HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացվել է դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին

Երեկ երեկոյան կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին տեղեկացվել է Վճռաբեկ դատարանի նախագահը, սակայն ձերբակալման մասին որոշում դեռ չեն ստացել:

Ըստ մեր աղբյուրների՝ Իշխան Բարսեղյանը նյութական ծանր վիճակում է եղել, ունի ֆինանսական պարտավորություններ:

«Հետքն» անդրադարձել էր Իշխան Բարսեղյանի մի քանի չկատարած պարտավորություններին, որոնց վերաբերյալ դատական քննություն էր սկսվել:

Բայց Ի. Բարսեղյանի դեմ նոր դատական գործ է սկսվել: Այս տարվա հուլիսի 22-ին քաղաքացի Ռաֆիկ Հովհաննիսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել դատավոր Բարսեղյանին վճարել 1 միլիոն 220 հազար դրամ: Այս գործով դատաքննությունը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ –ն դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայտնել էր, որ ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղի և Իշխան Բարսեղյանի միջև 26.02.2013թ. կնքվել է քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագիր, համաձայն որի՝ վարկառուին տրամադրվել է 1 մլն դրամ վարկ, տարեկան 22% տոկոսադրույքով:

Իշխան Բարսեղյանը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ սահմանված ժամկետում չի վերադարձրել վարկի գումարը և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ինչի հետևանքով ձևավորվել են ժամկետանց պարտավորություններ՝ 1.177.791 դրամի չափով։

2014թ. նոյեմբերի 14-ին դատարանը բավարարել է բանկի հայցը: Վերաքննիչ դատարանը գործը բեկանել ուղարկել էր նոր քննության, սակայն այդ ընթացքում Իշխան Բարսեղյանը կատարել է իր պարտավորությունը և գործը կարճվել է:

Մեկ այլ դեպքում քաղաքացի Էդգար Մնացականյանն ընդդեմ Իշխան Բարսեղյանի 2014թ. հուլիսի 4-ին հայցադիմում  էր  ներկայացրել նույն դատարան՝  խնդրելով պարտավորեցնել դատավորին վերադարձնել իր գումարները:

Էդգար Մնացականյանը հայտնել էր, որ իր և Իշխան Բարսեղյանի միջև 22.01.2014 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի՝ վերջինս իրենից ստացել է 35.000 դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչ 22.06.2014 թվականը: Պարտավորության ժամկետը լրացել է, բայց պատասխանողը հրաժարվել է այն կատարելուց: Է. Մնացականյանը դատարանին խնդրել է Իշխան Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 35.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները` սկսած 23.06.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:

Ինչ-ինչ պատճառներով Էդգար Մնացականյանը 14.08.2014 թվականին հայցադիմումը հետ է վերցրել, և դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի) սեպտեմբերի 2-ին գործի վարույթը կարճել է:

Նշենք, որ օրենքով դատավորն անձեռնմխելի է: Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության նախագահը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և Վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Բացի այդ՝ դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության նախագահի տված համաձայնության: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter