HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Մադլեն Գարագաշյանը Հայաստանի Ազգային պատկերասրահին է նվիրել նկարիչ Երվանդ Նիկողոսյանի նկարը և 19-րդ դարի արծաթե գոտու ճարմանդ

Ռումինահայ լրագրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանն այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահին է նվիրել ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի մեկ նկար և բալկանյան ոճի, 19-րդ դարի «filigrane» արծաթե գոտու ճարմանդ:

Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, շնորհակալություն հայտնելով Մադլեն Գարագաշյանին նվիրատվության համար, նշել է, որ պատկերասրահի ֆոնդը հիմնականում համալրվում է նման նվիրատվությունների շնորհիվ: «Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարությանը, ում շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը: Ի վերջո հայ վարպետների ձեռքով պատրաստված բոլոր արժեքավոր նմուշների հանգրվանը Հայաստանն է և ուրախ եմ, որ տիկին Մադլենն իր նախնիներից ժառանգած այս ճարմանդը վերադարձրեց Հայրենիք», - նշել է Ա. Ծատուրյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն ասել է. «Սա լավ առիթ է, որ հայաստանցի արվեստասեր հասարակությունը ծանոթանա Երվանդ Նիկողոսյան արվեստագետի ստեղծագործությանը: Տիկին Մադլենի նվիրատվությունը պետք է օրինակ հանդիսանա Սփյուռքում ապրող մեր մյուս հայրենակիցներին, որ հայկական արվեստի արժեքավոր նմուշներն ի վերջո տեղափոխեն հայրենիք»: Սփյուռքի նախարարի տեղակալը նաեւ բարձր է գնահատել տիկին Մադլենի հայապահպան գործունեությունը Ռումինիայում: Նա հեղինակել է «Հայերի մեջ, հայերի մասին» հինգհատորյակը, որն իրենից ներկայացնում է հայության խնդիրներին վերաբերող հոդվածների ժողովածու:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես է եկել նաեւ Մադլեն Գարագաշյանը: «Վերջապես երազանքս կատարվեց, և Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում եմ: Առիթն օգտագործելով՝ ցանկացա Ազգային պատկերասրահին նվիրել Երվանդ Նիկողոսյանի նկարը և մեծ մայրիկիցս ժառանգած 19-րդ դարի գոտու ճարմանդը: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունն արժանացավ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Ազգային պատկերասրահի ղեկավարության բարձր գնահատականին»,- նշել է ռումինահայ լրագրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter