HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինտերնետի շուկան Հայաստանում. Beeline-ը զիջել է առաջատարի դիրքը

«Յուքոմ» ընկերության կողմից նախորդ տարի «Օրանժ Արմենիա»  ընկերությունը ձեռք բերելուց հետո «նարնջագույն» օպերատորի բաժանորդների հիմնական մասը դարձան «կանաչ» օպերատորի բաժանորդներ։ Եթե բջջային հեռախոսակապի շուկայում այս միացումը գործող ընկերությունների դիրքերի մեծ փոփոխություններ չգրանցեց, ապա ինտերնետի շուկայում փոփոխություները զգալի են։  

Այսօրվա դրությամբ ՀՀ տարածք միջազգային ինտերնետ հոսքեր է  ներմուծում 4   ընկերություն՝ «ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը՝ Beeline), «Ջի Էն ՍԻ Ալֆա»-ն (Rostelecom), «Ղ-Տելեկոմ»-ն (VivaCell) ու  «Յուքոմ»-ը (Ucom)։ Ինտերնետը նշված չորս և նրանց հետ համագործակցող այլ ընկերությունների միջոցով մատուցվում է բնակչությանը՝ անհատներին ու կազմակերպություններին։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հուլիսի  1-ի դրությամբ Հայաստանում ինտերնետ հասանելիության ծառայություններ է մատուցում 89 ընկերություն (տնտեսվարող անձինք)։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Ընկերությունների հաշվետվությունների և որոշ վիճակագրական տվյալների հիման վրա փորձենք հասկանալ, թե «Յուքոմ»-ի և «Օրանժ Արմենիա»-ի միացումից հետո ինչպես է դասավորվել ինտերնետի շուկան՝ նշված 89 ընկերությունների շարքում որոնք են գլխավոր խաղացողները և ինչ կշիռ ունեն շուկայում։ Հիմք ենք ընդունել ընկերությունների վերջին հաշվետությունները, որոնք ներկայացնում են այս տարվա երկրորդ եռամյսակի ավարտին գրանցված պատկերը։

Նախևառաջ սկսենք նրանից, որ  ինտերնետը բաժանորդին հասնում է երեք տարբերակով՝ առաջինը բջջային հեռախոսի միջոցով, երկրորդը՝ որպես շարժական լայնաշերտ ինտերնետ (օրինակ՝ USB մոդեմների միջոցով) և երրորդը՝ որպես ամրակցված լայնաշերտ ինտերնետ (ֆիքսված, ինչպես մենք ենք սիրում ասել՝ «տան ինտերնետը»)։ Օրինակ՝ Beeline-ն ու Ucom-ն այս երեք ծառայություններն էլ մատուցում են։  VivaCell-ը ևս մատուցում է երեք ծառայությունները, սակայն ֆիքսված լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ է մատուցում ոչ թե ամբողջ բնակչությանն, այլ փոքր թվով բաժանորդների՝ միայն կոմերցիոն ձեռնարկությունների, Վահագնի թաղամասի բնակիչներին ու պետական կառույցների։ Իսկ Rostelecom-ը ինտերնետը բնակչությանը հասցնում  է միայն ֆիքսված կապով։

 Ինտերնետ՝ հեռախոսով. այստեղ առաջատարը Vivacell-ն է

Ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից միայն երեքն են հեռախոսակապի միջոցով ինտերնետ մատակարարում բաժանորդներիին, այլ խոսքով՝ միայն բջջային օպերատորները (Beeline, VivaCell, Ucom)։

Երեքի շարքում հունիսի վերջի դրությամբ բացարձակ առաջատարը  Vivacell-ն է։ Ենթադրվում է՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Vivacell-ն առաջատարն է նաև բջջային հեռախոսակապի բաջանորդների թվով։  Այս տարվա հունիսի վերջի դրությամբ՝ Vivacell-ի բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը 2  106 006 է, Beeline-ինը՝ 863 562, Ucom-ինը՝ 486 672։

Երեք օպերատորների հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 3 456 240, որոնցից 1 793 869-ը հեռախոսով օգտվում են ինտերնետից։ Ստացվում է, որ հանրապետությունում բջջային հեռախոսակապի բաժանորդների  52%-ը օգտվում է նաև հեռախոսի ինտերնետից։

Նշենք, որ VivaCell-ի՝ հեռախոսի միջոցով ինտերներից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 131 923-ով, Beeline-ինը՝ 8 448-ով, իսկ Ucom-ինը՝ 13 033-ով նվազել։ Տարեկան կտրվածքով ևս առաջին երկու օպերատորները աճ են գրանցել, Ucom-ը՝ նվազում (Ucom-ի ներկա ցուցանիշը համեմատել ենք Orange-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ)։


Create column charts

Լայնաշետ ինտերնետ.  Beeline-ը զիջել է առաջատարի դիրքը  

Առավել հետաքրքիր է լայնաշերտ ինտերնետ ծառայությունների շուկան։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվով այս տարվա հունիսի վերջի դրությամբ առաջատարը Ucom-ն է։  Դիտարկում ենք շարժական և ամրակցված լայնաշետ ինտերնետի բաժանորդների թիվը միասին։ 

Բայց մինչ ցուցանիշներին անցնելը նշենք, որ  ըստ ինտերնետ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հաշվետվությունների՝ «բաժանորդ» հասկացությունը սահմանվում է որպես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ։ Կարճ ասած՝ որքան պայմանգիր, այնքան էլ բաժանորդ։

Մեր հաշվարկներով՝ լայնաշերտ ինտերնետ կապի ծառայությունների մատուցման շուկայում հիմնական խաղացողներն են հենց միջազգային ինտերնետ հոսքեր  ներմուծողները՝  Beeline-ը, Rostelecom-ը, VivaCell-ն ու Ucom-ը։ Որոշ վերապահումներով խոշորների շարքին ենք դասում նաև Interactive TV-ն («Ինտերակտիվ Թիվի»)։ Ինչու՞ վերապահումներով. որովհետև նշված չորսի համեմատ այս ընկերության բաժանորդների թիվը զգալի փոքր է, սակայն մնացած ավելի քան 80 ընկերությունների շարքում համեմատաբար մեծ է։

Այսպիսով, կրկին մեր հաշվարկներով՝ նշված հինգ ընկերություններն, ըստ բաժանորդների թվի, գրավում են լայնաշերտ ինտերնետ կապի ծառայությունների շուկայի շուրջ 95%-ը։ Իսկ մնացած շուրջ 5%-ը շուկայում գործող 84  փոքր ընկերություններն են զբաղեցում։ Շուկայում հիմնական խաղացողների և փոքր ընկերությունների նշված մասնաբաժինները մոտավոր հաշվարկների արդյունք է։ Հստակ տոկոսային հարաբերություն որոշել այս պահին հնարավոր չէ, քանի որ փոքր ընկերությունների մեծ մասը չունեն պաշտոնական կայքեր և չեն հրապարակել հաշվետվությունները։ Մի մասի դեպքում էլ հաշվետվությունները թարմ չեն։ Որոշների պարագայում էլ զրույցներից տպավորություն է ստեղծվում, թե չունեն հստակ ու թարմ ցուցանիշներ իրենց բաժանորդների  քանակի վերաբերյալ։  Ուստի, հիմնականում հիմք ենք ընդունել խոշոր մատակարարների բաժանորդների ընդհանուր քանակն ու ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվող տվյալները Հայաստանում ինտերնետ հասանելիության բաժանորդների ընդհանուր քանակի վերաբերյալ։  

Loading...

Loading...

Այս պատկերի վերջին ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակն՝ ըստ ամրակցված և ֆիքսված ինտերնետի։ Եթե այս ցուցանիշները առանձին դիտարկենք, ապա կնկատեք, որ միայն ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակով Beeline-ն է առաջատրը, իսկ միայն շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակով՝ Ucom-ը։

Բայց քանի որ, ավելի ընդհանրացված, ինտերնետի շուկան բաժանվում է երկու մասին՝ ինտերնետ հեռախոսակապով և լայնաշերտ ինտերնետ, հետևաբար լայնաշերտ ինտերնետի պարագայում ֆիքսվածի և շարժականի ցուցանիշները միասին ենք ներկայացնում՝ հասկանալու ընկերությունների կշիռը։ Այս տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ Ucom-ի լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 2 845-ով նվազել է, VivaCell-ինը՝ 626-ով, իսկ Beeline-ինն՝ ավելացել է 1 797-ով, Rostelecom-ինը՝ 675-ով, Interactive TV-ինը՝ 86-ով։


Create column charts

*Ucom-ի  30 հունիսի 2015-ի ցուցանիշում ներառված չէ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետ բաժանորդների թիվը, քանի որ այդ ժամանակ ընկերությունները դեռևս պաշտոնապես չէին միացել։

Ընդ որում՝ նկատենք, որ Ucom-ը ինտերնետի բաժանորդների քանակով առաջատարն է դարձել հենց  Orange-ը ձեռք բերելու շնորհիվ։ Պարզ երևում է՝ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը գումարվել է Ucom-ի ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակին, ինչի շնորհիվ էլ Ucom-ն առաջ է անցել Beeline-ից։

Իսկ ինչ վերաբերում է ինտերնետ ծառայություններ մատուցող մյուս ընկերություններին, պատկերացում կազմելու համար, թե որքան բաժանորդներ ունեն նրանք, ներկայացնենք մի քանի օրինակներ։ Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ArpiNet-ն ունի  2 573 բաժանորդ, Web-ը՝ 1 213,  Arminco-ն՝ 481 և այլն։

Այսպիսով, այս տարվա հունիսի վերջի դրությամբ լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատուցման ՀՀ շուկայում առաջատարը Ucom-ն է, երկրորդ տեղում է Beeline-ը, երրորդում՝ VivaCell-ը։ Նրանց հաջորդում է Rostelecom-ը, իսկ հինգերորդում Interactive TV-ն է։ Այս հինգ ընկերությունների բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 494 563։ Եթե դրան էլ գումարում ենք փոքր ընկերությունների՝ պայմանականորեն հաշվարկած 5%-ն, ապա ստացվում է, որ կոպիտ հաշվարկով՝ Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 520 հազար։

Հ. Գ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարզաբանումից հետո հոդվածում ավելացվել են VivaCell-ի ֆիքսված լայնաշերտ ինտերնետ կապի ցուցանիշները։ Սակայն քանի որ հոդվածում ներկայացված մյուս ընկերությունների բաժանորդների քանակի ֆոնին VivaCell-ի ֆիքսված լայնաշերտ ինտերնետի քանակն անհամեմատ փոքր է, ավելացումից ոչ շուկայում ընդհանուր բաժանորդների թիվն է էականորեն փոխվել, ոչ էլ առավել ևս՝ ընկերությունների ունեցած կշիռը։ Նշենք, որ ի տարբերություն մյուս ֆիքսված կապի ծառայություններ մատուցող մյուս ընկերությունների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքի ֆինանսական հաշվետվություններ բաժնում միայն շարժական բջջային կապի ծառայությունների հաշվետվություններն են։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter