HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձնել որակական փոփոխությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային համակարգին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Վարդան Հարությունյանի խոսքով՝ հանրապետության նախագահի և կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են՝ իրականացնել մաքսային ծառայության համակարգային և որակական փոփոխություններ.  «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի  նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության և հավասարության պակասից է»:

Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ: Հետևաբար, ըստ Վարդան Հարությունյանի, ավելի քան կարևորվում է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն:

«Պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են ասօր»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը և հորդորել՝ բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում, միաժամանակ չթուլացնել հսկողությունն ու խստացնել մաքսանենգության դեմ պայքարը: ՊԵԿ նախագահն այս փուլում կարևորել է հետբացթողումային արդյունավետ հսկողության  անհրաժեշտությունը. «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը. հետբացթողումային հսկողության վարչության խնդիրն է՝ իրականացնել ստուգումներ և համապատասխան հետևություններ անել»:

Արագ փոփոխությունների գրավականը Վարդան Հարությունյանի դիտարկմամբ «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում՝ նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու և զբոսաշրջիկի հետ: Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ. «Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,-ընդգծել է  կոմիտեի նախագահը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter