Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Քաղաքապետը քաղաքացիների գրավոր դիմումներին պատշաճ չի պատասխանում, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության համար էլ լրագրողից գրավոր դիմումներ է պահանջում



Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի 3/3 շենք 36 բնակարանի վարձակալ Աննա Ալեքսանյանը այս տարվա հունվարի 18-ին իր բնակարանի տանիքի վերանորոգման հարցով գրավոր դիմում է գրել քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին: Աննան առ այսօր քաղաքապետին 10 ամիս առաջ ուղղված դիմումի պատասխանը չի ստացել:

Աննա Ալեքսանյանը

Աննայի ամուսինը՝ Արարատ Մնացականյանը, 2-րդ խմբի հաշմանդամ է, 30 հազար դրամ թոշակ է ստանում: Որպես անկողնային հիվանդ ամուսնու խնամակալ` Աննան 11 հազար դրամ նպաստ է ստանում: «Ամուսնուս համար ամեն ամիս 48 հազար դրամի դեղ եմ առնում, այս դեպքում իմ ձեռքին գումար չի մնում մեր սննդի հարցը հոգալու, հարազատներս են օգնում: Որտեղ դիմում եմ աշխատանքի հարցով, ասում են՝ մեծ ես, չեն ընդունում»,- ասում է Աննան:

Ստեղծված վիճակում ամուսինները չեն կարողանում վերանորոգել իրենց` 5-րդ հարկում գտնվող բանակարանի տանիքը և տարիներ շարունակ  ապրում են առաստաղի կաթոցների տակ: Նրանք  կաթոցների պատճառով չեն օգտագործում բնակարանի  մեծ պատշգամբը և ճաշասենյակը:

««Անկյուն+3» հեռուստատեսությամբ լսեցի, որ բնության պատճառած արհավիրքի հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու համար պետության կողմից քաղաքապետարանին գումար է հատկացվել: Ես Կարեն Փարեմուզյանին հունվարի 18-ին դիմում գրեցի՝ ինձ էլ շիֆեր հատկացնելու մասին»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով` դիմումը հանձնելիս քաղաքապետը խոստացել է հանձնաժողով ուղարկել տան տանիքի վիճակը ուսումնասիրելու: Կ. Փարեմուզյանը խոստացած հանձնաժողովը չի ուղարկել, ավելին` չի պատասխանել նաև քաղաքացու դիմումին:

Քաղաքապետարանից հեռախոսով «Հետքին» պատասխանեցին, որ բնակիչ Ա. Ալեքսանյանի դիմումը հունվարի 18-ին քաղաքապետի կողմից մակագրվել է քաղաքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանին: Ըստ քաղաքապետարանի գործավարի` Զ. Շահմուրադյանը Աննա Ալեքսանյանի դիմումին պատասխանել է, թե իր բնակարանի տանիքը վերանորոգելու համար շիֆեր է հատկացվել Ս/Սարահարթ թաղամասի թիվ 2 ԲՇՏ-ին:

Թե որ ամսաթվով է Ա. Շահմուրադյանը պատասխանել Աննա  Ալեքսանյանի դիմումին, պարզվեց` քաղաքապետարանի դիմումների գրանցման գրքում գրանցված չէ: «Հետքի» հարցմանը թիվ 2 ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանը պատասխանեց, որ տեղյակ է Աննա Ալեքսանյանի տանիքի խնդրին. «Անձամբ բարձրացել եմ նրա տան տանիքը: Ես չեմ կարող օգնել ոչ մի բանով, ոչ շիֆեր ունեմ, ոչ մեխ: Իմ ձեռքից ինչ է գալիս, թող շիֆերով օգնեն, ես էլ ամրացնեմ: Ես մենակ կոյուղի եմ մաքրում: Հիվանդ էլ ամուսին ունի, ես ի՞նչ կարամ անեմ: Ցուցակը Զավեն Շահմուրադյանի ձեռքին է»,- պարզաբանեց ԲՇՏ-ի պետը: 

Զավեն Շահմուրադյանն էլ մեզ բացատրեց, որ Աննա Ալեքսանյանի դիմումին գրավոր պատասխանել է կառավարության կողմից հատկացված շիֆերը բաշխելուց հետո: Թե երբ է պատասխանել դիմումին՝ Զ. Շահմուրադյանը չհիշեց: Աննայի ասելով` մայիս ամսին իրենց շենքի մոտ հանդիպել է Կ. Փարեմուզյանին և հիշեցրել իր տան տանիքի մասին. «Ասացի` հունվարին դիմում եմ գրել, ի՞նչ եղավ իմ տանիքի հետ կապված խնդիրը»: «Բյուջե չունենք: Բյուջեով ինչքան հնարավոր է, այդքան տանիք վերանորոգել ենք»,- պատասխանել է Կարեն Փարեմուզյանը: Ասել է նաև, թե սպասում են տանիքների հաջորդ ֆինանսավորմանը: Հոկտեմբերի 25-ին Աննան կրկին տանիքի հարցով դիմել է քաղաքապետ Փարեմուզյանին. «Ինձ պատասխանեց՝ գնա, որտեղ ուզում ես բողոքի, ես ոչինչ չեմ կարող անել»:

«Առաստաղի կաթալու պատճառով ամբողջ բնակարանս քանդվել է: Էս ամառ բերեցին 35 հատ շիֆեր միանգամից տվեցին մեր շենքի վերջին շքամուտքի 5-րդ հարկի բնակիչ Ամալյա Ղարդյանին, ես մտածեցի այդ շիֆերից ինձ էլ կտան, ինձ ասեցին՝ ոչ, Ձեզ շիֆեր չենք տալու»,- պատմեց Աննան: «Մենք Ամալյա Ղարդյանին ամռանը հատկացրել ենք ընդամենը 15 շիֆեր, մնացած 20 շիֆերը իրենք են գնել»,- բացատրեց Զավեն Շահմուրադյանը:

Շողիկ Վարդանյանը

Շողիկ Վարդանյանը 5 անձից կազմված ընտանիքով  արդեն 12 տարի ապրում է  Ս.Սարահարթի 3/3 շենքի 35 բնակարանում: Տան սեփականատերը Շողիկի ամուսինն է՝ Խաչատուր Հախինյանը: «Ես իմ տանիքի վիճակի մասին միշտ բողոքել եմ, ուղղակի տեղ չի հասել: Ինչ տեղափոխվել ենք այս բնակարան  տանիքը անընդհատ կաթացել է: Ու անընդհատ  մենք մեր ուժերով վերանորոգել ենք՝ որքան հնարավոր է եղել: Մենք վերանորոգում ենք, մի փոքր ժամանակ չի կաթում, նորից սկսում է կաթալ: Ես տնային կառավարչությանը շատ եմ դիմել։ Տնային կառավարիչ Ֆրունզիկ Ռամազյանն ասաց՝ մի բան կանենք, ու էդպես էլ ոչինչ չարեցին»,-հայտնեց Շողիկը:

Խաչատուր Հախինյանի բնակարանի տանիքը կաթում է նաև  բնակարանին հարող, մինչև շենքի տանիք հասնող  հսկա բարդիների պատճառով. «Բնակարանիս  ճաշասենյակի առաստաղը, որ կաթում է, այդ ծառերի հետևանքն է, քամիներից ծառերը թեքվում, խփում են տանիքի շիֆերներին և ջարդում այն»:

Քամիների ժամանակ ճոճվող բարդիները հարվածում են նաև Շողիկի տան պատուհաններին և ջարդում ապակիները: «Այդ ծառերի վտանգների մասին ես դեռ 2008թ.-ին գրավոր հայտնել եմ Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Երեք բարդիներից մեկը քամիներից կոտրվել և ընկել է շենքին գազ մատակարարող խողովակի վրա և կոտրել այն»:

Շողիկը պահում է 8 տարի առաջ ամուսնու դիմումին Ա. Նալբանդյանի տված գրավոր պատասխանը. Քաղաքապետարանը թույլատրում է շենքի բնակիչների ուժերով կատարել ծառերի էտում: Վերջինս միաժամանակ բնակիչներին հանձնարարել է բակը կտրված ճյուղերից մաքրել և ծառերի փայտը հատկացնել շենքի անապահով ընտանիքներին՝ որպես վառելափայտ: Նախկին քաղաքապետի հանձնարարությունն էլ չի կատարվել, քանի որ 3/3 շենքի բնակիչներից մեկը չի թույլատրել կտրել ծառերը. «Ասաց՝ ծառը կտրեք, փայտն ինձ տվեք: Ծառը իմ ամուսինն է գցել: Ծառ կտրողն էլ փայտի համար այդ կնոջից պահանջել է 15 հազար դրամ: Կողմերը համաձայնության չեն եկել: Իսկ մինչ այդ Շողիկի պատշգամբին հարող երկու հսկա բարդիները քամիներից շարունակում են հարվածել նրա տան տանիքի շիֆերներին ու ապակիներին և ջարդում դրանք:

Ալավերդի համայնքի ավագանին այս տարվա հունիսի 16-ի N 32-Ա որոշմամբ հաստատել է համայնքի 2017թ.-ին պետբյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով հայտավորվող ծախսային ծրագրեր՝ 332 մլն 412 հազար դրամ գումարով: Քաղաքապետարանը այդ ծրագրերից մեկով կառավարությանը հայտ է ներկայացրել քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար: Ծրագրով նախատեսվում է քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվեկշռում հաշվառված 183 բազմաբնակարան շենքերից նորոգել 23-ին տանիքները: Ծրագրի իրականացման համար քաղաքապետարանը կառավարությունից 2017թ.-ին ակնկալում է 239 մլն. 522 հազար դրամ: Եթե կառավարությունը գթասիրտ լինի և 2017թ.-ին քաղաքապետարանին  հատկացնի պահանջված սուբվենցիան, ապա կվերանորոգվեն Ալավերդու Դեբեդ փողոցի 6,10, Էնգելսի 18, Զորավար Անդրանիկի 36, Խուդյակով 8, Սայաթ-Նովա 5,7, Ջրավազանի 2,60,69, Սանահին կայարանային թաղամասի 17, Մարտի 8-ի 1, Ս./Սարահարթի 1/6, 1/7, 1/17, 1/18, 2/10, 2/14, 3/3, 3/4, 3/5, 3/8, 3,10 շենքերի թեք տանիքները: 

Մեզ չհաջողվեց քաղաքապետարանից պարզել, թե վերջին տարիներին Ալավերդու բնակֆոնդում հաշվառված 183 բնակելի շենքերից քանիսի տանիքն է վերանորոգվել: «Քաղաքապետը արգելեց, ասաց, որ միայն Ձեր գրավոր դիմումից հետո կարող ենք հայտնել Ձեր պահանջած տեղեկատվությունը»,- հայտնեց քաղաքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանը:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը դեռև տեղյակ չէ, որ պարտավոր է ապահովել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9 կետով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը: Եւ պահանջվող տեղեկատվությունը քաղաքապետարանը վաղուց պետք է հրապարակեր, որպեսզի յուրաքանչյուր ալավերդցի կարողանար տեսնել, թե ինչպես են ծախսվել համայնքի գումարները։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի կայքից ամիսներ առաջ հանվել են նաև համայնքի ավագանու որոշումները: Դրանք ստանալու համար քաղաքապետը  նույնպես գրավոր դիմում է պահանջում լրագրողից:

Գլխավոր լուսանկարում` Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Արմենակ Եղիայեան21:22 - 27 հոկտեմբերի, 2016
Նման անհոգ, անխիղճ ու վարնոց պետական պաշտօնեաներով ինչպէ՞ս կարելի է հայրենիք կերտել ու պահպանել: Հայն ու Հայաստանը բնաւ օտար թշնամիի պէտք չունին. իրենց ներքին թշնամիները լայնօրէն բաւարար են կործանելու համար մեր երկիրը:
2. Լաուրա21:33 - 27 հոկտեմբերի, 2016
Ախր որ իմանա ինչ եք ուզում ասի `կասի,բայց որ չգիտի` ինչ ասի:
3. Վազգեն21:46 - 27 հոկտեմբերի, 2016
Քանի որ ինքը նշանակովի քաղաքապետա,քաղաքացիների առաջ պարտավորություններ չունի ու քաղաքացիներն ու լրագրողները դեռ շատ երկար են սպասելու դիմումների պատասղաններին:
4. Ռուբեն18:54 - 28 հոկտեմբերի, 2016
Իսկ ձեզ չի՛թվում,որ մենք ավելի շուտ անտառապետ ենք ընտրել,քան՝քաղաքապետ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ