HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար գումար է հատկացվել

Հայաստանի կառավարությունը 20 մլն դրամ կփոխանցի սփյուռքի նախարարությանը՝ բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, և սփյուռքի նախարարությունը կփոխանցի այն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Կառավարության հաստատած որոշման նախագծում գրված է, որ 2012 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից: 2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26 մլն 160 հազ., 2015 թվականին՝ 24 մլն 656 հազ. դրամ:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400 ուսանող: Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 000 ԱՄՆ դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն դրամի չափով:

«Ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը»,- գրված է նախագծի տեքստում, որը կառավարությանն է ներկայացրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter