HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Արման Նավասարդյան. «Հակամարտող երկրի ներսում ցանկացած ազգի ներկայացուցիչ ունի նույն իրավունքներն, ինչ մնացած մարդիկ»

Հարցազրույց ՄԱԿ-ի դիվանագետ, ՄԱԿ-ի Մարդասիրական հարաբերությունների համակարգման գրասենյակի միջազգային կազմի ներկայացուցիչ, մարդասիրական օգնության ծրագրերի համակարգման և արտակարգ իրավիճակներին արձագանքման փորձագետ Արման Նավասարդյանի հետ։

Պարոն Նավասարդյան, Ձեր կազմակերպությունը զբաղվում է օգնության համակարգմամբ նաև Սիրիայում, և Դուք նույնպես 6 ամիս գործուղված եք եղել այնտեղ 2013-2014թթ.: Ունե՞ք թարմ տեղեկատվություն այսօրվա իրավիճակի մասին: Քանի՞ մարդասիրական կազմակերպություն է այս պահին աշխատում Սիրիայում, ինչպիսի՞ օգնություն է ցուցաբերվում միջազգային հանրության կողմից, և ի՞նչ խնդիրներ ունեն այսօր մարդասիրական կազմակերպությունները:  

Շնորհակալ եմ այս թեմայով վերլուծությանը մասնակցելու հնարավորության համար։ Տեղեկությունս այնքանով է թարմ, որքանով այն քաղված է այսօրվա պաշտոնական մարդասիրական աղբյուրներից, և որքանով Սիրիայում մարդասիրական համատեքստի դրական դինամիկայի բացակայությունը  թույլ է տալիս հենվել 2014-ի վաղեմության տվյալների վրա։

Սիրիայի համատեքստն, ըստ ՄԱԿ-ի, աշխարհում ամենաբարդն է։ Սա վերաբերում է ոչ միայն քաղաքացիական բնակչության վիճակին և արտահոսքին, ոչ միայն իսկական մարդասիրական աղետին՝ առկա պատերազմի պայմաններում, այլև ոլորտում զբաղված կազմակերպությունների, ներկայացուցչությունների և պաշտոնյաների առջև ծառացած աննախադեպ (համաշխարհային մակարդակով) դժվարություններին։

Խոսենք թվերով։ Այժմ երկրի ներսում հրատապ մարդասիրական օգնության կարիք ունեցող անհատների թիվը հասնում է 14 միլիոնի։ Ս․թ․մարդասիրական ծրագրերի համընդհանուր արժեքը գնահատվել է 3 միլիարդ 200 միլիոն դոլար, և այս ահռելի գումարից այսօր հայթայթվել է ընդամենը 37 տոկոսը։ Ամբողջ Սիրիայի կտրվածքով շուրջ 487,000 մարդ այժմ զինվորական շրջափակման մեջ է և բացարձակապես կտրված է արտաքին աշխարհից (հանապազօրյա սննդի և այլ կենսական սոցիալական ծառայությունների առումով) և գտնվում է մահվան շեմին։ Ներքին տեղահանվածների և արտագաղթածների ընդհանուր թիվը կազմում է 11 միլիոն մարդ։ Պատերազմի սկզբից ի վեր մահացածների թիվը հայտնի է, ուստի դրան չեմ անդրադառնում։

2014թ․փետրվարի դրությամբ Սիրիայում հայտարարագրված մարդասիրական կազմակերպությունների (բացի 8-10 ՄԱԿ-ի կազմակերպություններից, որոնք մշտապես զբաղված են թեմատիկ մարդասիրական ոլորտների համակարգմամբ) թիվն ընդամենը 15 էր։ Սա չափազանց համեստ թիվ է, եթե համեմատենք հարյուրավոր միջազգային կազմակերպությունների թվի հետ, որոնք ժամանել էին հարավ-արեւելյան Ասիա՝ 2004թ․ցունամիի հետևանքներին արձագանքելու։ Այս թիվը միջազգային հանրության օժանդակության նկատմամբ Սիրիայի վերաբերմունքի առավել խոսուն ցուցանիշներից մեկն է։ Օգնությունը Սիրիայում տարաբնույթ է, հասցեագրված է կենսական ամենակարևոր կարիքներին և քաղաքացիական բնակչության պաշտպանվածությանը՝ մարդասիրական պրոֆեսիոնալ չափորոշիչներով վճռված առավել գերակա աշխարհագրական շրջաններում։ Հիմնական խնդիրը միջազգային համայնքի սեփական անվտանգությունն է․մենք տեսնում ենք, թե ինչպես են ռմբակոծվում հիվանդանոցներն (այդ թվում մարդասիրական կազմակերպությունների հիմնած) ու օգնության բեռներով շարասյուները։ Սա փաստում է այն մասին, որ պատերազմող կողմերը չեն հարգում և չեն երաշխավորում մեր անկողմնապահ միջամտությունները։

Ձեզ հաջողվե՞լ է կապ հաստատել Սիրիայի հայկական համայնքի,սփյուռքահայ կազմակերպությունների հետ։ Ի՞նչ  օժանդակություն են ցուցաբերում այդ կազմակերպությունները տեղի հայկական համայնքին:

Ես փորձ եմ արել կապվել Քեսաբի հայ համայնքի ղեկավարության հետ դեռ այն ժամանակ, երբ քեսաբյան դեպքերն աղմուկ բարձրացրին։ Ցավոք (գուցե այն պատճառով, որ ստիպված էի հանդես գալ որպես ՄԱԿ-ի պաշտոնյա), այն ժամանակ չստացա մեր համայնքի, եկեղեցու կամ հայկական բարեգործական կազմակերպություների անաչառ տեղեկատվական աջակցությունը, որը կնպաստեր, ի միջի այլոց, նաև Քեսաբի և հետագայում Հալեպի հայությանն ուղղված առավել օբյեկտիվ և հասցեական մարդասիրական օգնությանը։ Դրա փոխարեն ես անուղղակի հրավերներ ստացա, մեղմ ասած, դեպի տենդենցիոզ եկեղեցական խողովակներով ուղղվող և համայնքամետ միջամտություն։ Հասկանալով, որ հայ համայնքների համար ավադականը դա է՝ ես, այդուհանդերձ, իրավասություն չունեցա նման եղանակով արձագանքելու աղետի պատկերին՝ ելնելով նույն անկողմնապահության սկզբունքից։ Այսօր Սիրիան ունի մոտ 20.000 ծագումով հայ, և այդ մարդիկ ունեն նույն խնդիրներն ու իրավունքները, ինչ և մնացած բնակչությունը։

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների աշխատանքը, նրանց դիրքորոշումը, ի՞նչ պետք է Հայաստանի Հանրապետությունն անի Սիրիայի հայկական համայնքին ավելի արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու համար:Կարո՞ղ է ՀՀ-ն այս հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, եթե այո, ապա ինչպե՞ս:  

Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ կարծիք չեմ կարող հայտնել այն պատճառով, որ արդեն շուրջ 12 տարի աշխատում եմ հանրապետությունից դուրս։ Հայաստանի կատարած աշխատանքը երևում է սակավ հրապարակվող թվերի մեջ․երկիրն ընդունել է մոտ 17,000 ազգությամբ հայ սիրիացի, որոնցից մոտ 13,000-ը մնացել է Հայաստանում։ Ես տեղյակ եմ, որ այս ուղղությամբ մարդասիրական քաղաքականությունները վճռվում և իրականացվում են ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող համապատասխան կառույցների մասնակցությամբ։ Սա ապահովում է սիրիահայերի՝ Հայաստան մեկնելու վերաբերյալ առնվազն ոչ հրահրող կամ պարտադրող մթնոլորտ։ Ես դժվարանում եմ հաստատել, թե նրանց տեղափոխումը Հայաստան պիտի օժանդակություն ստանա․սա կառաջացներ մի քանի սկզբունքային խնդիր՝ միջազգային իրավունքի, մարդասիրական օրենքի եւ մասնագիտական էթիկայի տեսակետից։

Ավելի լայն առումով ՀՀ-ը համագործակցում է միջազգային կառույցների հետ, ունի դրա իրավունքն ու պարտավորությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր և բազմաթիվ այլ միջկառավարական պայմանագրերի ստորագրյալ։ Այլ խնդիր է կատարման փաստացիության և արդյունավետության մոնիտորինգը։

Անդրադառնանք միգրացիայի խնդրին, որն այսօր ծառացած է աշխարհի առջև: Մի կողմից՝ այո, պետք է օգնենք մարդկանց, որոնք այսօր ստիպված են լքել իրենց երկիրը՝ ժամանակավորապես ապաստան փնտրելու օտար ափերում, մյուս կողմից՝ եթե Հայաստանն այսօր պատրաստ լինի Սիրիայից և մյուս հակամարտող երկրներից ընդունել փախստականների, անվտանգության ինչպիսի՞ նկատառումներ պետք է հաշվի առնել:

Հայաստանը, բարեբախտաբար կամ դժբախտաբար, առայժմ չունի եվրոպական կամ ամերիկյան այլ երկրների գրավչությունն ու միգրացիոն խնդիրները։ Ես կուզեի, որ մեր փառասիրությունը (амбициозность) այստեղ էլ իրականությունից առաջ չանցներ։ Երբ գա ժամանակը և ներգաղթողների թիվը գերազանցի արտագաղթողներին, հարկ կլինի վերանայել տնտեսական ցուցանիշների ընթացքը և դրանց կապը վաղ իրազեկման մակրոտնտեսական ցուցիչների հետ։ Եթե ներգաղթը կազմի նաև այլ էթնիկ խմբեր, պիտի վերանայվեն նաև ազգային ինքնագիտակցման, ինտեգրման և դրա հակազդեցության ոլորտները։ Այս հարցում ես կցանկանայի տեսնել Հայաստանը որպես պարկեշտ միջազգային դիրքորոշում ունեցող երկիր։

Լուսանկարը` Արման Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter