HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Սարգսյանը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին, մտքեր փոխանակելու նաև Հայաստանում հաստատված և ներգաղթող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի վերաբերյալ:

«Ցավոք, արդեն տևական ժամանակ է, որ Սիրիան և, հատկապես, Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը:

Միանշանակ կարող եմ ասել, որ մեր մոտեցումը եղել է և այսօր էլ մնում է հետևյալը՝ յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու, ավելին, եթե նա այնուամենայնիվ լքում է Սիրիան, ցանկալի է, որ գա Հայաստան: Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը և արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները »,- ասել է Սարգսյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և հանդիպման մյուս մասնակիցները Սերժ Սարգսյանի հետ կիսվել են Սիրիայում շարունակվող պատերազմական իրադարձությունների պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով, սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատար կանգնելու առաջարկություններով և շնորհակալություն հայտնել՝  Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայկական կառույցների կողմից մեր հայրենակիցներին բոլոր հնարավոր միջոցներով տարիներ շարունակ հետևողականորեն ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի և աջակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter