HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ազատ տնտեսական գոտում գործելու թույլտվություն է տրամադրել երկու ընկերությունների

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություն տալ երկու ընկերությունների՝ «Սեմկա Սի Այ Էս» և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:

«Սեմկա Սի Այ Էս»-ը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն է ստացել էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում գործունեություն ծավալելու համար:

Ընկերությունը գործելու է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում: «Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ, որոնք հնարավոր չէ կեղծել։ Հնարավոր արտադրանքի տեսակներն են՝ թղթադրամը, անձնագրերը, տարատեսակ պետական նշանակության փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տեսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքնեըր, բանկային քարտերը և այլն»,- գրված է կառավարությանը ներկայացված որոշման նախագծի տեքստում։

Ծրագրի առաջին փուլում (2016թ. -2017թ.) նախատեսված է Աբու Դաբիից (ԱՄԷ) Հայաստան ներկրել շուրջ 10 տպող սարք, երկրորդ փուլում՝ (2017- 2021թթ․) նախատեսվում է տպող սարքերի բաղադրիչ մասերը ներկրելով Հայաստան՝ կազմակերպել դրանցից պատրաստի տպող սարքերի հավաքման աշխատանքները։

Արտահանման ուղղություններն են` հիմնականում ՌԴ, ԵԱՏՄ այլ երկրներ, ինչպես նաև ԵՄ։

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 2,5 մլն. ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 8 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 10 սարք՝ հետագայում ավելացնելով քանակը:

Նախագծի համաձայն՝ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն. ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի առնվազն 5 նոր աշխատատեղ` 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Հետագայում աշխատատեղերի թիվը կաճի՝ հասնելով 20-ի։

«Սեմկա Սի Այ Էս»-ը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում սկզբնական շրջանում ունենալու է 150քմ արտադրական տարածք, որը շահագործելու է 5 տարի ժամկետով:

Մյուս ընկերությունը՝ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ը, «Ալյանս» ազատ տնտեսական գոտու առաջին շահագործողներից է և թույլտվություն է ստացել 2013թ-ին՝ 3 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Ընկերությունը «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն է ստացել պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Որոշման համաձայն՝ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ը արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները։ Արտադրությունը սկսել է 2015 թվականի փետրվարին:

Կառավարությանը ներկայացված նախագծում գրված է, որ գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սարքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ-ի տարեվերջ այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը: Առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10000-15000 միավորի:

«Միավորի միջին գինը կազմելու է 200-300 ԱՄՆ դոլար (կախված մոդելից): Ունենալով ֆունկցիոնալ բոլոր անհրաժեշտ գործիքները և լինելով մատչելի՝ TSD ընկերության «armtab» և «armphone» սարքավորումները մեծ պահանջարկ են վայելելու կրթական, բիզնես, կառավարման և այլ ոլորտներում:

Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն:

2015թ.-ին ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 400 մլն. ՀՀ դրամ, որը համարժեք է 850 000 ԱՄՆ դոլարի:

Նախատեսվում է առաջիկա տարիներին պահպանել 2015թ. տեմպերն ու արտադրանքի տարեկան արտահանման ծավալները։

2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 861 224 000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 3 877 550 ԱՄՆ դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարիների ընթացքում ներդնել ևս 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ներկայումս ընկերությունն ունի 105 աշխատակից: Աշխատակիցների ընդհանուր քանակը 2014թ.-ին կազմել է 18 անձ, իսկ 2015թ.-ին հասել է 94-ի: Յոթ տարիների ընթացքում նախատեսված գործարար ծրագրերի իրականացման դրական զարգացումների արդյունքում նախատեսվում է ընկերության աշխատակիցների թիվը կրկնապատկել:

2014-2016թթ. ընկերության աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 220000-250000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 450-520 ԱՄՆ դոլարի»,- գրված է կառավարությանը ներկայացված նախագծի տեքստում:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործելու թույլտվություն է տրվել 7 տարի ժամկետով: Արտադրական տարածքը կզբաղեցնի 557 քմ:

Երկու ընկերություններն էլ ստացել են Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսին: Կառավարությունը վստահեցնում է, որ շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter