HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ռեմարկն ու երկու ընկերների իրականացրած երազանքը

Ստեփանակերտից մանկության ընկերներ 23-ամյա Արթուրն ու 22-ամյա Կարոն դպրոցական տարիներից ունեին մի ընդհանուր երազանք ու մեկական ավտոմեքենայի համար կուտակած գումար։ Տղաների երազանքն արժեցավ մի քանի ամիս քրտնաջան աշխատանք, երկու ավտոմեքենայի գումար ու մի փոքր վարկ։ Իրականություն դարձած երազանքը՝ «Remark» Art Café-ն, մոտ մեկ ամիս է, ինչ գործում է։

Փաբի ինտերիեր, տարբեր ոճի երաժտություն և ամեն ուրբաթ պարտադիր թեմատիկ փարթի։ Սա այն նվազագույնն է, որով դեռ առաջնորդվում են «Remark»-ում։

«Սրճարան բացելու գաղափարը մեզ մոտ դեռ 2008թ․ էր ծագել։ Չնայած եթե այդ ժամանակ բացեինք, հաստատ չէինք հաջողացնի։ Այսօր միանշանակ շատ ավելի փորձ ունենք այդ բնագավառում»,- ասում է Արթուր Մուսայելյանը։

Օրվա մի մասը Կարոն հաշվապահ է աշխատում տեղի համալսարաններից մեկում, իսկ Արթուրը՝ հյուրանոցի փոխտնօրեն։ 

«Ստացվում է, որ գործից հետո սրճարան ենք գործի գալիս։ Սրճարանն աշխատեցնելը և´ հաճույք է, և´ լուրջ գործ։ Քանի որ նոր ենք բացվել, աշխատում ենք` ամեն ինչ անթերի լինի»,- ասում է Արթուրը՝ հավելով, որ չնայած մատուցողներ ունեն, բայց հարկ եղած դեպքում իրենք էլ ամեն գործ անում են, միայն թե հաճախորդները գոհ մնան։

Սրճարանի բարի սեղանի ամենաերևելի մասում՝ հինաոճ նվագարկչի կողքին, Էրիխ Մարիա Ռեմարկի դիմանկարն է։ Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Ռեմարկը տղաների ամենասիրելի գրողներից մեկն է։

«Երկար ենք մտածել անվան վրա։ Սկզբում ուզում էինք «հայաթ» (Ղարաբաղի բարբառով նշանակում է բակ) դնել, քանի որ մեր սերնդակիցների համար հատուկ նշանակություն ունի։ Հետո պարզվեց, որ նման անունով հյուրանոցների ցանց կա, դրա համար հրաժարվեցիք այդ մտքից։ Երկար-բարակ մտածելուց հետո որոշեցինք մեր սիրած գրողի անունով կոչել սրճարանը»,- ասում է Արթուրը։

Նորաբաց սրճարան դեռ ամեն խավի մարդիկ են այցելում, շատերին է հետաքրքիր Ստեփանակերտի ստանդարտ սրճարաններից տարբերվող «Remark»-ը։ Տղաները գիտակցում են, որ այցելուների միայն մի չնչին տոկոսն է մշտական հաճախորդ դառնալու։ Կմնան միայն նրանք, ովքեր կսիրեն տեղի մթնոլորտը և «իրենց ափսեյում» կզգան «Remark»-ում։

«Երևանում շատ սրճարաններ ու փաբեր կան, որոնք միշտ այցելում ենք, երբ Երևանում ենք լինում։ Ու միշտ մտածում էինք, որ լավ կլիներ նման տեղեր Ստեփանակերտում էլ ունենայինք։ Ճիշտ է, այստեղ դեռ պահանջարկը մեծ չի, մարդկանց մեծ մասը սովոր չէ նման ֆորմատի սրճարանների, բայց մենք ուզում ենք մեր օրինակով այդ մշակույթը ներդնել և զարգացնել այստեղ»,- ասում է Արթուրը։

Երիտասարդների ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար, բայցի ուրբաթ երեկոյի թեմատիկ փարթիներից, առաջիկայում պլանավորում են նաև կենդանի երաժտության, պոեզիայի երեկոներ, տարբեր թեմաներով քննարկումներ և այլն։

Տղաները խոստովանում են, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ գալով «Remark»` մարդիկ նախ և առաջ հաճելի ժամանակ անցկացնեն, նոր մարդկանց հետ ծանոթանան, այլ ոչ թե մնացած սրճարանների նման միայն ուտելու կամ սուրճ խմելու համար այցելեն։

«Մենք կարող էինք մեր գումարն ավելի հաջողված ու եկամտաբեր ոլորտում ներդնել, բայց մենք նախընտրեցինք ռիսկի գնալ։ Պարզապես մեր սրտով առաջնորդվեցինք, ոչ թե փող վաստակելու ցանկությամբ,- ասում է Կարոն և շտապում ավելացնել,- միամիտ է սպասել, որ մի օր ինչ-որ մեկը մի բան կփոխի մեզ համար։ Ամեն մարդ պետք է սկսի իրենից, իր շրջապատից, որ հաջողության հասնի»։ 

Մեկնաբանություններ (2)

Ли
Молодцы !Удачи !
Ռշտուն
Ցնկացած բիզնես նախաձեռնություն հարատև ու զարգացող կարող է լինել, եթե իր մեջ պաունակում է նորարարական գաղափար և միտված է պահանջարկի բավարարմանը (հաշվարկված ժամանակահատվածում ապահովում է շահույթ): Տվյալ դեպքում, կարծում եմ տղաները ճիշտ ճանապարհին են՝ չնայած ռիսկայնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter