HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանները պահանջում են հրաժարվել Ամուլսարի հանքը շահագործելուց

Հրանտ Գալստյան

Բնապահպանները պահանջում են հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրից, որը, ըստ նրանց, անդառնալի վնասներ կհասցնի Հայաստանի բնությանը և սոցիալական կյանքին: Առավոտյան կազմակերպված իրազեկման ակցիային նրանք կրկին ներկայացրին հանքի շահագործման դեպքում առաջ եկող ռիսկերը:

Ամուլսարը Ջերմուկ առողջարանային քաղաքից հեռու է 10 կմ: Բնապահպան Ապրես Զոհրաբյանն ասում է, որ նախորդող տասնամյակներին, շրջակա միջավայրի վրա չազդելու համար, Ջերմուկում նույնիսկ փոքր գործարաններ չէին կառուցում: Հանքի շահագործումով, բնապահպանների համոզմամբ, Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք` վերածվելով «հանքափորներին սպասարկող քաղաքի»:

Ապրես Զոհրաբյանը (աջ կողմում)

Բացի այն, որ ցիանիդով ոսկու կորզման պարագայում վտանգվելու են քաղցրահամ ջրի պաշարները, բնապահպանները կանխատեսում են նաև զբոսաշրջության տեմպերի անկում: Նրանք հիշատակում են Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին որոշումը, որը կառավարությունն ընդունել էր 2008թ-ին, և մեջբերում են «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության` հանքի շահագործման ծրագրի կանխատեսումները, համաձայն որոնց` աշխատողների մի մասը Հայաստան կգան առանց ընտանիքների` այդպիսով մեծացնելով սեռական ինդուստրիայի տարածման ռիսկը: 

«Դե պատկերացրեք` ո՞ր մի բանական մարդը կուզենա գնա հանգստանա էն քաղաքում, որտեղ միջավայրը առողջարանային չի… Ջերմուկի էդ ամբողջ պատկերը, որը տասնամյակներ շարունակ ստեղծվել է, խաթարվում է: Իսկ մենք երկրորդ էդպիսի առողջարանային քաղաք չունենք Հայաստանում»,- ասում է Ապրես Զոհրաբյանը:

Կառավարությունը և հանքարդյունահանող ընկերությունը Ջերմուկի շրջանում աշխատատեղերի ստեղծումը ներկայացնում են որպես ծրագրի առավելություն: «Բայց հարց է առաջանում` 10 տարի հետո, երբ որ էդ օֆշորային ընկերությունը հեռանա, ի՞նչ ա լինելու Ջերմուկի և հարակից բոլոր տարածքների հետ, որովհետև էդ բնակչությունը էլ չի կարողանալու զբաղվել էն գործունեությամբ, որով ինքը զբաղվում էր 50 կամ 100 տարի: Բնականաբար էդ մարդիկ ստիպված են լինելու ավելի մեծ տեմպերով արտագաղթել էդ տարածքներից»,- կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

Լևոն Գալստյանը

Բնապահպանը ներկայացնում է ջրի այն պաշարները, որոնք անմիջական ազդեցության են ենթարկվելու հանքի շահագործման պարագայում` Որոտան և Արփա գետերի ավազանը, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով` նաև Սևան լիճը: Կառավարությունը, նրա խոսքով, այդ ազդեցության գնահատում չի իրականացրել` «փակ աչքերով հավատալով» ընկերության ծրագրում գրված ամեն ինչին:

Կառավարությունը տեղական և արտասահմանյան երկու տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից նախաձեռնած ստորագրահավաքի հասցեատերերից մեկն է: Ստորագրահավաքով նրանք Հայաստանի իշխանություններին և ծրագիրը ֆինանսավորող կորպորացիաներին են ներկայացրել իրենց մտահոգությունները: Հոդվածի հրապարակման պահին առցանց ստորագրահավաքին միացել են 2800-ից ավելի մարդիկ:

Բնապահպանների առաջնային նպատակը տեղի և միջազգային հանրությանը ծրագրի հետևանքների մասին իրազեկելն է: Նրանք նշում են, որ ջրային պաշարների աղտոտումը պետական սահմաններով չսահմանափակվող ռիսկ է: Իսկ ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպել են օրեր առաջ: Բնապահպան Անի Խաչատրյանը, ով զրուցել է Ջերմուկի ու հարակից շրջանների բնակիչների հետ, պատմում է, որ վերջիններս հիմնականում դեմ են հանքի շահագործմանը, թեև աշխատանքի հնարավորությունից և սոցիալական ծրագրերից օգտվելու, ինչպես նաև փոփոխությունների հասնելու հավատի բացակայության պատճառներով ոմանք նաև կողմ են արտահայտվել ծրագրին: 

Անի Խաչատրյանը (աջ կողմում)

«Հույս ունենք, որ մարդը կհասկանա, որ էդ նյութական արժեքները վերանում են, ու ավելի կարևոր ա պահել էն, ինչը անընդհատ ա քեզ բարիք տալու: Այսինքն էդ հանքը վերջանալու ա 10 տարուց, եթե էդքան շահագործեն, բայց 10 տարուց հետո Ջերմուկը էլ առողջարան չի լինի արդեն, մի տարուց հետո էլ չի լինի»,- ասում է Անին:

Ամուլսարի ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Հետք»-ի և ՀԲՃ-ի հոդվածաշարերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter