HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Դիջի Սեյլզ» ընկերությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

Հոկտեմբերի 10-ին «Հետքը» հրապարակել էր «Գերիշխող դիրք եւ չարաշահումներ հեռուստատեսային եւ առցանց գովազդի շուկաներում. անկախ մասնագիտական ուսումնասիրության արդյունքները» վերնագրով հոդվածը, որտեղ անդրադարձել էր հեռուստատեսային, ռադիո եւ օնլայն գովազդի ոլորտի մասին «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ուսումնասիրությանը: Այդ ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մասնավորապես հեռուստատեսային եւ առցանց գովազդի ոլորտում երկու ընկերություններ ունեն գերիշխող դիրք եւ խոչընդոտում են այդ ոլորտի ազատ, մրցակցային զարգացմանը, եւ կազմակերպությունը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ վարույթ հարուցելու համար: Առցանց գովազդի շուկայում խոսքը գործող առայժմ միակ սեյլս-հաուզ-ի՝ «Դիջի Սեյլզ»-ի մասին էր: «Դիջի Սեյլզ» ՍՊԸ տնօրեն Արսեն Սուլթանյանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը եւ հարցազրույցի միջոցով ներկայացրել իր դիտարկումները:

Պրն Սուլթանյան, ի՞նչ կասեք հետազոտության մեջ արված այն պնդման կապակցությամբ, որ 2016թ. մայիսին «Դի Ջի Սեյլզ» ընկերությունը տիրապետել է առցանց գովազդային շուկայի բյուջեների 41.3%-ին, ինչը, ըստ զեկուցման հեղինակների, «ակնհայտորեն գերիշխող դիրք է համարվում»:

Հետազոտության մեթոդաբանության առումով կարեւոր է, թե արդյոք հաշվի են առնվել հնարավոր բարտերները, կամ այն բաներները, որոնք տեղադրված են կայքերում ընկերական հիմունքներով, կամ գովազդվում է այնպիսի ընկերություն, որի հիմնադիրը նաեւ կայքի հիմնադիրն է եւ տեղադրում է գովազդը անվճար: Բայց զուտ դիտարկելով մայիս ամսվա տվյալները, եթե ամբողջ շուկայում դիտարկենք ու հիմնվենք այս հետազոտության թվերի վրա, «Դիջի սեյլզ»-ի մայիս ամսվա թիվը սխալ է, հարկային մարմիններին ներկայացրած մեր տվյալը այդ ամսին մոտ 16 մլն դրամ է, ինչը հետազոտության մեջ կրկնակի ուռճացված է: Մեր գնահատականով՝ «Դիջի սեյլզ»-ը շուկայի 28 տոկոսն է զբաղեցնում: Բացի այդ՝ հետազոտության հեղինակները 41.3%-ը հաշվարկում են տեղական կայքերի մասնաբաժնի համատեքստում, բայց այդ մոտեցումը սխալ է, քանի որ բավականին բարդ է տարբերակել՝ ո՞րն է տեղական, ո՞րը՝ ոչ: Այս ցանկում կայքեր կան, օրինակ՝ criteo, targetix, advise, որոնց բյուջեները նշված են, բայց նշված չէ, թե դրանք ինչ են անում: Դրանք համակարգեր են, որոնք հայկական տեղական կայքերի միջոցով են գովազդ տեղադրում, դրանք հարթակներ չեն, համակարգեր են: Ցանկացած տեղական կայք, պայմանականորեն վերցնենք՝ armen.am, կարող է միանալ targetix.net համակարգին, տեղադրել կոդերը եւ ստանալ այդ գովազդային բյուջեն: Հարց եմ ուղղում հետազոտությունն իրականցնողներին՝ ինչո՞ւ են այդ բյուջեները հաշվարկված որպես միջազգային: Նույնն էլ Google Admob-ը, GDN-ը, որը Google-ի ցանցն է: Նրա բյուջեն նշված է 12 մլն դրամ, ըստ իս՝ չափազանցված է, բայց ոչինչ: Google-ի բյուջեն ձեւավորվում է՝ թե հայաստանյան կայքերում որքան գովազդ է տեղադրվել Google GDN-ի միջոցով: Այսինքն՝ գովազդային գումարները դարձյալ հայկական կայքեր են ուղղվել, բայց այդ համակարգի միջոցով: Տարբերակումն արդեն իսկ թերի է, այդ սկզբունքով GDN-ն էլ պիտի լինի տեղական կայքերի թվում եւ տեղական գովազդի բյուջեի մասնաբաժնում: Պետք չէ տարբերակել՝ միջազգային խաղացող եւ տեղական խաղացող: Պետք է ընդհանուր առմամբ դիտարկել շուկայի մասնաբաժինները: Որ կազմակերպությունները ինչքան բյուջե են կարողանում իրենց վրա վերցնել: Այդ առումով, եթե ես նույնիսկ համաձայնեմ այս հետազոտության մեջ կրկնակի չափազանցված թվերին, մենք ոչ թե 41%, այլ 28% մասնաբաժին ունենք: Իմ հաշվարկով՝ գովազդի շուկայում մեր մասնաբաժինը 22 տոկոս է: Այլ կայքերը՝ 34%, Ֆեյսբուքը՝ 37%, Գուգլը՝ 7%: Ընդ որում՝ Ֆեյսբուքը բավական ագրեսիվ տեմպերով է աճում: Օրինակ՝ ես մեծ հաճույքով կմիանամ Աղասի Ենոքյանի պայքարին՝ միասին պայքարենք Ֆեյսբուքի դեմ, որովհետեւ այն արդեն գերիշխող դիրք է գրավում: Ֆեյսբուքը նաեւ դեմպինգ է իրականացնում: Շուկայում կա միջին գին: 1000 ցուցադրության արժեքը 100 դրամ է, Ֆեյսբուքում այսօր հնարավոր է 1000 ցուցադրությունը դնել 10-20 դրամով: Ստացվում է՝ Ֆեյսբուքը 10 անգամ էժան է վաճառում, քան հայաստանյան միջին ցուցադրության գինն է: Սա մենք մեզ վրա զգացել ենք, բայց գլուխներս կախ աշխատում ենք, մեր դիրքն ենք փորձում պահպանել, որ Ֆեյսբուքը մեզ չուտի, որովհետեւ այնպիսի գործիքներ ունի, որ կարող է ոչ միայն մեզ, այլ շուկան ամբողջությամբ կլանել: Ես պրն Ենոքյանին հրավիրում եմ միասին պայքարելու Ֆեյսբուքի դեմ՝ դիմենք ՏՄՊՊՀ, վարույթ հարուցեն (ժպտում է):

Մասնաբաժիններ

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հասույթ Դիջի Սեյլզ

17%

17%

18%

19%

22%

Հասույթ այլ կայքերից

45%

42%

39%

36%

34%

Facebook հասույթ

29%

33%

36%

37%

37%

Google Հասույթ

9%

8%

7%

7%

7%

Ընդամենը

100%

100%

100%

100%

100%

Արսեն Սուլթանյանի սեփական ուսումնասիրությունը

Ի՞նչ կասեք «Դիջի Սեյլզ»-ի դեմպինգային քաղաքականության մասին, որն իրականացվում է զեղչային համակարգի կիրառմամբ այն կայքերում գովազդ տեղադրելիս, որտեղ «Դիջի Սեյլզ»-ը բացառիկ իրավունք ունի:

Հավանաբար, խոսքը էքսկլյուզիվության զեղչի մասին է: Եթե ընկերություններն իրենց բյուջեի 80-90 տոկոսը հատկացնում են «Դիջի սեյլզ»-ին, մենք հավելյալ զեղչ ենք հատկացնում իրենց: Դա մեր բնական ռեակցիան էր ֆեյսբուքյան ագրեսիվ քաղաքականությանը, որովհետեւ 2015-ի կեսերից Ֆեյսբուքի գները կտրուկ նվազեցին: Ես որպես մասնագետ հասկանում եմ, թե ինչու է դա տեղի ունենում: Ֆեյսբուքը հատուկ չի մտածել՝ եկեք Հայաստանում գներն իջեցնենք, որ շուկան սպառենք: Այստեղ աճուրդային համակարգ է աշխատում, իսկ Ֆեյսբուքում ամսական մոտ 500 մլն ցուցադրություն է գեներացվում, հետեւաբար որքան գովազդատուները շատ են, այնքան գովազդի գինը կթանկանա: Բայց հայկական շուկայում գովազդատուների թիվը չի հասցնում Ֆեյսբուքի ցուցադրությունների աճի տեմպի ետեւից, դրա համար էլ մոտ 2 տարի է ունենք այս պատկերը, որ Ֆեյսբուքի գները նվազագույնն են: Եվ քանի որ գովազդատուների թիվը Հայաստանում ցուցադրությունների թվից շատ ցածր է, գովազդատուները ցածր գնով գովազդ են կարողանում տեղադրել Ֆեյսբուքում: Դրա դեմ ոչինչ չենք կարող անել, ուստի մեխանիզմներ ենք մտածում, որ կարողանանք ինչ-որ ձեւով բիզնեսներին լրացուցիչ օգուտներ տանք, որ մեզ մոտ գան, չգնան Ֆեյսբուք: Օգուտներից մեկը հենց դա էր՝ էքսկլյուզիվության զեղչ: Եթե ուզում են նաեւ Ֆեյսբուքում գովազդ տեղադրել, ասում եմ՝ ինձ պատվիրեք, մի քիչ թանկ կլինի Ֆեյսբուքի գովազդն իմ միջոցով, փոխարենը մեր մյուս հարթակներում զեղչեր կստանաք: Այսպես պայքարում ենք Ֆեյսբուքի էժան գների դեմ, եթե գները հավասարվեն, մենք հանգիստ շունչ կքաշենք եւ չենք կիրառի նման զեղչեր: Բայց այսօր սա մեր բնական ռեակցիան է:

Շուկայի առկա վիճակը հնարավորություն տալի՞ս է երկրորդ սեյլս-հաուզի ստեղծման, ընդհանրապես շուկայի զարգացման համար:

Իհարկե տալիս է: Ինտերնետը, ի տարբերություն մնացած բոլոր գովազդային հարթակների, մի շատ մեծ առավելություն ունի՝ անսահմանափակությունը: Այսինքն՝ հայկական իրականության մեջ շատ արագ է զարգանում այս ոլորտը. մենք ունենք մեր կազմում կայքեր, որոնք ունեն մրցակիցներ, որոնք մեր սեյլս-հաուզում չեն եւ հաջողությամբ գովազդ են վաճառում: Մենք նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Ինտերնետում ցանկացած ժամանակ կարող է ստեղծվել 2-րդ, 3-րդ սեյլս-հաուզը: Ըստ էության, այդպիսիք կան, գուցե նրանք իրենց չեն դիրքավորում որպես սեյլս-հաուզ, բայց երբ նայում ես գործունեության տեսակը, այդպես է: Այսինքն՝ կան կառույցներ, որոնք երկու եւ ավելի գովազդային հարթակներում գովազդ են վաճառում բացառիկության սկզբունքով: Այլ հարց է՝ այդ հարթակներն իրենց պատկանո՞ւմ են, թե՞ ոչ: Ոչինչ նրանց չի խանգարում գովազդ վաճառել: Վստահ եմ՝ նրանք ունեն նույն խնդիրը, որ Ֆեյսբուքը շուկայի մեծ սեգմենտն է վերցնում:

Քանի՞ կայք կա ձեր սեյլս-հաուզի կազմում:

14 կայք՝ իրենց 3 ենթակայքերով: 14-ի հետ ունենք համագործակցության պայմանագիր, որ զբաղվում ենք իրենց հարթակներում գովազդի վաճառքով: Մենք որպես գովազդային գործակալություն հանդես չենք գալիս:

Իսկ IP Marketing-ը, որի հիմնադիրը դուք եք, ինչո՞վ է զբաղվում:

Գովազդային գործակալություն է, բայց կապ չունի «Դիջի սեյլզ»-ի հետ, «Դիջի սեյլզ»-ն ինքը չունի գովազդային գործակալություն չէ, ինչպես նշված է հետազոտության մեջ:

Բայց չէ՞ որ փոխկապակցված են հիմնադիրների մասով: Դուք IP Marketing-ի հիմնադիրն եք, միաժամանակ «Դիջի սեյլզ»-ի համահիմնադիրը եւ տնօրենը: Չի՞ կարող IP Marketing-ը առավելություն ստանալ «Դիջի սեյլզ»-ի հարթակներում գովազդ տեղադրելիս:

Չի կարող: IP Marketing-ը ունի նպատակ՝ շահույթ ստանալ եւ ենթարկվում է շուկայի մյուս կանոններին: Այն պետք է հաճախորդի՝ պատվիրատուի գովազդային արշավը ճիշտ կազմակերպի: Եթե սկսի բոլոր իր հաճախորդներին ուղարկել «Դիջի սեյլզ»-ի կայքեր, կունենա՞ պատվիրատու: Պարզ չէ՞, որ պատվիրատուի մոտ հակասություններ, հարցեր կառաջանան, տպավորություն կստեղծվի, որ IP Marketing-ը «Դիջի սեյլզ»-ի հետ է աշխատում: IP Marketing-ը պետք է աշխատի այնպես անել, որ պատվիրատուի առաջադրած խնդիրները լուծի:

Պատվիրատուի համար այդպես գուցե հեշտ է՝ մեկ կառույցի հետ գործ կունենա: Շուկայի մյուս խաղացողները խնդիր կունենան՝ շուկայում հավասար մրցակցային պայմաններ չեն լինի:

Վստահեցնում եմ՝ IP Marketing-ը աշխատում է գովազդային հարթակ տրամադրող բազմաթիվ ընկերությունների հետ, այդ թվում՝ «Դիջի սեյլզ»-ի: «Դիջի սեյլզ»-ը աշխատում է բոլոր գովազդային գործակալությունների հետ, եւ բոլոր գովազդային գործակալություններն աշխատում են «Դիջի սեյլզ»-ի հետ: «Դիջի սեյլզ»-ը ունի հատուկ զեղչ, որը տրվում է միայն գովազդային գործակալություններին: Այսինքն՝ եթե հաճախորդը ուղիղ գա «Դիջի սեյլզ», կստանա նույն գինը, ինչ գովազդային գործակալության միջոցով դիմելիս, բայց գովազդային գործակալությունը ստանում է հավելյալ զեղչ՝ բոլորին հավասար զեղչ է տրվում: Բացառվում է, որ որեւէ գործակալություն ստանա ավելի մեծ զեղչ, ներառյալ՝ IP Marketing-ը, որովհետեւ մենք մեր հերթին վերահսկվում ենք կայքերի կողմից: Նրանք տեսնում են, թե ինչպես է առաջանում իրենց գնագոյացումը: Ինչ-որ մեկին ավելի մեծ զեղչ անելու դեպքում հարց կառաջանա: Կան սահմանված կանոններ: Դրանք սահմանվել են 2015թ. սկզբին: Մենք անցել ենք ավելի պրոֆեսիոնալ վաճառքի՝ ըստ ցուցադրությունների: Աշխարհն արդեն ցուցադրություններից անցում է կատարել ավելի լավ մեթոդների, մենք շատ հետ ենք աշխարհից, բայց այդ քայլն արեցինք, որը հանգեցրեց թափանցիկության մեծացման: Ցանկացած կայք, եթե մեր հաշվիչով հաշվարկի ու դիմի գովազդային գործակալություն, նույն գները կստանա: Բոլոր կազմակերպությունները նույն գումարները կստանան: «Դիջի սեյլզ»-ի հետ աշխատող բոլոր սուբյեկտները հավասար իրավունքներ ունեն:

Հետազոտության մեջ նշված է, որ «Դիջի սեյլզ»-ը նախընտրում է աշխատել արդեն կայացած կայքերի հետ: Այդպիսով առցանց գովազդային շուկայի զարգացման խնդիրը չի լուծվում, քանի որ այն, լինելով գերիշխող դիրքում, խոչընդոտում է գովազդային բյուջեների հոսքերին դեպի նոր ստեղծված կամ ցածր վարկանիշ ունեցող կայքեր:

Այո, մենք չենք աշխատում, որովհետեւ չենք կարողանում այդտեղ գովազդ վաճառել, նման փորձ ունեցել ենք, մտածել ենք՝ այս կամ այն կայքը պոտեցիալ ունի, հետաքրքիր լսարան, բայց չենք կարողացել, ուստի հրաժարվել ենք: Հիմա արդեն չենք վերցնում նման կայքեր, որովհետեւ չենք ուզում ասեն՝ «Դիջի սեյլզ»-ը վերցրեց ու չկարողացավ վաճառել, փորձում ենք ռեալ գնահատել հնարավորությունները: Գովազդատուն մեծ լսարան ունեցող կայքերի հետ է ուզում աշխատել: Մենք չունենք Գուգլի, Յանդեքսի տեխնոլոգիաները, որ կարողանանք փոքր լսարան ունեցող կայքերին ասել՝ եկեք կպեք մեզ, մենք կվաճառենք:

Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն դիտարկումը, որ տարբեր տեսակի մեդիաներում գովազդների վաճառքը կենտրոնանում է միեւնույն մարդկանց ձեռքում: Օրիանկ՝ Տիգրան Սաֆարյանը ե՛ւ «Դիջի սեյլզ»-ի հիմնադիրն ու խոշոր բաժնետերն է, ե՛ւ «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ»-ի 100% բաժնետերը:

Նա մեր համահիմնադիրն է, եւ ես չեմ կարող մեկնաբանել, թե դրանից դուրս նա ինչով է զբաղվում: Դա մեզ ոչինչ չի տալիս: Ես էլ սրանից դուրս այլ բանով եմ զբաղվում, ստարտափների հիմնադիր եմ եւ այլն: Դրանք կապ չունեն մեկը մյուսի հետ: Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում եւ չեմ կարող մեկնաբանել հեռուստաոլորտը: Բայց նման գործընթաց ամբողջ աշխարհում կա:

Ես համամիտ եմ, որ շուկան պետք է ազատ զարգանա եւ մրցակցություն լինի: Մեր պարագայում ՏՄՊՊՀ-ն խնդիրը տեսնում է միայն էքսկլյուզիվության զեղչի մեջ: Եթե դա իսկապես խնդրահարույց համարվի, մենք ոչինչ չենք կարող անել պետական մարմնի դեմ: Դա եղել է իմ արձագանքը Ֆեյսբուքի եւ Գուգլի էքսպանսիայի դեմ: Այսօր գիտե՞ք ինչու է Գուգլի մասնաբաժինը փոքր Հայաստանում. այն հայերենը տեխնոլոգիապես չի ճանաչում: Հայկական կայքերը խորամանկությամբ պիտի մոտենան, որ ընդունի իր մոտ: Այս խոչընդոտի պատճառով է, որ Գուգլը չի զարգանում այստեղ: Բայց մի օր կսկսի զարգանալ, եւ որպես սեյլզ-հաուզ մենք պիտի մեխանիզմներ մշակենք գովազդային բյուջեները չկորցնելու համար:

Հայաստանի օնլայն գովազդային շուկան 2016-ին ես գնահատում եմ մոտ 2 մլն դոլար: Եթե «Դիջի սեյլզ»-ը սրա 41.3 տոկոսն է գրավում, շնորհակալություն (ժպտում է): Մենք շատ ենք ուզում գերիշխող դիրք ունենալ շուկայում, բայց դեռ հեռու ենք: Որպես ընկերության ղեկավար ես պիտի ձգտեմ շուկայում ավելի մեծ դիրք գրավել: «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գնահատմամբ՝ 3 մլն դոլար է: Իրենց հաշվարկով ես պատկառելի հասույթ կունենամ, շատ կուզենամ այս դիրքում լինել եւ ամեն տարի տուգանվել, բայց իրականությունն այլ է: Եթե Հայաստանի օնլայն գովազդի բյուջեն 3 մլն դոլար լինի, վստահ եմ՝ Հայաստան կմտնեն չափող ընկերություններ: Նման բյուջեի դեպքում Real time bidding աուկցիոնային համակարգ կներդնեինք, ինչպես Ֆեյսբուքը եւ այլ տեխնոլոգիաներ: Հետազոտության տվյալներն իրականությունից հեռու են: Եթե այդպես լիներ, նշված թվերը մեզ համար օրհնանք կլինեին:

Լուսանկարը՝ Արսեն Սուլթանյանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter