HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն ամփոփել է նրբերշիկի շուկայում ուսումնասիրության արդյունքները

Նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել մի քանի ուղղություններով՝ դիտարկելով թե ներկրված, թե Հայաստանում արտադրված ապրանքատեսակները, ինչպես նաև՝ դրանց իրացման և արտադրության փուլերը:

 Գործողություններ և լաբորատոր փորձաքննություն

Ծառայությունը, «Հետք»-ից ճշտելով իրենց կողմից փորձարկման ներկայացված ներբերշիկների գնման վայրերը, նշված վաճառքի կետերից հայտնաբերել է ներկրված նրբերշիկների միայն երկու տեսակ: Ալեքս Գրիգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է  06.10.2016 թվականի արտադրության կանադական «Ֆարմ» ընկերության «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկ (179 տուփ 450 գրամ), որը պահվում էր -9°C-ում, իսկ Մաշտոցի 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ բրազիլական «Կոմպանիա Մինուանու Դե Ալիմենտուս» ընկերության «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկ (48 տուփ 375 գրամ), որը պահվում էր -14°C-ում: Քանի որ երկու դեպքում էլ պահման պայմանները խախտվել էին (պահման անհրաժեշտ ջերմաստիճանը -18°C է), սուպերմարկետներին տրվել են «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր:

Միաժամանակ, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշներ են ուղարկվել  լաբորատորիա (ՀԱԲԼԾԿ), որի արդյունքներով՝ «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկը համապատասխանել է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի նմուշը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, չի համապատասխանել: «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի վերը նշված խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր և ամբողջությամբ` 48 տուփ,  ոչնչացվել է՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Տեղական արտադրության նշված ապրանքատեսակների հայտնաբերման նպատակով` Ծառայությունը բոլոր մարզերում և Երևանում իրականացրել է դիտարկումներ, սակայն սպառողական ցանցում նշված ապրանքախմբերը չեն հայտնաբերվել: Ծառայությունը նաև տեղական արտադրողներին գրավոր տեղեկացրել է «Հետք»-ի հրապարակման արդյունքների մասին և պահանջել տեղեկատվություն տվյալ ապրանքախմբի արտադրման ծավալների և մատակարարման մասին, ինչին ի պատասխան արտադրողները տեղեկացրել են, որ արտադրված քանակությունն իրացման ցանցում առկա չէ: Ծառայությունն ուսումնասիրել է նաև նրբերշիկ արտադրող կազմակերպություններում տվյալ ապրանքախմբերի առկայությունը՝ նրբերշիկների նշված խմբաքանակների հնարավոր մնացորդը կամ արտադրողների կողմից հավաքած քանակությունը հայտնաբերելու նպատակով. ոչինչ չի հայտնաբերվել:

Ծառայությունն ուսումնասիրել է նաև «Հետք»-ի հրապարակման մեջ նշված նրբերշիկի տեսակներն արտադրող «Նատալի Ֆարմ», «Բարի սամարացի», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» կազմակերպությունների արտադրական գործընթացը և պահման պայմանները. խախտումներ չեն հայտնաբերվել: Նաև՝ տեղում կատարվել է նմուշառում արտադրված խմբաքանակից և ներկայացվել փորձաքննության: Երեք արտադրողների մոտ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ չորրորդի մոտ վերահսկողական գործողություններն ընթացքի մեջ են:

Նշենք, որ թե ներբերշիկների ներմուծման ժամանակ պետական վերահսկողության շրջնականերում, թե «Հետք»-ի հրապարկման համար, թե տեղական արտադրողների մոտ Ծառայության դիտարկումների ընթացքում լաբորատոր փորձաքննությունը կատարել է միևնույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն:

Ծառայությունն իրավասու՞ է մասնավոր նախաձեռնության արդյունքներով կասեցնել այս կամ այն արտադրանքի իրացումը: ՍԱՊԾ-ն չունի նման իրավասություն:

Մամուլում քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչու՞ ՍԱՊԾ-ն միանգամից գործողություններ չի կատարում, եթե «Հետք»-ն արդեն իսկ պատվիրել է փորձաքննություններ և հրապարակել հնարավոր խախտումների մասին տեղեկություն: Պարզաբանենք. «Հետք»-ի կողմից կատարված նմուշառումները, դրանց փորձարկումները և արդյունքները ենթակա են պաշտոնական հաստատման կամ հերքման, ուստի չհաստատվելու դեպքում տնտեսավարողի գործունեությունը կասեցնելը անթույլատրելի է և հակաօրինական, և այս գործելաոճով կամ տրամաբանությամբ կարող է ստեղծվել նախադեպ և պայմաններ, երբ, ամենատարբեր շահերից և նպատակներից ելնելով, ցանկացած մեկը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտ, կարող է սեփական նախաձեռնությամբ  կամ պատվերով կատարել նմուշառում անհայտ պայմաններում և, իրեն ձեռնտու արդյունքներով, լաբորատոր փորձաքննությամբ՝ պահանջել կասեցումներ և պատասխանատվության միջոցներ: Սրա բացասական հետևանքները ոչ միայն հասարակության, այլ նաև տնտեսության համար կստեղծեն համատարած անվստահության մթնոլորտ և մեծ վնաս կհասցնեն սպառողական շուկային: 

Առաջարկ «Հետք»-ին

Ծառայությունն առաջարկում է լրատվամիջոցին նմուշները ստերիլ պայմաններում հանել փաթեթավորումից՝ դիմազերծել և միայն կոդավորված նմուշներ ներկայացնել փորձաքննության, իսկ լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ  ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն (տեղեկացնենք, որ «Հետք»-ի կողմից նրբերշիկների փորձաքննության արդյունքները Ծառայությանը տրամադրելու խնդրանքը մերժվել է):

«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:

Ծառայությունը միաժամանակ կարևորում է սննդամթերքի անվտանգության ցանկալի մակարդակի ապահովումը և համագործակցությունը հասարակական հատվածի, տնտեսավարողների, սպառողների հետ: Պարզապես առաջարկում ենք առավել արդյունավետ ձևաչափ՝ հասարակությանը սպառիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Մասնավորապես, առաջարկում է հասարակական այսպիսի հնչեղություն ունեցող տեղեկությունները հրապարակել մի քանի լաբորատորիաներում հիմնավորելուց հետո միայն: Ծառայությունը պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև նմուշառման համար տրամադրել համապատասխան մասնագետներ և ապահովել պահանջվող պայմանները, բացի այդ՝ սեփական միջոցների հաշվին ապահովել նույն արտադրանքից վերցված նմուշի լաբորատոր զուգահեռ փորձաքննություն:

«Հետք»-ի կողմից հրապարակված սննդամթերքի այլ տեսակների վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Մեկնաբանություններ (1)

Vadim
Էս Սննդամթերքի տեսչությունա ինչա, սպասումա լրագրողները մի բան գրեն, որ տեղից շարժվի, եթե բարեհաճի իրա գործն անի, մարդիկ էլ ստիպված չեն լինի փչացած ու վտանգավոր սնունդ ուտել, դրանց թողես մենակ մեծ նեծ խոսան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter