Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Յուվեցի Կարոյի» որդին Պրահայում ընկերություն է հիմնել. դա անշարժ գույք գնելու առաջին քայլն է


Չեխական անշարժ գույքը մեծ պահանջարկ ունի հայ պաշտոնյաների եւ մեծահարուստների շրջանում: Չեխիայում տներ, հողատարածքներ ու ընկերություններ ունեն հիմնականում Ռուսաստանի, Ուկրաինայի, նաեւ Վրաստանի հայերը: Բայց քիչ չեն նաեւ հայաստանցիները, այդ թվում՝ պաշտոնյաները:

Ըստ չեխական օրենսդրության՝ անշարժ գույքի սեփականատեր դառնալու համար օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են այդ երկրում ընկերություն ունենալ: Դրա համար էլ երկրի իրավաբանական անձանց ռեգիստրում կարելի է գտնել բազմաթիվ հայաստանցիների: Իհարկե, սա չի նշանակում, որ ընկերությունները միայն օրենսդրությանը համապատասխանելու համար են, դրանց մի մասն իրապես գործող եւ տերերին շահույթ բերող կազմակերպություններ են: Օրինակ՝ գրել ենք նախկին փոխվարչապետ, ներկայում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի ընտանիքին պատկանող ընկերությունների մասին, որոնք հատկապես մասնագիտացած են տների վարձակալության ոլորտում: Գրել էինք նաեւ հայտնի գործարար Ալբերտ Երիցյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդու ընտանիքին պատկանող ընկերության եւ հողամասի մասին, որի վրա չեխական ռեստորան է գործում: Պրահայում բնակարաններ ունեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հարսը եւ նախկին նախարար Երվանդ Զախարյանի փեսան:

«ViloKaro». «Յուվեցի Կարոյի» որդու ընկերությունը

Կարո Կարապետյանը, որն ավելի շատ հայտնի է որպես «Յուվեցի Կարո», 2007-ից ԱԺ պատգամավոր է: Թե 2007-ին, թե 2012-ին նա խորհրդարան է մտել ԲՀԿ համամասնական ցուցակով: Նրա մականունը ծագում է ծննդավայր Շահումյան գյուղի (Արարատի մարզ) նախկին անունից (Յուվա): Պատգամավորը կնոջ եւ երկու որդիների հետ այսօր էլ գրանցված է Շահումյանում: 2012-ից Կարապետյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Նույնը, ըստ օրենսդրության արել են կինը՝ Հասմիկ Ստեփանյանը, եւ կրտսեր որդին՝ Վիլիկ Կարապետյանը (ծնվ. 1990 թ.): Սակայն վերջինս հայտարարագրեր է ներկայացրել 2012-2014 թթ., եւ քանի որ 2015-ի փաստաթուղթը բացակայում է, կարելի է ենթադրել, որ Վիլիկն ամուսնացել է: Բանն այն է, որ հայտարարագրեր են ներկայացնում պաշտոնատար անձանց ամուսինները, նրանց հետ ապրող ծնողները եւ համատեղ ապրող չափահաս, չամուսնացած զավակները: Կարո Կարապետյանի հետ է գրանցված նաեւ ավագ որդին՝ Վարդանը, որը հայտարարագրեր երբեւէ չի ներկայացրել հավանաբար ամուսնացած լինելու պատճառով: 

Այդուհանդերձ, Վիլիկ Կարապետյանը 2012-2014 թթ. չի հայտարարագրել ոչ գույք, ոչ եկամուտ: Բոլոր տողերում նշված է «տվյալներ չկան»:

Սակայն 2015-ի սեպտեմբերի 7-ին գույք եւ եկամուտ չունեցող Վ. Կարապետյանը Պրահայում հիմնադրել է 100.000 կրոն (մոտ 2 մլն դրամ) կանոնադրական կապիտալ ունեցող «ViloKaro» ՍՊԸ-ն՝ դառնալով դրա երկու տնօրեններից մեկն ու 50 տոկոսի տերը: Մյուս տնօրենն ու փայատերը չեխական գրանցում ունեցող Զավեն Բաղդասարյանն էր (ապրում է Պրահայի Տրժեբորադիցե թաղամասում (Jirsákova 133/33, Třeboradice)՝ Երեւանում գրանցված հոր եւ մոր սեփականություն հանդիսացող առանձնատանը): Չեխական օրենսդրությամբ՝ եթե օտարերկրացին ցանկանում է այդ երկրում ընկերություն հիմնել, պետք է ունենա տեղական գրանցումով (Չեխիայի քաղաքացի կամ կացության կարգավիճակ ունեցող) գործընկեր կամ առնվազն լիազորված անձ: Զ. Բաղդասարյանը, ամենայն հավանականությամբ, հենց այս դրույթը չխախտելու համար է ներգրավվել: Պատահական չէ, որ արդեն 3 ամիս անց՝ 2015-ի դեկտեմբերին, նա իր 50 տոկոսը հանձնել է Վիլիկին, ով դարձել է ընկերության միակ տնօրենն ու փայատերը (չեխական ռեգիստրի փաստաթուղթը տես այստեղ):

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայաստանցիները հիմնականում իրենց ընկերությունների գործունեության տեսակ են նշում անշարժ գույքի վարձակալությունը, ինչը երբեմն իսկապես այդպես է, այսինքն՝ ընկերությունն այդ ոլորտի բիզնեսով է զբաղվում (օրինակ՝ Արմեն Գեւորգյանի ընտանիքի ընկերությունները), բայց երբեմն այն ուղղակի ձեւական է. օրինակ՝ անձը տուն գնելուց առաջ օրենսդրության պահանջով ինչ-որ ընկերություն է հիմնում եւ գործունեության տեսակ նշում անշարժ գույքի ոլորտը:

Վիլիկ Կարապետյանի ընկերությունն այս օրինաչափությունից դուրս է: «ViloKaro»-ն, ըստ փաստաթղթերի, զբաղվում է սննդի, ալկոհոլի եւ սպիրտի վաճառքով: Սակայն, համաձայն Չեխիայի անշարժ գույքի կադաստրի, ՍՊԸ-ն եւ Վիլիկ Կարապետյանն այդ երկրում չունեն սեփականություն: «ViloKaro»-ն գրանցված է Պրահայի կենտրոնում՝ Տրոյիցկա փողոցում (Trojická 1910/7, Nové Město):

Այս շենքում կադաստրի տվյալներով գրանցված է 14 սեփականատեր, որոնցից 3-ն ընկերություններ են, մյուսները՝ ֆիզիկական անձինք:

Նշենք նաեւ, որ շենքի ներկա բնակիչների ցուցակի մեջ բացակայում է հայկական ընկերության անունը, ինչից կարելի է ենթադրել, որ այն գրանցված է ներքոնշյալ անձանցից մեկի տանը:

Այս նույն շենքում Զավեն Բաղդասարյանը գրանցել է իր եւ երեւանցի Վահրամ Վարդանյանի՝ 2015-ի մայիսին հիմնադրած «ALTAYKA» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակները նույնն են, ինչ «ViloKaro»-ինը: Այս տարվա օգոստոսին Բաղդասարյանը դուրս է եկել ընկերությունից՝ իր փայը թողնելով Վարդանյանին, միաժամանակ փոխվել է ընկերության հասցեն, որը տեղափոխվել է Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաք (Hradec Králové. այստեղ, սակայն, Վարդանյանը սեփականություն ձեռք չի բերել): Այսինքն՝ Զավեն Բաղդասարյանի միջոցով հայաստանցի հայերը ընկերություններ են հիմնել, որոնց «բազավորման» հասցեն նույնն է եղել: Պետք է ենթադրել, որ Զավենն այս հասցեում (Trojická 1910/7, Nové Město) ծանոթ ունի, ում մոտ էլ գրանցել է ընկերությունները:

Այսքանից հետո կարելի է սպասել, որ առաջիկայում Վիլիկ Կարապետյանը անշարժ գույք ձեռք կբերի Չեխիայում, եւ, ամենայն հավանականությամբ, «ViloKaro» ՍՊԸ-ն կտեղափոխվի այդ նոր հասցե (նման բան եղել է, օրինակ, Երվանդ Զախարյանի զավակների եւ փեսայի պարագայում. նրանց ընկերությունը 2012-ին տեղափոխվել է այն հասցե, որտեղ տուն է ձեռք բերել Զախարյանի փեսան, նույնպիսի ընթացք է եղել Ռոբերտ Նազարյանի հարսի տան դեպքում):

«Հետքն» Ազգային ժողովում Կարո Կարապետյանից փորձել է ստանալ երկու հարցի պատասխան՝ ի՞նչ նպատակով է հիմնադրվել «ViloKaro» ընկերությունը եւ ինչու՞ հենց Չեխիայում, ինչպես նաեւ ի՞նչ գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն: Կարապետյանը, չեխական ունեցվածքի մասին լսելով, նշել է, որ կպատասխանի հարցերին նիստերի դահլիճից դուրս գալուց հետո, սակայն այնուհետ հեռացել է ԱԺ-ից:     

Հոդվածի պատրաստմանն աջակցել է Պավլա Հոլցովան (Չեխիա)

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Պրահա-Երեւան


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։