Կիրակի, 23 սեպտեմբերի

Գիտնականն առաջարկում է Հայաստանի պաշտպանության ոլորտը բարելավել գիտության միջոցով



«ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից գիտության ոլորտում կազմակերպվող նորարարության մրցույթը կարող է դադարեցվել հայտերի նվազման պատճառով:

Մրցույթը կազմակերպվում է 2007-ից, նախաձեռնողը Լոս Անջելեսում հիմնված «ԱՐՓԱ» ինստիտուտն է (Հայաստանի համար վերլուծահետազոտական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտ է՝ Analysis Research and Planning for Armenia: Հիմնվել է 1992 թ.-ին): Ինստիտուտի նախագահը Կալիֆոռնիայի Նորթրիջի համալսարանի դասախոս, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի մասնագետ Հակոբ Փանոսյանն է:

Մրցույթի գլխավոր պայմանը նորարարություն ներկայացնել ու գործնականում հիմնավորելն է, այսինքն՝ նորարարությունը պետք է կիրառելի դառնա: Այն անցկացվում է ուսանողների և ասպիրանտների շրջանում՝ ճարտարագիտության, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Օրինակ, նախանցյալ տարի գենետիկայի ոլորտում ալֆգորիթմ էին մշակել, որը ճշգրտորեն չափում է գեների ծայրերում գտնվող պոլիմերները: Եթե այդ պոլիմերները կարճ են, ուրեմն, մարդը առողջական խնդիրներ ունի: Այս գյուտով արդեն հետաքրքրվել են օտարերկրյա ինստիտուտներ ու բժշկական կենտրոններ:

Ինչո՞ւ է նվազել հայտերի թիվը

Ամերիկաբնակ գիտնականն ասում է, որ մրցույթի անցկացման առաջին տարիներին բավականին շատ հայտեր էին ստանում: Անցյալ տարի, սակայն, ընդամենը 3 հայտ են ստացել, և մրցանակ չեն տվել: Մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազման մի քանի պատճառներ կա: Համենայն դեպս, այս մասին պարզել են համալսարանների դասախոսների հետ զրույցներից: «Ոմանք ասում են, որ Հայաստանում հետաքրքրությունը գիտության հանդեպ պակասել է, ոմանք ասում են՝ այստեղի գիտական մակարդակն այդքան բարձր չէ, որպեսզի առանց դասախոսների օգնության գիտական նորարարություն բերեն: Դասախոսներն էլ այնքան մոտիվացված չեն, որ ցանկանան աշխատեն»,- նկատում է գիտնականը, հետո շարունակում, որ ձախողված ուսանողները հաճախ դուրս չեն մնում վճարման հարցի պատճառով: Այսպիսի կարծիք Հ. Փանոսյանը լսել է համալսարանների պրոֆեսորների հետ հանդիպումների ժամանակ:

«Այս ամենի մեջ ճշմարտություն երևի կա: Կամ ուսանողների կողմից նոր բան ստեղծելու մոտիվացիա չկա, կամ գիտության հանդեպ զգացումները փոխված են, կամ էլ հնացած են պրոֆեսորների մոտեցումները, և նոր ասելիք չկա: Չգիտեմ, ես էլ չգիտեմ, բայց իմ կարծիքով, կարևոր է գիտությունն ու տեխնոգոլիան Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար»,- նշում է նա:

Որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա

Գիտնականը շեշտում է, որ Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է գիտության և տեխնոլոգիայի բնագավառի զարգացումը. «Միակ բնագավառը, որ զարգացնում է տնտեսությունը, արտադրողական բնագավառն է, ինժեներականը և տեխնոլոգիան է: Ուրիշ բան պետք չէ, գիտությունը զարգացնելն է պետք: Դրա համար լաբորատորիաներ են պետք, մասնագետներ են պետք, փորձարկումներ ենք պետք, գյուղտարարության մասին մտածել է պետք, գյուտեր են պետք»: Ըստ նրա՝ այսօր Իսրայելը թվային համեմատությամբ ամենաշատ գյուտերն է արարում աշխարհում:

Հայաստանում աշխատող գիտնականներին Հակոբ Փանոսյանը խորհուրդ է տալիս չսպասել, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի, այլ դիմել՝ օտարերկրյա դրամաշնորհներ ստանալու համար, իրականացնել իրենց գիտական նպատակը: Աշխատող մարդը, ասում է, ձևը գտնում է, իսկ եթե հուսահատ ես կամ ամենօրյա արածովդ բավարարվում ես՝ գնում ես լսարան, դաս տալիս և տուն գնում, ապա դա չի նշանակում, որ գիտությամբ ես զբաղվում:

Ամերիկայում, օրինակ, եթե պրոֆեսորները նորություն չբերեն, գիտական հոդվածներ չտպագրեն, հետազոտություններ չանեն, կամ կհեռացնեն համալսարաններից, կամ կմնան նույն տեղում՝ առանց հավելումների: Հայաստանում պրոֆեսորի հասկացությունն այլ է՝ դասախոսը գնում է միայն դաս տալու համար: Փանոսյանի համոզմամբ՝ դա պետք է փոխվի: Երկրորդն այն կարծրատիպն է, թե գիտնականը միայն տեսականի մասին պետք է մտածի: «Տակավին հին մտածողություն կա, որ եթե մենք լավ ենք տեսական բաների մեջ, ուրեմն, գիտնական ենք: Այսօրվա աշխարհի մեջ այդ չէ գիտնականը: Գիտնականը ոչ միայն լավ է տեսականի մեջ, այլև գործնական ուղղությամբ կմտածի: Որոշ արտադրանքի հետևից կգնա, եթե նյութ ես արտադրում, պիտի փորձեր անես, հիմնավորես»,- նշում է նա: Ապա շարունակում է, որ եթե չես հիմնավորում նորարարությունդ, ապա գյուտդ այլևս իմաստ չունի:

Գիտության նկատմամբ վերաբերմունքը, նրա կարծիքով, պետք է սկսել դպրոցներից: Որպես օրինակ նշում է, որ Երևանում 40 դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար 4-ժամյա դասընթաց էր կազմակերպել, որտեղ խոսել է գիտական գործերից: Մասնակիցներին հանձնարարել էր թղթե ինքնաթիռներ պատրաստել և որոշել, որ մոդելն է ամենահաջողվածը, ինչով է պայմանավորված ամենաերկար թռիչքը՝ թևերի երկարությունից, ձևից և այլն:

Փոքր բիզնեսով զբաղվողներին շուտով վարկեր են տրամադրելու: Հայտատուները պիտի հիմնավոր բիզնես ծրագիր ներկայացնեն և համոզեն, որ շահութաբեր է լինելու գործը:

Երբ գիտության ոլորտի մասին անցյալով ենք խոսում

Հակոբ Փանոսյանը համաձայնում է այս մտքի հետ, ասում է՝ այո, ներկայի մասին շատ չեն խոսում, որովհետև Հայաստանում գիտության ներկան ինչ-որ տեղ սովետական մոտեցումների շարունակությունն է, դժբախտաբար: Այնուհետ ավելացնում է, որ այդ համակարգն այլևս արդյունավետ չէ այս դարաշրջանում, պետք է փոխվի:

«Շատ ինստիտուտներ իրենց աշխատանքով նման են, թեև տարբեր են: Ինչո՞ւ են նմանվում, դա չեմ հասկանում: Եվ հետո այդ ինստիտուտներում ամեն գիտնական ինքն իրենով է աշխատում, ասում են՝ իմ լաբորատորիան, ես այս սարքը գնեցի...: Կարծես, դա իրենն է, այլ ոչ թե ինստիտուտինը: Գուցե շատ կարևոր սարք ունենա, որն ուրիշ մեկը չի կարող օգտագործել: Իսկ ինչո՞ւ ես այդ սարքը չեմ կարող օգտագործել, եթե բոլոր ինստիտուտները պետական են: Այս ամենը պետք է վերանայել»,- ասում է նա:

Ամերիկաբնակ գիտնականի խոսքով՝ հայաստանյան գիտության ոլորտը պետք է բարելավվի, այլապես այսպես շարունակել հնարավոր չէ: Առաջարկում է ստեղծել մասնագետների հատուկ մարմին և ուսումնասիրել, թե Հայաստանում որ բնագավառները կարող են զարգացնել գիտության միջոցով:

«Օրինակ, իմ կարծիքով, կարևորագույն խնդիրը Հայաստանի պաշտպանությունն է: Մեր գիտական բոլոր աշխատանքներն անպայման պետք է բաժին բերեն Հայաստանի պաշտպանությանը»,- նշում է Հ. Փանոսյանը: Ըստ նրա՝ եթե մեկը տեսություն է գրել, ապա անպայման պետք է արդյունք տա, փարձարկումներ անի, հետազոտություն իրականացնի, կարճ ասած՝ պետք է հզորացնել գիտության կիրառական բաժինը:

Ասում է, որ այո, այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները, կարծես, բավականին զարգացած են, բայց այդ ոլորտում հետազոտողներ դեռևս չկան, արտադրում են անձինք, ովքեր ծրագրավորում գիտեն, հիմնարար գիտելիքներ ունեն և գնում են աշխատելու, ասենք, «Սինոփսիսում»: Այդ բնագավառի մեջ, սակայն, ըստ զրուցակցիս, առաջադիմություն չի արձանագրվում ոչ մի ձևով. «Այո, գործ կստեղծվի, լավ է, բայց իմ կարծիքով, այդ ինստիտուտները, համալսարանները պետք է հատուկ հետազոտողներ ունենան, օրինակ, վիրտուալ ցանցում ունենան մարդիկ, ովքեր նորություններ կբերեն»: Համալսարանը միայն դաս տալու տեղ չէ, այնտեղ, ամերիկաբնակ գիտնականի խոսքով, ուսանողը պետք է հնարավորություն ունենա հետազոտություններ անելու:

Կրթության և գիտության նախարարին առաջարկներ են ներկայացրել, խոստացել է համագործակցել: Երկու տարի առաջ Հ. Փանոսյանը հանդիպել էր նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նրան ներկայացրել էին գիտության միջոցով պաշտպանության ոլորը բարելավելու ուղիներ: Գիտնականն ասում է, որ ՊՆ-ում խանդավառված էին, բայց մինչ օրս այդպես էլ չեն արձագանքել՝ առաջարկները կիրառելու համար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ