HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչո՞ւ է Ծառուկյանի վերադարձի պահանջարկ ձևավորվում

Ամեն ինչ փոփոխվում է

Վերջին շրջանում տեղի է ունենում ԲՀԿ նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջարկի ձևավորման անթաքույց գործընթաց: Օրեր առաջ մի խումբ ԲՀԿ-ականներ հավաքվել էին Ծառուկյանի առանձնատան առջև՝ «պահանջելով» նրա վերադարձը քաղաքական դաշտ: Այս ակցիան պատճառ հանդիսացավ, որ դրանից բառացիորեն երկու օր անց Ծառուկյանն ինքը հանդես գա իր վերադառնալու հնարավորության մասին մեկնաբանություններով: Լրագրողներին տված ճեպազրույցում Ծառուկյանը հայտարարեց, որ եթե զգա անհրաժեշտություն, իր  քաղաքական գործունեության «փակված էջը» նորից կարող է բացվել, այսինքն ինքը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Փաստացի Ծառուկյանը մի կողմից մեծացրեց ինտրիգը, մյուս կողմից «յուղ լցրեց» իր վերադարձի հանրային պահանջարկի ստեղծման գործընթացի վրա:

Սակայն առավել խոսունը ոչ այնքան ԲՀԿ-ական շարքերի կողմից գրեթե ծնկաչոք Ծառուկյանին վերադառնալու աղաչանքի պատրանք ստեղծելն էր, կամ էլ ինքնին Ծառուկյանի կողմից անորոշ հայտարարությունների հնչեցումը, այլ դրանց իշխանության և մասնավորապես ՀՀԿ-ի սպասվածից ավելի լոյալ արձագանքը:

Հիշեցնենք՝ 2015թ. փետրվարին 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով Ծառուկյանի խիստ ընդդիմադիր քաղաքական գործունեությանը՝ Հանրապետության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «մենք կրկեսի վերածելու երկիր չունենք», խոսել  քաղաքականությունը «տգիտությունից մաքրելու», գործընթացները «մտավոր դաշտ վերադարձնելու» մասին, Ծառուկյանին անուղղակիորեն որակել «քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ» և «ամբարտավան»: Ապա նա հանձնարարել էր Ծառուկյանի նկատմամբ սկսել քրեական, և իրավական հետապնդման գործընթաց՝ մի կողմից հարկերից խուսափելու և քրեական  հանցագործություններ պարտակելու ինչ-որ մեխանիզմներ ստեղծելու, մյուս կողմից ԱԺ նիստերից բացակայելու հիմքով մանդատից զրկելու համար: Դրանից հետո ՀՀԿ-ականներն իրար հերթ չտալով սկսեցին Ծառուկյանի անձը վիրավորելու մի աննախադեպ արշավ, ինչից երկու օր անց կայացած փակ բանակցություններից հետո, որպես կոմպրոմիսային տարբերակ, Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու և ԲՀԿ նախագահի իր լիազորությունները վայր դնելու մասին:

Եվ ահա չնայած այս ամենին՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ծառուկյանի հնարավոր նոր վերադարձին, բազմանշանակ ասաց, թե «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է», ապա նշելով, թե իրենք ոչ թե անձին են քննադատել, այլ երևույթները, ավելացրեց. «Անցյալում են նենգության ու չարության սահմանները, հույսով եմ, որ ապագան կլինի սիրո և ներողամտության»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով Ծառուկյանի հայտարարությունը, news.am-ի հետ զրույցում ավելացրեց. «Նա բավականին լուրջ ներդրում ունի սպորտի, բարեգործության, տնտեսության բնագավառներում: Սա ինքնստինքյան խոսում է այն մասին, որ յուրաքանչյուն իր ձևով, իր տեղում կարող է իր դերակատարությունն ունենալ»:

Այսինքն ակնհայտ է, որ Ծառուկյանի ակտիվացումը, նրան քաղաքականություն բերելու գործողությունները տեղի են ունենում եթե ոչ ՀՀԿ-ի բացահայտ հրահանգավորմամբ, ապա գոնե համաձայնությամբ: Այնպիսի տպավորություն է, որ երկու կողմերն էլ ձգտում են ձերբազատվել իրենց հարաբերություններում հաստատված գրեթե երկամյա բարոյական-քաղաքական կաշկանդումներից և խորհրդարանական ընտրություններից 4-5 ամիս առաջ նոր մեկնարկի նախադրյալներ ստեղծել: Հարցն այն է, թե իշխանությանը և ՀՀԿ-ի (հասկանալ նախագահ Սերժ Սարգսյանին) ինչի՞ն է պետք կրկին վերակենդանացնել Ծառուկյան-քաղաքական գործչի «մումիան», որի էջը, գոնե արտաքուստ, համարվում էր փակված:

Նախ պետք է հեռացած լինել՝ վերադառնալու համար

Նախ՝ թերևս հարկ է կատարել մի կարևոր ուղղում: Նախորդ տարի փետրվարին Ծառուկյանին բարոյապես և քաղաքականպես ոչնչացնելով հանդերձ՝ նրան իրականում հնարավորություն չտրվեց ամբողջությամբ դուրս գալ քաղաքականությունից, որքան էլ այդպես էր ցանկանում ներկայացնել ԲՀԿ նախկին առաջնորդն ինքը: Չնայած ԲՀԿ-ի նախագահի պաշտոնը թողնելուն՝ Ծառուկյանը կուսակցությունից այդպես էլ դուրս չեկավ: Ավելին, նա վայր չդրեց պատգամավորական մանդատը՝ մնալով ԲՀԿ խմբակցությունում: Որևէ կասկած չկար, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար վերջնականապես քաղաքականությունից «մաքրել» Ծառուկյանին, ապա դա տեղի կունենար նույնպիսի հեշտությամբ, ինչպես կոնսոլիդացվող ընդդիմության լիդերի և ԲՀԿ նախագահի կարգավիճակից Ծառուկյանի հրաժարումը եղավ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Իրականում Ծառուկյանը ոչ թե հեռացվեց քաղաքականությունից, այլ «կոնսերվացվեց», պահեստավորվեց՝ ըստ անհրաժեշտության կրկին ասպարեզ բերվելու նպատակով: Տվյալ պահին նրա մեկուսացումն անհրաժեշտ էր՝ առաջին հերթին սահմանադրական փոփոխությունները և դրանով խորհրդարանական կառավարման անցնելու գործընթացը չխափանելու համար: Եվ որքան մոտենում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները, այնքան ՀՀԿ-ն զգում է Ծառուկյանին վերադարձնելու կարիքը, ինչը միանգամայն տրամաբանական և սպասելի զարգացում է: Եվ բացարձակապես պատահական չէ, որ այդ զարգացումը ՀՀԿ-ն դանդաղորեն սկսեց գրեթե սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկսզբին կայացած ՏԻՄ ու հատկապես Գյումու և Վանաձորի ավագանինների ընտրություններից հետո, փաստացի հենց դրանց արդյունքներից ելնելով:

ՀՀԿ-ի վախերը

Խնդիրն այն է, որ Գյումրու և Վանաձորի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները 2017թ. խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին, որոնք պետք է իշխանությանը հուշեին, թե ընտրական նոր համակարգի և նոր օրենսգրքի միջոցով որքանով է հնարավոր անցնցում և հնարավորինս քիչ ընտրակեղծարարությամբ իրագործել իշխանության վերարտադրության գործընթացը: Այդ ընտրությունները ՀՀԿ-ի համար բացահայտեցին երկու իրողություն:

Առաջին՝ ՀՀԿ-ն չի կարող քիչ թե շատ նորմալ անցկացվող ընտրությունների միջոցով հավակնել ոչ թե նույնիսկ բացարձակ մեծամասնության, այլև անգամ 40 տոկոս ընտրազանգվածի ձայներին, ինչը նրան հնարավորություն կտար կազմել հարաբերական մեծամասնություն և, օգտվելով ընտրական օրենսգրքով նախատեսված տոկոսային բոնուս ստանալու հնարավորությունից, իշխանություն ձևավորելու մանդատ ստանալ: Վարչական, կիսաքրեական ռեսուրսների ամբողջ արսենալի օգտագործմամբ հանդերձ՝ ՀՀԿ-ն առավելագույնը կարող է հայտնվել այսպես կոչված սահմանային վիճակում, որտեղ որքան հավանական է իշխանություն ձևավորելու առաջնային մանդատ ստանալու, նույնքան էլ տապալվելու և փոքրամասության վերածվելու հեռանկարը: Սա առավել ակնառու կերպով արտահայտվեց Վանաձորի ավագանու ընտրություններում:

Երկրորդ՝ ՏԻՄ ընտրություններով բացահայտված ՀՀԿ-ի երերուն վիճակը միանգամայն իրատեսական է դարձնում ոչ իշխանական հատվածում քաղաքական ուժերի կոնսոլիդացման, քաղաքական նոր բևեռ ձևավորելու հեռանկարը, որի կորիզի դերում կարող են հանդես գալ նոր ստեղծված և իշխանության համար ավելի քիչ վերահսկելի քաղաքական ուժերը: Իսկ որքան այդ բևեռը դուրս է իշխանության վերահսկողությունից և ազդեցության գոտուց, այնքան մեծանում է պրոցեսների անկանխատեսելիության, հետևաբար նաև ՀՀԿ-ի մտավախությունների աստիճանը:

«Ջոկեր»-ի խաղարկման ժամանակը

Եվ ահա իշխանության համար գերխնդիր է դառնում անկանխատսելեիության գործոնը հասցնել նվազագույնի: Բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ իշխանությունը դա չի կարող անել նախկին զոռբայությամբ: Մի կողմից այն գտնվում է արտաքին աննախադեպ մեծ ուշադրության և ճնշման ներքո, որից կախված է ապագա իշխանության լեգիտիմությունը: Իսկ մյուս կողմից մեծ է նախկին մեթոդների կիրառմամբ իշխանության բռնազավթման դեպքում ներհասարակական ապակայունության, ընդհուպ զինված ապստամբության հեռանկարը: Դրա իրատեսականությանը իշխանությունն առարկայորեն բախվեց հուլիսի վերջին Էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» խմբավորման ձեռնարկած հարձակման և դրան հանրության կողմից լայն աջակցության ցուցաբերման տեսքով: Ահա այս պատճառով իշխանությունն իրավիճակը փրկելու և ընտրություններին ցանկալի արդյունք ապահովելու համար ընդամենը երկու ճանապարհ ունի:

Ա. Որքան հնարավոր է լղոզել ընդիմադիր դաշտը, վերջինիս նկատմամբ ոչ միայն հանրության, այլ նաև հենց այդ դաշտում խաղացող կամ խաղալու հավակնություն ունեցող ուժերի փոխադարձ անվստահությունը և ապատիան խորացնելու միջոցով: Իսկ «բաժանիր, որ տիրես» մեթոդի կիրառման հարցում իշխանությունը վիրտուոզ է, ինչի վկայությունն էր Վանաձորի քաղաքապետի  ընտրության ժամանակ արձանագրված ընդդիմադիրների խայտառակ «դավադրությունը», երբ քաղաքապետի այլընտրանքային թեկնածուին պաշտպանելու շուրջ կոալիցիոն հուշագիր ստորագրելուց հետո փակ գաղտնի քվեարկության ժամանակ ավագանու՝ այդ ուժերը ներկայացնող անդամներից մի քանիսի օգնությամբ փոքրամասնություն ունեցող ՀՀԿ-ական թեկնածուն ընտրվեց քաղաքապետ: Ուշագրավն այն է, որ «դավադրությունը» տեղի ունեցավ ոչ թե ոչ իշխանական թեկնածուի կոալիցիոն թիմի «դավադիր» անդամների կողմից քվեաթերթիկներն անվավեր դարձնելու, այլ իշխանության թեկնածուի օգտին քվեարկելու միջոցով: Դրանով իշխանությունը ցանկանում էր ցույց տալ, որ «տրոյան ձիեր» ունի ընդդիմադիր բոլոր ուժերում, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայում ու ծառայելու են իրեն: Դրանից հետո մնում էր ընդամենը կողքից հետևել, թե անվստահության որդն ինչպես է ներսից քայքայում ու թունավորում այդ դեռ չստեղծված կոալիցիան: Սա ուղերձ էր, որ «տրոյան ձիեր»-ի մեթոդաբանությունը գործելու է նաև խորհրդարանական ընտրություններում:

Բ. Խաղի մեջ մտցնել նոր «ջոկեր», որը ի զորու է խառնել բոլոր խաղաքարտերը և հնարավորության դեպքում կլանել ընդդիմադիր տրամադրված ընտրաձայների զգալի մասը, որպեսզի եթե անգամ ձևավորվեն այլընտրանքային նոր բևեռներ, ապա միայն «ջոկեր»-ի շուրջ: Սա անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը չկրկնի նախագահական նախորդ՝ 2013թ. ընտրությունների ժամանակ թույլ տված սխալը, երբ քվեարկությունից հետո պարզվեց, որ միայն իշխանությանը չընտրելու համար ընդդիմադիր ընտրազանգվածը ակամա ձայնը տվել է «Ժառանգություն» կուսակցության լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանին ով նույքան ակամա, դրան պատրաստ չլինելով, դարձավ միացյալ ընդդիմության առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը, կարելի է ասել՝ պահեստային տարբերակ է՝ հենց այս պսևդոընդդիմադիրի կարգավիճակը նվաճելու և իրական կոնսոլիադրոն գործըթնացները կամ ձախողելու, կամ իր շուրջը կառուցելու նպատակով խաղի մեջ ներգրավվելու համար:

Այս փուլում իշխանությունն ընդամենը հասարակությանը նախապատրաստում է Ծառուկյանի քաղաքական «ռեինկառնացիային»՝ նախ փորձելով շոշափել հանրային տրամադրությունները, թե որքանով դա բնական կընկալվի: Իսկ առայժմ լայն թափով գործողության մեջ է դրվել իշխանության և ՀՀԿ-ի իմիջի փոփոխման գործընթացը: «Իմիջմեյքերի» գործառույթները նախագահ Սերժ Սարգսյանը վերապահել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա «կառավարիչների» թիմին: Իշխանության նոր դիմագիծ կերտելու և ոչնչացված ու բզկտված ընդդիմության ֆոնին դրանով ՀՀԿ-ի՝ որպես իրավիճակ փոխելու ունակ միակ ուժը հանդես գալու համոզմունք ձևավորելու համար Կարապետյանը շատ քիչ ժամանակ ունի: Եթե առաջիկա 4-5 ամիսներին, այսնինքն նախընտրական շրջանում ոչ պոպուլյար քայլերով ու որոշումներով նա չկարողանա բեկում մտցնել հասարակական տրամադրություններում և համակրանքի կշեռքի նժարները թեքել դեպի գործող, դիմափոխված իշխանությունը, Ծառուկյան-ջոկերն անկասկած կներդրվի խաղի մեջ: Եվ նա ընտրություններում կկատարի նույն դերակատարությունը, ինչ իր ստեղծման պահից ի վեր կատարել է ԲՀԿ-ն, այսինքն՝ իշխանական ներկայիս կոնյուկտուրայի (տվյալ դեպքում կոնկրետ քաղաքական ուժը նշանակություն չունի) սահուն վերարտադրության և լեգիտիմացման ապահովումը:

լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ տեսանյութից

Մեկնաբանություններ (4)

Ռուբեն
Պարոն Ծառուկյան Գագիկ ջան,շարունակիր անել այն,ինչ հիմա անում ես; Մանթաշովի նման կմնաս հայ ժողովրդի հիշողության մեջ;Քաղաքականությունը քեզ պե՜տք,ախպեր...
Արամ
Հարգարժան Արմեն Ծաառուկյանի վերադարձի ոչ մի պահանջարկ չի կարող լինել։ Դա նրա մի քանի լաքեյների ցանկությունն է, որպեսզի ԱԺ հաջորդ ընտրություններից հետո որոշ քանակի տեղեր ստանան կերակրատաշտի մոտ։ Նրա վերադարձը կարող է պահանջված լինել նաև իշխանության կողմից՝ ԱԺ մեծամասնություն ապահովելու համար, այլապես նրան վաղուց կուղարկեին իրեն արժանի տեղը։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մոլախոտերով լիքը դաշտում ինչքան էլ պամիդորի սերմ ցանես,միևնույնն է՝ պամիդոր չես ունենալու: Նախ մոլախոտե՛րը արմատախիլ պիտի անես: Նույն կերպ՝ Գազպրոմից գործուղված Կարեն Կարապետյանը ինչքան էլ «բարեփոխումներ» «ցանի», միևնույնն է՝ մրցունակ ու արդար տնտեսական համակարգ չի լինելու, քանի դեռ մոլախոտերին (տնտեսական մենաշնորհներն ու օլիգարխներին) արմատախիլ չեն արել: Իշխանությունները մինչև մյուս տարվա ընտրություններ «բարեփոխումներ» են խաղում՝ իրե՛նց համար ապահով ռուսական «կրիշի» տակ,որպեսզի նոր «սասնա ծռեր» չառաջանան: Բայց անգրագե՛տ ու սովետահոտ իշխանությունները կրկին սխալվում են՝ թե՛ արտաքին,թե՛ ներքին առումով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընտրություններից առաջ «քաջ» ու «լավ» օլիգարխին կրկին թատրոն են մտցնում, որ «ընդդիմություն» խաղա: Մոսկվային նայող ո՛չ մի ուժ այսօր Հայաստանում ընդդիմադիր չի՛ կարող լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter