HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կենտրոնական բանկի փետրվարի 27-ը

2002թ. փետրվարի 27-ը Կենտրոնական բանկի ամենածանրաբեռնված օրերից էր: ԿԲ-ի խորհուրդն այդ օրն ընդունել է մոտ մեկ տասնյակ որոշում (մեզ հայտնի են միայն վեցը), եւ նման քանակի որոշումներ կայացնելիս, բնականաբար, թույլ է տվել նաեւ սխալներ:

Նախքան այդ որոշումները ներկայացնելը նշենք, որ ըստ հավաստի աղբյուրների՝ ԿԲ-ն 2002թ. հուլիս-օգոստոս ամիսներից «Արդշինբանկում» պայմանագրային հարաբերություններ է մտցրել: Սա նշանակում է, որ ԿԲ-ն իմացել է բանկի ֆինանսական ոչ բարվոք վիճակի մասին:

Պատկերացնելու համար, թե ինչպես է սկսվել եւ վերջնական կործանման հասցվել «Արդշինբանկը», նրա հետ միասին՝ «Ադանա» բանկը, անդրադառնանք ԿԲ-ի խորհրդի վերոնշյալ որոշումներին: Փետրվարի 27-ին ԿԲ-ի խորհուրդը ընդունել է որոշում, ըստ որի.

ա) խզել է ԿԲ-ի եւ «Արդշինբանկի» միջեւ կնքված պայմանագիրը,

բ) «Արդշինբանկը» ճանաչել է անվճարունակ:

Նույն օրը ԿԲ-ի խորհուրդն ընդունում է թիվ 37 որոշումը, որով «Ադանա» բանկը ճանաչվում է անվճարունակ` հիմք ընդունելով ԿԲ բանկային վերահսկողության դեպարտամենտի նույն օրվա տեղեկանքը: Նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա, ղեկավար` Կ. Համբարձումյան: Վերջինս պետք է 10-օրյա ժամկետում ԿԲ խորհրդի հաստատմանը ներկայացներ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը:

«Ադանա» բանկի անվճարունակ ճանաչելու որոշումը ԿԲ-ի խորհրդի օրակարգում ընդհանրապես չի եղել: Օրակարգում չի եղել, բայց ԿԲ-ն որոշում կայացրել է: «Ադանա» բանկի բաժնետերերն այժմ դատարանում վիճարկում են «Ադանա» բանկի անվճարունակությունը ճանաչելու եւ ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելու վերաբերյալ ԿԲ-ի խորհրդի թիվ «37բգ» որոշումը, եւ դատարանից խնդրում են այն անվավեր ճանաչել: Նույն օրը ԿԲ-ի խորհուրդն ընդունել է որոշում, որով հաստատվել է «Արդշինբանկի» ֆինանսական առողջացման ծրագիրը:

Նույն օրը ԿԲ-ի խորհուրդը թիվ «39բգ» որոշմամբ հաստատել է «Ադանա» բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը: Խորհուրդն այնքան է շտապել եւ փորձել ամեն ինչ արագ վերջացնել, որ այդ հաստատված ծրագրի մեջ չի նկատել ադմինիստրացիայի ղեկավարի՝ ԿԲ-ի խորհրդի թիվ 40 որոշմանը կատարած հղումը: Որոշում, որ այդ պահին դեռ գոյություն չի ունեցել:

Նշենք նաեւ, որ նման ծրագիր փետրվարի 27-ին «Ադանա» բանկ չի ներկայացվել. այն «Ադանայում» մուտքագրվել է մարտի հինգին: Նույն օրը ԿԲ-ի խորհրդի ընդունած որոշմամբ նախնական հավանություն է տրվել «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերի միացման գործարքին: Նշվել է, որ ԿԲ-ի խորհուրդը, քննարկելով երկու բանկերի ադմինիստրացիաների ղեկավարների 27.02.02թ.-ին ներկայացրած միջնորդությունները, այդ բանկերի ֆինանսական առողջացման ծրագրերը եւ այլն, հավանություն է տալիս «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերի միացմանը:

Նույն օրը ԿԲ-ն ընդունել է որոշում, որով ի գիտություն է ընդունվել ԿԲ-ի բանկային վերահսկողության եւ դրամավարկային քաղաքականության դեպարտամենտների տեղեկանքները (դրական եւ բացասական եզրակացություններով): Ինչպես նաեւ «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերի միացման գործարքի իրագործման նպատակով, «Արդշինբանկին» 5.5 մլն դոլարի համակարգային վարկ է տրամադրվել:

2002թ. մարտի 7-ին կնքվել է «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկերի միացման պայմանագիրը: Պայմանագրի կնքման օրը միացյալ բանկում կապիտալը պլյուս 820 մլն դրամ է եղել: Մի քանի ամիս անց «Նովոյե վրեմյա» թերթում տպագրվեց «Արդշինբանկի» հաշվետվությունը. «Արդշինբանկի» կապիտալը դարձել էր մինուս 3 մլրդ. 554 մլն 339 հազար դրամ:

«Արդշինբանկի» առողջացման ծրագրում այսպիսի մի տող կա. ««Արդշինբանկի» կապիտալը 820 մլն դրամ է, բայց իրատեսական հաշվարկներով կկազմի 1 մլրդ-ից ավել վնաս»: Ի՞նչ է նշանակում իրատեսական, երբ այդ օրը բանկի կապիտալը պլյուս 820 մլն դրամ է: Նշանակում է՝ ԿԲ-ն վաղուց գիտեր «Արդշինբանկի» շիլայի մասին: Գիտեր, բայց ոչինչ չէր ձեռնարկում: «Արդշինբանկում» կային ԿԲ-ի համաձայնությամբ տրված անգրավ, անապահով վարկեր:

ԿԲ-ի կանոնակարգում հստակ նշված է, եթե գրավն անապահով է, նույն ամսում էլ 100 տոկոսով պահուստավորվում է: Բայց իր իսկ գիտությամբ տրված «Արդշինբանկի» վարկերը ԿԲ-ն չէր պահուստավորում: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի ուսումնասիրությամբ հաջողվել է պարզել 1 մլրդ դրամի նման վարկեր: Իսկ թե իրականում որքա՞ն է նման վարկերի չափն այսօր, գիտի միայն Կենտրոնական բանկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter