններին ուղարկած դիմումը՝ ստացված Մինսում իր պաշտպանությունն իրականացնող փաստաբանից:

Վլադիմիր Սաչկովը խնդրեց բավարարել պաշտպանի միջնորդությունը, հաշվի առնելով ՌԴ դեսպանի երաշխավորությունը, և փոխել իր խափանման միջոցը:

Բացի դրանից, նա նաև մեկ այլ միջնորդություն ներկայացրեց, իրեն մեղսագրվող բոլոր արարքներն անհիմն համարեց և խնդրեց դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը և քրեական գործը կարճել:

Սաչկովն իր միջնորդության մեջ նշեց, որ «ԱրմենՏել» ՓԲԸ- գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հաղորդումից հետո «ԱրմենՏել» ընկերությունն իրեն երաշխավորագիր է տվել, ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունը վստահ է եղել իր աշխատակցի աշխատանքի բարեխղճության և իր պարտականություններն ի շահ ըկերության կատարելու վրա: Ավելին, չկա ոչ մի վկայություն իր` պաշտոնն ստանձնելու կամ գործունեության ընթացքում ուղղակի կամ անուղղակի օգուտ ստանալու մասին: Չկա ոչ մի փաստ, որ իր կողմից կատարված գործողությունները դուրս են եկել պայմանագրով նախատեսված ծառայողական պարտականությունների սահմաններից:

Սաչկովի մեղադրանքն այնուհետև վերաորակվել է ՔՕ 188-րդ հոդվածի` ապօրինի ձեռնարկատիրություն, ինչը, ըստ մեղադրյալի, ինքնին ենթադրում է տնտեսական շահույթի ստացում: Մինչդեռ չկա որևէ ապացույց կամ փաստ, որ ինքը ստացել է դրամական միջոց որևէ մեկից, բացի այն միջոցներից, որոնք նախատեսված են եղել պայմանագրով: ՔՕ 252-րդ հոդվածով իրեն է վերագրվում նաև համակարգչային տեղեկությունների փոփոխումը, որի վերաբերյալ նույնպես որևէ ապացույց մեղադրողը չի ներկայացրել: Ավելին, վկաների հարցաքննությունը ցույց է տվել, որ «ԱրմենՏել» ընկերությունը կրկնակի հսկողություն է իրականացնում ցանկցած տեղեկատվության և գործողությունների նկատմամբ, որի մասին, բնականաբար, տեխնիկական տնօրենը, ինչպես նաև ընկերության բոլոր աշխատակիցները, տեղյակ են:

Այս միջնորդությունը դատարանը, սակայն, քննության չառավ, քանի որ դատավարության ընթացքում դեռևս չեն հարցաքննվել բոլոր վկաները և չեն հետազոտվել ապացույցները: Արմեն Բեկթաշյանը նշեց, որ այդ ամենն ուսումնասիրելուց հետո կանդրադառնան դրան, եթե ամբաստանյալի շարունակի պնդել իր միջնորդությունը:

Հավելենք, որ դատարանը երեկվա նիստին չէր կարողացել ապահովել վկաների ներկայությունը: ՌԴ վկաներից` «Վիմպելկոմի» աշխատակիցներին ուղարկված ծանուցումները «չպանջված» գրությամբ հետ էին վերադարձել: ՀՀ քաղաքացի երկու վկաներին` Ռուբեն Նալչաջյանին և Բաբկեն Հարությունյանին բերման ենթարկվել իրավապահներին չէր հաջողվել, քանզի նրանք այդ հասցեներում չէին բնակվում և չէին հայտնաբերվել, իսկ վկա Գառնիկ Սահակյանի մասին նշվեց, որ հարևանների վկայությամբ նա զինվորական է և հնարավոր է` գտնվում է ծառայության մեջ: Մեղադրողը միջնորդեց, բացի Բաբկեն Հարությունյանից, մյուս վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակել, սակայն Վ.Սաչկովի պաշտպան Արմեն Բաղդասարյանն առարկեց` նշելով, որ վկաների ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, սակայն թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել հարցեր տալ նրանց, և պաշտպանության կողմը չի կարողացել օգտվել հարցեր տալու իր իրավունքից: «Եթե նրանց չեք կարող բերման ենթարկել և դատարանում հարցաքննել, ապա ցուցմունքները խնդրում եմ հանել մեղադրանքից որպես ապացույցներ,- ՌԴ վկաների մասին ասաց պաշտպան Արմեն Բաղդասարյանն ու անդրադարձավ ՀՀ-ում գտնվում վկաներին,- ոստիկանությունն ունի այդ հնարավորությունը, որպեսզի գտնի կամ տեղեկություն ներկայացնի, թե որտեղ է այդ մարդը ծառայության և հրավիրի դատարան: Նրան մենք շատ հարցեր ունենք տալու: Ավելի քան մեկ ամիս է` ոստիկանությունն աշխատում է. կամ նրանք ոչինչ չեն անում հայտնաբերելու համար, կամ էլ չեն ցանկանում»: 

Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ