HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի վճարում իր ավտոմեքենաների գույքահարկը

Արմավիրի մարզի համայնքներն այս տարի թերանում են հարկերի ու տուրքերի հավաքման գործում: Համայնքապետերը ստիպված գումարները հավաքելու համար դիմում են վարչական դատարան: Դատական գործեր են սկսվել նաև գումար ունեցող, բայց չվճարողների դեմ, որոնցից մեկն էլ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն է:

Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ավտոմեքենաների գույքահարկի գծով Արմավիրի համայնապետարանին պարտք է 3 միլիոն 165 հազար դրամ:

Այս տարվա ընթացքում պատգամավորի դեմ երկու դատական գործ է սկսվել, որտեղ դիմողը Արմավիրի համայնքապետարանն է: Երկու հայցերն էլ լուծվել են համայնքապետարանի օգտին:

Հայցադիմումները դատարան մուտքագրվել են այս տարվա ապրիլի 4-ին: Դրանցից մեկով Ռուստամ Գասպարյանը չի վճարել 2008-2014 թվականների «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը կազմել է 2 միլոն 726 հազար դրամ, որից ապառք` 1 միլիոն 770 հազար դրամ, տույժ` մոտ 956 հազար դրամ:

Վարչական դատարանը եզրակացրել է, որ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ կարող էին առաջանալ 2014 թ. անմիջապես նախորդող երեք տարիների՝ 2014, 2013 և 2012 թվականների համար, իսկ մինչև 2012 թվականը պարտավորություններ չէին կարող առաջանալ։ Ըստ հարկային օրենսդրության՝ հարկային oրենuդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապեu հաջորդող երեք տարին լրացնելուց հետո։

Հենց այդ հիմքով դատարանը եզրակացրել է, որ հայցապահանջը՝ 2012-2014 թվականների համար հաշվարկած գույքահարկի պարտավորությունները բռնագանձելու մասով, ենթակա է բավարարման, իսկ մնացած մասով՝ մերժման՝ վարչական ակտը մասնակի ճանաչելով անվավեր: Այսպիսով Ռուստամ Գասպարյանից «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշի ավտոմեքենայի համար բռնագանձվել է մոտ 878 հազար դրամ, որից ապառք` 576 հազար դրամ, տույժ` 302 հազար:

Նույն պատճառաբանությամբ քաղաքապետարանի հայցը մասնակի բավարարվել է նաև մյուս գործով: Մասնավորապես՝  2008-2015 թվականների համար Ռուստամ Գասպարյանը չի վճարել իր «Նիսսան Արմադա 5.6» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը կազմել է 2 միլիոն 891 հազար դրամ, որից ապառք` 1 միլիոն 905 հազար դրամ, տույժ` 986 հազար:

Այս դեպքում էլ վարչական դատարանը Ռուստամ Գասպարյանից հօգուտ Արմավիր համայնքի բյուջեի բռնագանձել է 1 միլիոն 730 հազար 424 դրամ, որից գույքահարկի ապառք` 1 միլիոն 155 հազար դրամ, տույժ` 575 հազար 424 դրամ:

Ստացվում է, որ Ռուստամ Գասպարյանը շարունակում է չվճարել իր թանկարժեք ավտոմեքենաների գույքահարկը, որը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 միլիոն 165 հազար դրամ:

Դատական գործեր կսկսվեն նաև այլ համայնքներից

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ նշել է, որ կհոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1մլրդ 437 մլն 223 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 144 մլն 344 հազար դրամ, կատարողականը՝ 79,6%:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3,1%, մասնավորապես` 10,9%-ով հողի հարկի, 2,3%-ով գույքահարկի և 4,7%-ով վարձակալական վճարների մասով:

Իսկ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հողի հարկի և գույքահարկի մասով պարտք ունի 24 համայնք:

Առաջիկայում դատական գործընթացներ է սկսվելու նաև այլ համայնքներում:

«Մարզի Ամբերդ, Նոր Կեսարիա, Շենիկ, Քարակերտ և Վանանդ համայնքների ղեկավարների կողմից կազմված հայցերը դատարան կներկայացվեն 2016 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում»,-տեղեկացրեց մարզպետը:

Էջմիածնի համայնքապետարանում վարչական վարույթ է սկսվել Էջմիածնի ծննդատան վերաբերյալ, որն ունի 2 միլին դրամից ավելի չվճարված գույքահարկ: Նման նիստ է հրավիրվել նաև «Ագրոսպասարկում» ընկերության վերաբերյալ: Վերջինիս ճվճարված հողի ու գույքահարկերի, տույժ տուգանքների հանրագումարն անցնում է 11 միլին դրամը:

Իսկ Բագարանի համայնքապետարանը ծանուցագրեր է ուղարկել հողի հարկի պարտավորություններ ունեցող «Գրանդ Վիլլա» և «Ագրինկո» ՍՊԸ-ներին, որպեսզի վերջիններս առանց դատական քաշքշուկների համայնքային բյուջե վճարեն համապատասխանաբար 2 միլիոն 729 հազար և 2 միլիոն 897 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter